Նոյեմբերի 22, 2024

Սահմանամերձ Կարմիր Շուկայում գյուղատնտեսական տարին բարենպաստ էր

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 19, 2022
Կարմիր Շուկայում պատերազմը, կարելի է ասել,  չի էլ ավարտվել։ Այն   հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքներից է։ Երկու տարվա ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել՝ երբ թշնամին կրակ է բացել տների, դպրոցի, մանկապարտեզի, դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ։ Այս ամենին զուգահեռ բնակչությունը շարունակում է իր բնականոն կենսագործունեությունը՝ անասնապահություն, հողագործություն, վարում անհատական տնտեսություն։ Պատերազմից հետո բնակչության շուրջ 80 տոկոսը վերադարձել է գյուղ՝ ասում է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։ Մյուսները սպասում են վնասված բնակարանների վերանորոգմանը։ 17 տեղահանված ընտանիք է ընդունել Կարմիր Շուկան։ 
 
«43 տեղահանված բնակիչ ենք ընդունել՝ Մարտունու շրջանից ու  Հադրութից։ 2 ընտանիքի համար փայտե հավաքովի տներ են կառուցվել։ Եվս 2 ընտանիքի համար առաձնատուն կգնվի ու կվերանարոգովի»։ 
 
Գյուղի բնակֆոնդի շուրջ 90 տոկոսը պատերազմի հետևանքով վնասվել է։ Նախորդ տարվա ընթացքում դրանց մի մասը վերականգնվել է,  իսկ այս տարի աշխատանքները մի փոքր դանդաղել են՝ ասում է համայքի ղեկավարը։ 
 
«Այս տարի շինարարությունը մի քիչ դանդաղ է ընթանում, բայց արդեն ունենք մեծ թվով տներ, որոնք վերականգնվել են և բնակիչները վերադարձել են։ Այս պահին համայնքում նաև 4 նոր տուն է կառուցվում։ Զուգահեռաբար փոխարինվում են տանիքները, պատուհանները»։
 
 Հետպատերազմյան շրջանում Կարմիր Շուկայի հանդեպ հետաքրքրվածությունը մեծացել է՝ ասում է Նարեկ Աթայանը։ Կարմիր Խաչի կողմից բնակիչներին  30 քառակուսի մետր մակերեսով ջերմոցներ են տրամադրվել: Համայնքում ջերմոցային ծրագիր է իրականացրել նաև գյուղնախարարությունը։ Անդրադառնալով անասնապահության դժվարություններին՝ համայնքի ղեկավարը նշել է,  որ արոտավայրերը գյուղից բավականին հեռու են գտնվում, այդ պատճառով էլ հնարավոր չէ մեծ գլխաքանակով անասուններ պահել: Բնակիչները հիմնականում զբաղվում են խոզաբուծությամբ։ Բնականոն ընթանում են աշնանացանի աշխատանքները։ Ամբողջությամբ իրականացվել է հերկը և արդեն ընթացքում են նախացանքսային աշխատանքները: Մոտ 200 հեկտար աշնանացան է կատարվելու: 
 
«Բարեբախտաբար տարին բարենպաստ էր և լավ բերք ենք ստացել: Բնակիչներին Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրամադրվել էր բարձրորակ սերմացու: Արդյունքները բավականին գոհացուցիչ են եղել»։ 
 
Կարմիր Խաչի կողմից համայնքում նոր բուժկետ է կառուցվում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել է նաև համայքի մանկապարտեզի վերանորոգումը, ինչը նույնպես սպասված էր բնակիչների համար։ 2023 թվականի սկզբին Կարմիր Շուկան կունենա կենտրոնացված ջեռուցմամբ ու հարմարավետ մանկապարտեզ։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ