Այս տարի Արցախում մեղրի շուկայական գինը մեկ կգ-ի համար գնահատվում է 5000-6000 դրամ, այն դեպքում, երբ անցյալ և նախանցյալ տարիներին 1 կգ մեղրը միջինում արժեր 3500-4000 դրամ։ Ինչու՞ է թանկացել մեղրը: Արցախում մեղրի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության, «Հաթերք-ֆուդ» ապրանքանիշի հիմնադիր Սամվել Միրզախանյանը նշում է՝ ընդհանուր գնաճն ազդում է նաև մեղրի գնի վրա:
«Ապրանքների գինը շուկայում որոշում են պահանջարկ-առաջարկ հարաբերակցությամբ։ Սպասելի էր, որ մեղրի գինը կբարձրանա։Դրա վրա 2 գործոն է ազդում, առաջինը համընդհանուր թանկացումն է, երկրորդը՝ մեղրի արտադրության մեջ օգտագործվող հումքի թանկացումն է։ Մանավանդ մեղվափեթակների գներն են բարձրացել։ Այն, որ մեղվաընտանիքների թվաքանակը կրճատվել է, ևս ազդել է մեղրի գնի վրա»։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը ևս մեղրի թանկացումը կապում է առաջին հերթին շուկայում ապրանքների թանկացման հետ․ նա կատարված հետազոտության արդյունքներն է ներկայացնում։
«Թանկացումը կպում ենք ոչ թե մեղվաընտանիքների կրճատման, այլ շուկայում արձանագրված գլոբալ թանկացումների հետ, մեղվաբուծության մեջ օգտագործվող նյութերի թանկացման հետ։ Սկսած 2018 թվականից մեղրը ամեն տարի շուրջ 20 տոկոսով թանկանում է»։
Այսինքն, Տիգրան Առստամյանը մեղրի թանկացումը չի պայմանավորում մեղուների անկման գործոնով, չնայած որ այդ տեսակետը ևս շրջանառվում է։ «Մեղրի՝ տարեկան մինչև 20 տոկոս թանկացում արդեն կար 2018 թվականից սկսած»,-ասում է։ Ճիշտ է, 44-օրյա պատերազմը ունեցել է իր բացասական ազդեցությունը ինչպես տնտեսության մյուս ճյուղերի, այնպես էլ գյուղոլորտի ու մեղվաբուծության վրա։ Մեղվաընտանիքների կրճատումը Տիգրան Առստամյանը համարում է ոչ թե մեղուների սթրեսի հետևանք, ինչպես որոշ մեղվաբույծներ կարծում են, այլ պատերազմի։
«Տնտեսությունն ահռելի վնասներ է կրել, գյուղատնտեսությունը, և նրա ճյուղերից մեկը՝ մեղվաբուծությունը, նույնպես։ Չէի ասի, թե սթրեսն է պատճառը, բայց պատերազմի հետևանքով շատ մեղվաընտանիքներ են վնասվել՝ անխնամ մնալու, ոչնչացվելու պատճառով»։
Չնայած դրան, այսօր մեղվաբուծությունը համարվում է գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ Այն մի կողմից աչքի է ընկնում բարձր եկամտաբերությամբ, մյուս կողմից, մեղուն, որպես գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը: Տիգրանն Առստամյանն ասում է՝ հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը: Մինչ Արցախյան վերջին պատերազմը մեղրի առումով մենք ինքնաբավության էինք հասել․ մեղվի մթերքների արտադրությունը 2010 թվականից 213 տոննայից աճել և 2017 թվականին կազմել է 361 տոննա՝ տարեկան։ Ամենամեծ քանակությամբ մեղվաընտանիքներ, շուրջ 6000, կային Քաշաթաղի շրջանում։ Պատերազմից հետո, գրեթե երկու տարվա ընթացքում մեղվաբուծությունը, իր բարձր եկամտաբերության շնորհիվ, նորից պահանջված է․ Ճյուղը վերականգնվում է։ Եվ նույնիսկ հաջող փորձեր են արվում այն բրենդավորելու և արտասահմանում ներկայանալու ուղղությամբ։ Տիգրան Առստամյանը լավ նորությունն է հայտնում, իսկ Սամվել Միրզախանյանն իր հաջողության բանաձևը ներկայացնում։
«Արդեն երկու տարի է անցել պատերազմից, և մեղվաընտանիքների քանակը 2 անգամ ավելացել է։ Արցախի հանրապետությունն ունի հրաշալի բնակլիմայական պայմաններ՝ մեղվաբուծության զարգացման համար։ «Հաթերք֊ֆուդն» իր գնային քաղաքականության մեջ փոփոխություններ չի կատարել, և անակնկալներ ենք նախապատրաստել մեր մշտական հաճախորդների համար։ Այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում արտահանման ուղղությամբ, դեռևս փոքր քանակներով, բայց պատրաստվում ենք մեծ քանակներ արտահանել։ Արդեն 1,5 տարի աշխատում ենք այդ ուղղությամբ, և հուսով եմ, մինչև տարեվերջ արդյունքներ կունենանք։»
Պատերազմի վնասները և ինքնաբավության մակարդակը վերականգնել է պետք, հետո նաև՝ այդ արժեքավոր մթերքը դրսում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ աշխատել։ Այս առումով պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցության անհրաժեշտություն կա։ Տիգրան Առստամյանն ասում է, որ պատասխանատու գերատեսչությունը ոլորտի համար ծրագրեր ունի։ Ինչպես ուսուցողական-խորհրդատվական, այնպես էլ աջակցության։ Փորձառու մասնագետներ Արցախում կան, դրան զուգահեռ կիրառվում են նաև արդի տեխնոլոգիաներն ու միջազգային փորձը՝ ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու և արցախյան մեղրը մեծ շուկա հանելու համար։