Նոյեմբերի 22, 2024

Ստեփանակերտի Զինվորական պանթեոնի շինաշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 26-ին

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 09, 2022
Ստեփանակերտի Զինվորական  պանթեոնում ակտիվ շինարարական աշխատանքների վերջին փուլն է արդեն։ Տեղադրվել են զոհված հերոսամարտիկների տապանաքարերի մեծ մասը, ասֆալտապատվում է Պանթեոնի հարակից տարածքը,  իրականացվում են կանաչապատման աշխատանքներ։ Պանթեոնը պետք  է  ավելի շուտ կառուցվեր։ «Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհայտ կորածների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ շուրջ երկու տարվա շինարակական աշխատանքների ընթացքում մի շարք խնդիրներ էին առաջացել՝ կապված տապանաքարերի ներկրման, շիրմաքարերի վերջնական տեսքի որոշման և այլնի հետ։ Բայց համապատասխան մարմինների հետ համատեղ ու հետևողական աշխատանքների շնորհիվ այդ խնդիրներին լուծումներ են տրվել։ Արմեն Ասրյանի խոսքով՝ յուրաքանչյուրն իր աշխատանքը կատարել է մեծ պատասխանատվությամբ։  
 
«Ընդհանուր առմամբ, 2 շինարարական կազմակերպությունների կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Իհարկե, մեր անմիջական մասնակցությամբ, աջակցությամբ և որոշ տեղերում նաև վերահսկողությամբ։ Այս ուղղությամբ մենք մշտապես համագործակցել ենք շինարարական կազմակերպությունների, քաղաքապետարանի և հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, և ընթացքում առաջացած բոլոր խնդիրները լուծվել են»։ 
 
Հերոսների շիրմաքարերը կլինեն միատեսակ, Պանթեոնի տարածքը՝ լուսավոր ու կանաչապատ։ Այս պահին շինարարական աշխատանքների հիմնական մասն արդեն կատարված է՝ ասում է Արմեն Ասրյանը։ Մի քանի օրից ասֆալտի երկրորդ՝ հիմնական շերտը կտեղադրվի։ Տարածքի կանաչապատման աշխատանքներին մասնակցում են նաև ՊԲ զինծառայողներ։ 
 
«Մեր հերոսամարտիկների շիրմաքարերը մինչև սեպտեմբերի 12-ը լրիվությամբ տեղադրված կլինեն։ Ներկա դրությամբ մոտ 90 տոկոսը տեղադրված է։ Միքիչ եղանակային պայմանները խանգարեցին։ Բայց մի քանի օլրվա ընթացքում դրանք նույնպես կտեղադրվեն»։
 
 Ընդհանուր շինարարական աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ կլինի հավաքել ու կարգի բերել Պանթեոնի տարածքը։ Կազմակերպությունը աշխատանքի բաշխում կիրականացնի, որոնց կարող են մասնակցել նաև կամավորներ։ Արմեն Ասրյանի խոսքով՝ տարածքի մաքրությունը պետք է պահապանվի միշտ։ Ստեղծվել է ՊՈԱԿ, որը կզբաղվի հենց այդ հարցերով։ Բայց կարևոր է նաև յուրաքանչյուրիս պատասխանատվության զգացումը։ 
 
««Եղբայրական գերեզմանատան սպասարկում ՊՈԱԿ»-ն է ստեղծվել։ Արդեն այսօրվանից այնտեղ աշխատանքներ են ընթանում։ Ունեն դեռևս ազատ հաստիքներ՝ հավաքարարների և բանվորների։ Ամբողջ պանթեոնը կբաժանվի հավասար մասերի, և յուրաքանչյուրը կիմանա իր պատասխանատվության հատվածը։ Բայց, իհարկե, շատ բան կախված է մեզանից, ծնողներից ու հարազատներից, ովքեր այցելում են այնտեղ։ Պետք է բոլորս հասկանանք մաքրությունը պահելու կարգը»։
 
 Հաջորդ տարի նախատեսված է նաև բարեկարգել 1990-ական թվականների ազատագրական պայքարի նահատակների գերեզմանատան հատվածը։ Արմեն Ասրյանի խոսքով՝ Պանթեոնի այս տարածքում ի սկզբանե անհատական շիրմաքարեր են տեղադրվել։ Վերանորոգման դեպքում նախատեսում են այս հատվածը նույնպես համապատասխանեցնել Պանթեոնի նոր հատվածի տեսքին։ Շինարարական աշխատանքների  վերջնաժամկետ է  սահմանված սեպտեմբերի 26-ը։ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին կկազմակերվի համապետական երթ դեպի Զինվորական պանթեոն։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ