Նոյեմբերի 21, 2024

Հանրահավաքի արձագանքները

By Սոֆյա Հակոբյան Դեկտեմբերի 26, 2022
Շրջափակումը ստիպում է արցախցիներին ավելի լսելի դարձնել իրենց ձայնը: Երկու շաբաթից ավել արտաքին աշխարհի հետ կապից զրկված Արցախում իրավունքի պայքարը ոչ միայն շարունակվում, այլև թևակոխում է նոր փուլ: Նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց համազգային հանրահավաքը բազմաթիվ արձագանքների է արժանացել թե՛ հայկական երկու հանրապետություններում, թե՛ միջազգային հարթակներում: Ամերիկացի լրագրող Լինսի Սնելը սոցցանցերի իր էջում կարծիք է հայտնել, որ ադրբեջանական իշխանական մեդիան բավականին վախեցած է երևում հավաքված մարդկանց բազմությունից: Ըստ լրագրողի՝ ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են հանգստացնել ժողովրդին, թե, իբր, ներկա գտնվածներին Արցախի իշխանությունները ստիպելով են բերել հրապարակ, գումար կամ անվճար վառելիք խոստացել: «Ըստ Բաքվում ապրող իմ ընկերներից մեկի՝ հենց այդպես են Ադրբեջանում անցնում իշխանությունների կազմակերպած հավաքները, այդ թվում՝  Լաչինի միջանցքի ներկայիս արգելափակումը», - եզրափակել է ամերիկացի լրագրողը: Հանրահավաքին անդրադարձ է կատարել նաև ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ չեզոք տեղեկատվություն տրամադրելով հավաքի կայացման և դրան նախորդած իրադարձությունների վերաբերյալ: Ռուսալեզու «Кавказский узел» («Կավկազսկիյ Ուզել») տեղեկատվական հարթակը, որը պարբերաբար ակտիվորեն լուսաբանում է Արցախում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, նույնպես հակիրճ անդրադարձ է կատարել նախօրեի բազմամարդ հանրահավաքին: Կայքում նշել են, որ ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ հավաքին մասնակցել է շուրջ 50 000 մարդ: Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում նշում է՝ «Այս անգամ Արցախի ցույցերը, բացի խաղաղ ու բարեկիրթ լինելուց, նաև մարդաշատ էին, ազդեցիկ կերպով արտահայտում էին արցախահայության ինքնությունն ու ոգին և ուղեկցվում էին տարբեր լեզուներով գրված ու միջազգային նորմերին համահունչ ուղերձներով։ Դրական էր կանանց ու երեխաների մեծաթիվ ներկայությունը»: «Karabakh Records» տեղեկատվական հարթակը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել և հաշվարկել, որ նախօրեի համազգային հանրահավաքին Վերածննդի հրապարակում հավաքվածները զբաղեցրել են մոտ 26 000 ք/մ: Նկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հավաքին մասնակցել է 65.000-ից մինչև 70.000 մարդ՝ հաշվի առնելով, որ մեկ քառակուսի մետրի վրա 2,5-3 մարդ է եղել: Ստեփանակերտում կայացած համազգային հանրահավաքին, անշուշտ, չէին կարող չարձագանքել նաև Ադրբեջանում: Ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին, մասնավորապես, սոցցանցերի իր էջերում գրել է, որ մինչ Իլհամ Ալիևը զբաղված է «ազատագրված շրջաններում» իր մերձավորներին պատկանող «Փաշա հոլդինգի» փողաբեր նախագծերով, Արցախում իբրև թե ռուսական ուժերը Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ «ուժ են ցուցադրում»  Ադրբեջանի դեմ: Ալի Քերիմլին գրել է՝ «Նախորդ անգամ մեզ սփոփում էինք, թե բազմաթիվ մարդկանց Հայաստանից են բերել: Հիմա՞ ինչով ենք մեզ սփոփելու: Ճանապարհը փակ է, և անհնար է այդքան մարդ բերել Հայաստանից»: Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշում է՝ Արցախի շուրջ այժմ ծավալվող իրադարձությունների ֆոնին բազմահազարանոց հանրահավաքն, անշուշտ, իր դերը պիտի ունենա: Ըստ մասնագետի՝ դրա ապացույցն են նաև ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնցից ակնհայտ է՝ նման զարգացումների հարևան երկրում այդքան էլ պատրաստ չէին: 
 
«Հուրախություն մեզ՝ այս անգամ արձագանքը շատ ավելի մեծ էր, որից կարող ենք հետևություն անել, որ աշխատանքը ճիշտ է իրականացվում: Կարծես ժամերի ընթացքում ադրբեջանական մեդիայի ամենահենքային ներկայացուցիչները ընկան դողերոցքի մեջ, որովհետև չկար ժամանակ նոր ստեր, նոր լեգենդներ հորինելու, փորձեցին շրջանառել վարկած, որ 40 դոլար գումար է բաժանվել, բոլորը եկել են միայն գումարի համար: Կարող եմ շեշտել, որ սա բնավ ոչ միանշանակ է ընդունվում ժողովրդի կողմից, որովետև անընդհատ ստով կերակրել սեփական ժողովրդին միայն որոշ ժամանակահատված, նույնիսկ՝ ավտորիտար պետություններում: Եվ հիմա, երբ հետզհետե մարում է ռազմական հաջողության էյֆորիան և հասարակությունը արթնանում է՝ սա ևս մի հարված է»: 
 
Ըստ ադրբեջանագետի՝ թեև Ադրբեջանում ընդդիմադիր ԶԼՄ-ները գործելու խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն և հիմնականում խոսում են այնքան, որքան նրանց թույլ են տալիս, այնուամենայնիվ, որոշ ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ներ համարձակվել են քննադատել իշխանություններին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումը հենց նրանց դեմ է աշխատել: Արամ Փոլադյան: 
 
«Կային լրատվամիջոցներ, որ մեջբերում էին ռուս-իսրայելցի բլոգեր Լապշինի խոսքերը, որ Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգի ղեկավար Իլհամ Ալիևի իրականացրած՝ Արցախը շրջափակելու այս միջոցառումը  հենց իր դեմ է աշխատելու ու աշխատում»:
 
 Հատկանշական է, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանական որոշ մեդիա հարթակներ Ադրբեջանում արդեն չեն էլ խորշում մեկնաբանություններից, որտեղ բացեիբաց խոստովանում են Լաչինի միջանցքը փակելու մասին, մինչդեռ ավելի վաղ պնդում էին, որ այն բաց է կամ էլ, որ իրենք Արցախի «Կյանքի ճանապարհի» արգելափակման հետ կապ չունեն: Կյանքի ճանապարհից զրկված, բայց կյանքն, անկախ ամեն ինչից, իր հունով շարունակող Արցախում արդեն 15 օր է դիմակայում են պատմության մեջ եզակի՝ տոտալ և անթաքույց բլոկադային:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ