Մարտակերտում ենք։ Համար 2 հիմնական դպրոցի բակում։ Զանգի ձայնը ոչ բոլորին է դասարան տարել։ Մի խումբ տղաներ շարունակում են մնալ դպրոցի բակում։ ժամանակից շուտ մեծացած տղաները գործնական տեսք ունեն։ Նրանց միջև կապը ավելին է, քան դասընկերներինը։ Նրանց միավորել է ընդհանուր ցավը։ Դասարանի 13 աշակերտից 8-ն այս պատերազմում հարազատ է կորցրել։ Իշխան Գևորգյանը հայրիկին՝ Սլավիկ Գևորգյանին է կորցրել։ Մեր պատերազմների, կիսատ մնացած կյանքերի մասին պատմել է պետք ամբողջ աշխարհին, պատմել ամեն հնարավոր միջոցով՝ ասում է Իշխանը։ Դրա համար է որոշել կինոռեժիսոր դառնալ։ Կինոյի միջոցով Արցախը ճանաչելի կդարձնի աշխարհին։
«Մանկուց եմ երազել կինոռեժիսոր դառնալ, ուզում եմ լավ մասնագետ լինել ու հնարավոր ամեն բան անում եմ դրա համար։ Մտածում եմ, որ Արցախին պետք են լավ մասնագետներ, կապ չունի՝ որ ոլորտում։ Երազում եմ սեփական կինոստուդիա բացել հենց այստեղ»։
Պատերազմի ժամանակ 9-րդ դասարանում էին սովորում։ Դպրոցը դարձել է նրանց հավաքատեղին։ Մեզ այստեղ է բերում ոչ միայն իրար հետ սովորած տարիները, այլ նաև ցավը՝ ասում է Սերգեյ Բեկնազարյանը։ Նա էլ պատերազմում կորցրել է հորը՝ հետախույզ Արման Բեկնազարյանին։ Ապագան միայն Արցախում և Արցախի համար է պատկերացնում։
«Մեր սերնդի հիմնական նպատակը՝ ազատ անկախ հայրենիքում ապրելն է, և դրա համար մենք շատ անելիքներ ունենք։ Ես ուզում եմ իրավաբան դառնալ, դա իմ հայրիկի ցանկությունն էր, իսկ հիմա արդեն իմ նպատակը»։
Ավագ որդու համար հասցրել էին մասնագիտություն ընտրել, իսկ փոքրի համար դեռ շուտ էր՝ պատմում է Սերգեյի մայրը՝ Մարինե Բաբայանը։ Նա նույն դպրոցի բուժքույրն ու ազգային երգ-երաժշտության ուսուցիչն է։ Ասում է՝ պատերազմը հիմնովին փոխեց կյանքի գույներն ու որակը։ Այդքան կորուստներից հետո դպրոց վերադառնալ և նորից երգ ու պար սովորեցնել, իրապես դժվար էր՝ ասում է։
«Տարիներ շարունակ հաղթանակների մասին երգեր սովորեցնելուց հետո դժվար էր կրկին մտնել դասարան, նայել ամեն ինչ տեսած ու հասկացող երեխաների աչքերին և երգ ու պար սովորեցնել։ Սակայն ամեն օրվա հետ հասկանում էի, որ իրավունք չունենք ապրելով Արցախում չշարունակել սովորեցնել ազգային երգ ու պար։ Ճիշտ է, հիմա տոնական միջոցառումներ չենք կազմակերպում, միայն հուշ ցերեկույթներ, բայց համոզված ենք, որ դեռ հաղթանակների մասին միջոցառումներ կկազմակերպենք»։
Պատերազմի ընթացքում իրարից տարբեր ճակատագրեր իրար շատ նման պատմություններ ունեցան։ Մարտակերտում հերոսներին ու նրանց ընտանիքներին անուն առ անուն գիտեն գրեթե բոլորը։ Տեղացիները Մարինեին ուժեղ կին են համարում․ օրինակելի մայր, խելացի մանկավարժ, հոգատար բուժքույր, իսկական հայ կնոջ կերպար է։ Այդքան ցավ ունի սրտում, բայց ժպիտով դասարան է մտնում կամ օգնության հասնում։ Պատերազմից հետո թևաթափ չի եղել։ Մասնակցել է տարբեր դասընթացների, սովորել դեմքի կոսմետիկ մերսում և մատնահարդարում անել։ Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում հաղթահարել դժվարություները, միայն մի պատասխան ունի՝ ամուսինս ամեն օր ինձ նախապատրաստել է այսօրվան։
«Քառօրյա պատերազմի ժամանակ էլ Արմանը դիրքերում էր։ Երբ իրավիճակը հանդարտվեց, նա ինձ ասաց, որ սա թշնամու կողմից վերջին հարձակումը չէ։ Եվ ես պետք է պատրաստ լինեմ ցանկացած իրավիճակում ելք գտնելու։ Մեքենա վարել սովորեցրեց։ 2020-ի սեպտեմբերի 27-ին երբ իրավիճակը լարվեց, առանց իր հետ կապվելու վերցրեցի երեխաներին ու մեկ այլ սպայի ընտանիքի հետ իրար օգնելով մեքենայով հասանք մինչև Երևան»։
Չգիտեին,որ դեռ երկար կմնան Երևանում և որ ծանր օրերի շղթան կավարտվի մեծ դժբախտությամբ։ Մարինեն վերադարձավ Մարտակերտ, իր ու երկու որդիների ապագան միայն այստեղ՝ Արցախում է տեսնում։
«Չնայած մենք այսօր էլ պատերազմի շեմին ենք, բայց ես իմ ու երեխաներիս կյանքը այլ տեղ չեմ պատկերացնում։ Պետք է այստեղ շարունակենք ստեղծել ու հավատում եմ, որ դեռ հաղթանակներ ենք ունենալու»։
Սեփական կյանքով հայրենիքը պաշտպանած մեր նահատակների թափած արյունը իզուր չպետք է անցնի։ Մարինեն համոզված է՝ Արցախը հայկական պահելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։