Նոյեմբերի 22, 2024

«Դասավանդի'ր, Հայաստանն» Արցախում է․ երիտասարդների համար նոր հնարավորություններով

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 12, 2022
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պուրակում վրանային միջոցառում էր․ «Ինտելեկտուալ ու ինտերակտիվ այս խաղերը, որի միջոցով այսօր ներկայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը արցախցիներին, ուսանողների ու այն անձանց համար է, ովքեր իրենց կյանքի ինչ-որ պահի մտածել են ուսուցիչ դառնալու կամ համայնքներում ինչ որ գործունեություն ծավալելու մասին»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համալսարանական հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանը։ 
 
«Ամբողջ խաղերի կոնցեպտը մշակել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական հավաքագրման թիմը։ Մենք  գործունեություն ենք ծավալում Արցախի բոլոր բուհերի հետ, աշխատում ենք միասին ու մեր նպատակներից մեկն այն է, որ ոչ միայն ուսանողին առաջարկենք մեր ծրագիրն ու իրենց ապահովենք աշխատանքով, այլև նպաստենք նրանց զարգացմանը։ Ֆորմալ և ոչ ֆորմալ եղանակով»։
 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անծանոթ չէ արցախցիներին․ մի շարք արցախյան համայնքներում,  արդեն 5 տարի, ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանակում ուսանողների համար շատ հնարավորություններ են ստեղծվում, ասում է զրուցակիցս։  Ինչպես օրինակ՝ վարձատրվող փորձնակության կամ  կամավորականության ծրագիրը։ Բացի այդ, «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերին միացող ուսանողներին հնարավորություն է տրվում անվճար մագիստրատուրական ուսում ստանալ՝ մագիստրոսի-մանկավարժի որակավորմամբ։ 
 
«Զուգահեռաբար, երկու տարիների ընթացքում մեր մասնագետները ունենում են պարբերաբար մոդուլներ, վերապատրաստման դասընթացներ, ու մեր գերնպատակն է, որ  երկու տարի հետո մեր շահառուներն ունենան բոլոր հնարավորությունները զարգանալու ու կրթվելու։ Դրա համար այսօր այստեղ ենք մեր վրանով»։
 
Անժելա Գալստյանը համաձայն չէ տարածված կարծիքին, թե ուսուցչի մասնագիտությունը հիմա պահանջված չէ,  ուսանողների մոտ մոտիվացիա չկա և այլն։
 
«Կարծիք կա, որ ուսուցչի մասնագիտությունը հետաքրքիր չէ երիտասարդների համար, բայց նախորդ տարի ստացել ենք 1800 հայտ, դա շատ շատ է,  նրանք անցել են մեր բոլոր ֆիլտրերը, փուլերը, 72-ին ընտրել ենք, դա կազմել է դիմորդների 6 տոկոսը»։
 
 Այս օրերին Արցախի բուհերում ծրագրի համակարգողները հանդիպումներ են ունեցել, և ուրախությամբ արձանագրել, թե ինչքան շատ են Արցախում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող շահառուները։ Բոլորը ցանկանում են Արցախում աշխատել՝ ասում է․ 
 
«Արցախում այս պահի դրությամբ ունենք 27 ուսուցիչ, շատ ուրախ ենք, որ Հայաստանից բազում երիտասարդներ ցանկություն են հայտնում այստեղ աշխատելու, հենց միայն Արցախում, արցախցիներն էլ են ուզում մնալ։ Մրցակցությունը Արցախի համար շատ մեծ է»։
 
 Այս տարի Արցախից ծրագրին միանալու հայտ են ներկայացրել 10 հոգի․ «Շահագրգռված ենք, որ բոլոր մասնակիցներին տանք բավարար հմտություններ»,- ասում է   զրուցակիցս։ Սա հնարավորություն է զարգանալու, լավագույնն  ու հենց այն ուսուցիչը լինելու, որի մասին գուցե երազել են հենց իրենք՝ շահառուները՝ իրենց աշակերտական տարիներին։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ