Երբ ռազմաճակատում գործերը հաջող չեն ընթանում, բանակցային սեղանին չի կարող հաճելի թուղթ լինել։ Չնայած այս հայտնի ճշմարտության գիտակցմանը, Նիկոլ Փաշինյանի խոսքն անսպասելի էր հազարավոր մարդկանց համար։
«Մենք ուզում ենք ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում կարժանանանք քննադատությունների, հայհոյանքների, դավաճանի պիտակի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ հստակ կապահովվի սա, ես ստորագրելու եմ»։
Որոշ ժամանակ անց վարչապետը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ և ուղիղ եթերով՝ հերքելով իր այս հայտարարությունը։ Պնդելով, որ հայտարարությունը ներկայացվել է խեղաթյուրված և որ մարդիկ իրեն ճիշտ չեն հասկացել։ Բայց Ստեփանակերտում, Երևանում, Գյումրիում և մի շարք այլ համայնքներում հազարավոր մարդիկ արդեն դուրս էին եկել փողոցներ ոչ միայն իրենց դժգոհությունը հայտնելու վարչապետի որոշմանը, այլեւ հասկանալու, թե ինչ է կատարվում իրականում։ Երևանում մարդիկ հավաքվել են ԱԺ- մոտ, հետո շարժվել դեպի Բաղրամյան 26՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։
«Հազարամյակներ շարունակ մեր պապերը իրենց արյան գնով պաշտպանել են մեր հողը, հիմա մենք ուղղակի հանձնե՞նք»:
«Մանկուց ինձ սովորեցրել են, որ Արցախը միշտ հայկական է եղել և պետք է հայկական պահենք»:
«Շատ ծանր ժամանակներ ենք ապրում, պետականություն ենք կորցնում, բայց ես հավատում եմ, որ իրադրությունը կարող ենք դեպի լավը փոխել»:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Ադրբեջանին հասցեական ու զսպող մեղադրանքներ առաջադրելու կոչեր են ուղարկվել միջազգային կազմակերպություններին, Սփյուռքում ապրող հայրենակիցներին էլ հայրենիքի պաշտպանների շարքերը համալրելու։ Գաղափարը մեկն է՝ «Արցախը հայկական է, Արցախը Հայաստան է»։
«Այստեղ կանգնած յուրաքանչյուրս՝ սկսած 5 տարեկան աղջնակից մինչև ամենատարեցը, թույլ չենք տալու, որ ինչ-որ մեկը մեզ բոլորիս փոխարեն որոշի մեր ճակատագիրը»։
Հենց այս «խոստովանությունն» է րոպեների ընթացքում մարդկանց բերել հրապարակ։ Մտահոգությունները շատ են․ ի՞նչ է սպասվում մեզ, ի՞նչ անել՝ նոր ու տհաճ անակնկալներից խուսափելու համար։ Արմեն Պետրոսյանը իր տարբերակն է առաջարկում։
«Մեզնից մեկը դաշնակ ա, մեկը արդարություն ա, մեկը գիդում չում հինչ ա․ մունք ղարաբաղցե ընք և պիտի միավորվինք ու աշխարհին ասինք չէ՛։ Մեր թշնամին Հայաստանի բնակիչներն չըն, Հայաստանի ներկայիս իշխանությունը Հայաստանը չի, Հայաստանը մըզանա հրաժարվալ չի։ Մեր զինվորականների, սպաների 90 տոկոսը հայաստանցի ըն իլալ, եկեք հայաստանցե ղարաբաղցեն մեր մեջան տուս օնիք։ Այսօրվա դրությամբ պետք ա Սփյուռք-Հայաստան-Արցախ միավորվիք, մի բռունցք տըռնանք՝ հանուն Արցախի պաշտպանության»։
Իրենց սպասվող ապագայի մասին հարցերը Հանրահավաքի մասնակիցները Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովյասյանին են ուղղում։ Թովմասյանը պատասխան չունենալով նույն հարցը հավաքվածներին է տալիս և նշում՝ մեկ անձը Արցախի հարցը չի կարող կարգավորել․ խոսքը Փաշինյանի մասին է։
«Արցախի կարգավորման հարցը տրված չէ մեկ անձի կամ մեկ կուսակցության անկախ նրանից այդ անձը Հայաստանի, թե Արցախի առաջնորդն է։ Արցախի հարցի կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կողմից»։
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, որ բազմիցս հնչել է հանրապետության նախագահի, արտգործնախարարի և մյուս պաշտոնյաների կողմից, նորից հայտնվել է նախագահի ֆբ-յան էջում։ Հրապարակում այն վերահաստատել է պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի ճակատագրի մասով բազմիցս հանդես ենք եկել հայտարարությամբ։ Հանրապետության նախագահն այսօր վերահաստատել է, որ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել, և ցանկացած փաստաթուղթ մեզ համար անընդունելի է, որտեղ Արցախը կարող է Ադրբեջանի տարածքում նշվել։ Համազգային ջանքերը պետք է կենտրոնացնենք մեկ գաղափարի շուրջ․ Արցախը պահենք հայկական ու միջազգային ճանաչում ձեռք բերենք»։
Հրապարակում հավաքվել էին նաև 1988 թվականին միացում շարժման մասնակիցները, որոնք այսօր ձեռնափայտով ու թոռների հետ նորից նույն տեղում են, համախմբված նույն գաղափարի շուրջ։