Նոյեմբերի 21, 2024

Հողը պահողները կամ մեկ օր Կարմիր շուկայում

By Սրբուհի Վանյան Մարտի 30, 2023

«Լոխ լավա, մի քիչ կրակում են, բայց ոչինչ։ Ա, չէէ, կրակում են, չեն թողնում։ Սա ի՞նչ վիճակ է, սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել։ Խանութներում էլ եռակի թանկ է։ Հեռուստացույցն էլ ասում է՝ գնաճ չկա։ Գնացեք նկարեք, տեսեք կա՞, թե՞ չկա։ Ոչինչ, ստացվելու է, բան չկա։ Դե գոնե թոշակները մի քիչ ավելացնեն։ Լավ է լինելու։ Էն տան առջև մի քիչ տեղ կա, ասեցի մշակեմ։ Ես ասեցի կվի՞տ է։ Լավ, վերցրու, եկ»։

 Կարմիր շուկա համայնքի բնակիչները միջօրեին հավաքվել են գյուղամիջյան ընդարձակ տաղավարում ու թղթախաղի սեղանի շուրջ օրվա անցուդարձն են քննարկում, խոսում իրենց առօրյայից, թանկացումից ու ցածր թոշակներից, աշխարհում ստեղծված իրավիճակից, ռուսից ու ամերիկացուց, թուրքի հետ ապրել-չապրելուց, խաղաղությունից ու պատերազմից, վաղվա օրվա անորոշությունից ու ․․․․հավատից։ Հավատը կարևոր է, որովհետև եթե չհավատան, այստեղ, Կարմիր շուկայում, սահման դարձած իրենց պապական գյուղում դժվար թե կարողանան ապրել։ «Լոխ լավա իննան»՝ չգիտես ավելի շատ իրեն, թե ընկերներին հուսադրում էր Կարմիր շուկայի 80-ամյա բնակիչը՝ վեր կենալով ու պատրաստվելով գնալ կիսատ թողած գործին։

«Պերերիվ ընք ըրալ, եր կենանք, հողը մեզա սպասում, հազիր հավա կա, սերմը պահ տանք»՝ ասում է։ Սերմը կարտոֆիլն է, որի՝ իրենց համայնքի չափաբաժնի մի մասը ստացել ու պահեստավորել են համայնքապետարանի շենքում ու ըստ ներկայացված հայտերի տրամադրում են հողօգտագործողներին։ Կարմիր շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը գարնանացան աշխատանքների ընթացքն է ներկայացնում։

«Երեկ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով ստացել ենք կարտոֆիլի սերմացու։ Փաստացի ապրող բնակիչները 6 կգ-ից ստացել են։ Այսօր արդեն շատերը ցանել են։ ԳԳԱՀ կողմից համապատասխան ծրագրով որոշ հողօգտագործողներ օգտվել են սուբսիդավորման ծրագրից, այս պահի դրությամբ 1,5 հա կարտոֆիլ արդեն ցանել ենք։Կան ցանկացողներ, որ դառնան «1000հա +» ծրագրի շահառու, բայց սերմացու դեռ չկա։ Սպասում ենք»։ 

Ինչպես Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի, այնպես էլ «Հայաստան» համահայկական  հիմնադրամի ու այլ բարերարների կողմից աջակցության շնորհիվ կարողանում են հաղթահարել շրջափակման մարտահրավերները, հատկապես գարանանացան աշխատանքների մասով։ Համայանքը երկու կարևոր խնդիր ունի այս պահին․ անվտանգություն և պարենի ապահովություն։ Ինչպես բնակիչները, այնպես էլ համայնքի պատասխանատուները գիտակցում են՝ իրավիճակը ստանդարտ չէ, նշանակում է, պետք է նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկվեն։

«Հիմնականն անվտանգության խնդիրն է, բաներ կան, խոսել չեմ ուզում»։

«Ըմբռնումով ենք մոտենում, ինչպես բոլոր արցախցիները։ Մեզանից կախվածը այս ծանր իրավիճակում՝ դրսևորենք մեզ պատասխանատու ձևով, կատարենք մեր պարտականությունները։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր համայնքում վառելիքի, կամ այլ հարցերով վեճեր չեն եղել, հարթ է ամեն ինչ»։

 Կարմիր շուկայում հիմնականում աշնանացան մշակաբույսերի աճեցմամբ են զբաղվել, այս տարի գարնանացան մշակաբույսերի ցանքսը ավելացրել են։ Շրջափակումը ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր է դրել համայնքապետարանի առջև․ Նարեկ Աթայանը ասում է, որ ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում այդ խնդրին՝ փորձելով պարենի մասով ինքնաբավության մակարդակը բարձրացնել։ Բնակիչներն էլ ինքնակազմակերպվել են։ Համանյքի վարչական տարածքում անմշակ հող չի մնացել․ նույնիսկ որոշ արոտավայրեր գյուղնշանակության հողերի տակ են սկսել օգտագործել։

«Ամեն ինչ կարգավորված է, չկա այնպիսի հողօգտագործող, որ դիզվառելիքի  համար ցանքս չկատարի։ 2020 թվականի պատերազմից հետո գյուղում անմշակ հողատարածք չի մնացել, ի պատիվ մեր գյուղացիների, բոլորը մշակվել են, նույնիսկ արոտավայրերի տակ գտնվող հողատարածքներից։ Բերքատվության առումով  մտահոգություններ ունենք, հուսանք, դեռ տեղումներ կլինեն»։

 Խնդիրները համայնքում ավելի շատ չեն, քան Արցախի մյուս բնակավայրերում, ոչ էլ ավելի քիչ, ասում է համայնքի ղեկավարը, ամեն տեղ իրավիճակը նույնն է։ Կարմիր շուկան ընդամենը մի քանի կմ ավելի մոտիկ է՝ հավելում են բնակիչները, բայց դա մեզ իրավունք չի տալիս դուրս գալ մեր տներից։ Պիտի ապրենք, որքան էլ թուրք-ադրբեջանցին ցանկանա մեզ բռնաճնշել ու հանել մեր հայրենիքից։ Խաղաղության օրակարգի նկատմամբ Կարմիր շուկայում թերահավատ են․ չափազանց լավ են ճանաչում թշնամուն։

«Ով ուզում է, թող գնա խաղաղության, մենք չենք հավատում, թուրքի ձեռագիրը նույնն է ախր, թուրքը չի գնա խաղաղության»։

 «Այս հարցը միայն զենքով է լուծվելու»։

 Ապրել այստեղ՝ ահա խաղաղության իրենց օրակարգը։ Ապրել շենացնելով, հողի յուրաքանչյուր սանտիմետրը մշակելով, արարել-ստեղծելով, ասում են, քանի որ ոչ գնալու ոչ տեղ ունեն, ոչ էլ  նպատակ։ Ու այսպես Կարմիր շուկայում շարունակում են ապրել նրանք՝ հողը պահողները, իրենց չարչարանքի ընդմիջմանը համաքվելով գյուղամիջյան տաղավարում, թղթախաղի սեղանի շուրջ, քննարկելու աշխարհաքաղաքական հարցեր, վիճելու ռուսի և ամերիկացու՝ հային տված օգուտի ու վնասի մասին, հայացքները մոտիկ բլրին, որտեղից իրենց այգիներում խաղաղ աշխատող մարդկանց վրա կրակում են ադրբեջանցիները։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ