Քոլատակի Սուրբ Հակոբավանք եկեղեցու զանգերն են։ Կիրակնօրյա պատարագն ավարտվել է, բայց ոչ ոք չի շտապում հեռանալ։ Քոլատակի Կիրակնօրյա դպրոցի առաջին դասն է։ Այն վարում է պատարագիչ քահանան՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Նա զրուցում է եկեղեցում հավաքված երեխաների հետ, խոսում հոգևոր արժեքների ու հավատքի կարևորության մասին: Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի խոսքով՝ ծնողներից ոչ բոլորն են համաձայն, որպեսզի իրենց երեխաները հաճախեն կիրակնօրյա դասերին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ չնայած մենք մեզ համարում ենք առաջին քրիստոնյա ազգ, սակայն շատ ենք հեռացել Աստծուց:
«Ոչինչ հեշտ չի լինում, հեշտ ձեռք բերածը հեշտ էլ կորցնում ես: Մեր երեխաներին պետք է դաստիարակենք քրիստոնեական ոգով: Երեխան ծնողի հոգու հայելին է, և երեխաներից ենք սկսում հոգևոր դաստիարակությունը»:
«Չարն ուժեղ չէ, մենք ենք թույլ»,-ասում է Ամարասի վանական համալիրի քահանա Տեր Սեպուհ Հակոբյանը: Հոգևոր դաստիարակությունն էլ երեխաներից են սկսում: «Քրիստոնյա դառնում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք ապրել Քրիստոսով, երբ մասնակից ենք լինում եկեղեցական կյանքին և խորհուրդներին»։
«Մենք Աստծուն ապավինում ենք այն ժամանակ, երբ նեղության մեջ ենք, հենց տեղներս լայնանում է, ասում են «Ա՜, հինչ Աստված է, Աստվածը հորա է»,- սա է մեզ բերում այս իրավիճակին: Աստված ամենուր է, ամեն տեղ է, Ձեր տանն է, Քո հոգու մեջ է, եթե ընդունում ես նրան: Եթե չես ընդունում՝ չարն է ամենուր, ամեն տեղ»:
Մեր երկրին դաստիարակված ու հոգևոր կյանքով ապրող մարդիկ են անհրաժեշտ՝ ասում է Տեր Հովհաննեսը: Նա համոզված է մարդկանց մեջ գերակշռողը չարը չէ, ուղղակի բարին հաճախ ստվերում է գտնվում: Պետք է ներազդել, որպեսզի բարին ասպարեզ դուրս գա:
«Մարդկանց պետք է քրիստոնեական ոգով դաստիարակենք. Ինչո՞ւ է մոմ վառում, ինչո՞ւ է աղոթում, ինչո՞ւ է եկեղեցի գնում: Այսօր Հակոբավանքը շնչեց, ուրախության մեջ էր, ինչքա՜ն մարդ եկավ»:
Եկեղեցին Աստծո տունն է, աղոթքը՝ հոգևոր սնունդ։ Կիրակնօրյա դպրոցները, որ բացվել են Ստեփանակերտում, Մարտունու և Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում կոչված են վերաարժեվորելու հոգևորի առկայությունը մեր կյանքում: