Նոյեմբերի 21, 2024

Մեկ տարհանված ընտանիքի պատմություն․ սահմանամերձ գյուղի առօրյա

By Սրբուհի Վանյան Ապրիլի 15, 2023
Էլինա Ստեփանյանը երկու մանկահասակ երեխաների, ամուսնու, նրա ծնողների ու տեգրոջ հետ ապրում է Կարմիր շուկայում, տարհանված ընտանիքի կարգավիճակով։ Ջիվանի գյուղից են տեղահանվել։ Ինքը՝ Էլինան Հերհեր գյուղից է, Ջիվանի հարս է գնացել։ Ամուսինը պայմանագրային զինծառայող է, ինքը դեռ աշխատել չի հասցնում, երեխաների խնամքով է զբաղված։ 
 
«Ավարտել եմ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժինը, շատ կուզենայի աշխատել, ներկա պահին բայց զբաղվում եմ երեխաներով։ Երկարօրյա դպրոցում տեղ կա, փոքր երեխաս մի քիչ մեծանա, աշխատելու եմ»։
 
Պատերազմից հետո, որոշել էին, որ անպայման Արցախ են վերադառնալու, բայց չգիտեին՝ ուր։ Ջիվանին թշնամու վերահսկողության տակ էր անցել։ Պետական ծրագրով իրենց բազմանդամ ընտանիքին արագ հավաքվող փայտե տնակ տրամադրեցին Կարմիր շուկա գյուղում։ Երիտասարդ մայրը պայմաններից գոհ է․ ասում է, այնտեղ կան ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Արդեն մեկ տարի է ապրում են այդ տանը։ Մտահոգություն ունեին, որ ձմռանը կարող է ցուրտ լինել, իսկ մանկահասակ երեխաների հետ առանց փայտի վառարանի կամ գազով ջեռուցման դժվար կլիներ։ Երկրորդ ձմեռն են անցկացրել այնտեղ։ Քարե առանձնատներից, որոնց սովոր ենք հայերս, ջերմապահովման տեսակետից չի տարբերվում, այդ առումով դժվարությունների չեն հանդիպել՝ ասում է Էլինան ցույց տալով բնակարանային պայմանները։
 
«Հարմարություննները լավ են՝ երեք սենյակ, խոհանոց, սանհանգույց»։
 
Փոքրիկ տնամերձ էլ ունեն, տնից քիչ հեռավորության վրա, տան ավագներն այնտեղ հողագործությամբ են զբաղվում։ Պարենի սեփական կարիքները կարողանում են բավարարել, ավելցուկն էլ շուկա են հանում։ Շրջափակման պայմաններում ընտանիքը ևս բախվում է ինչպես ֆինանսական, այնպես էլ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու խնդիրներին․
 
«Սկեսրայրս շինարարությամբ է զբաղվում, ներկա պահին, աշխատանք չկա, քանի որ շրջափակման պատճառով շինանյութ չեն բերում։ Շրջափակումն ընդհանրապես մեր ընտանիքի վրա էլ է շատ ազդել․ ապրանքների սակավությունը, գնաճը դժվարացրել է կյանքը։Երեխաների համար անհրաժեշտ հիգիենայի պարագաներն էլ դժվարությամբ ենք գտնում։ Դե հիմա կամաց-կամաց, կարծես, ապրանք հայտնվում է խանութներում։ Ուղղակի հիմա էլ գներն են շատ բարձր, մի կերպ հասցնում ենք»։
 
Հիմա վառելիքի սակավության պատճառով դժվարացել է նաև գյուղմթերքը մայրաքաղաք վաճառքի տանելու հարցը։ Ստիպված են հանրային տրանսպորտով կազմակերպել բեռնափոխադրումը։ Պետությունը հոգ է տանում, որ սահման դարձած այդ գյուղի հանրային տրանսպորտն անխափան աշխատի և մայրաքաղաքի հետ կապը չկտրվի։ «Ընդհանուր առմամբ, տունը հարմար է,- շարունակում է պատմել զրուցակիցս, բայց տնամերձ տարածք չունենք, մտածում ենք թռչուններ բուծելու ուղղությամբ, տարածքի բացակայությունը որոշակի խոչընդոտներ է հարուցում»։ Եթե ապրում են գյուղում, պիտի մի բանով զբաղվեն՝ երիտասարդ մայրիկի համոզմունքն է, մանկահասակ երեխաների հետ շրջափակման ու գնաճի պայմաններում ընտանիք կերակրելը դժվարացել է։ Բայց դժվարություններից չի երկնչում․ խաղաղ պայմաններ միայն լինեն՝ մնացածը կստեղծեն սեփական ուժերով։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 15 Ապրիլի 2023 19:29
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ