Առաքելյանների բազմանդամ ընտանիքը գարնան այս արևոտ օրը հողամասում էր․ գյուղում առանց հողի հետ ընկերության չի լինի։ Ընդհանուր ուժերով մշակում են՝ դժվար տարի է, որ ձմռանն ուտելու բան ունենան։ Պետական աջակցությամբ կարտոֆիլի սերմացու են ստացել, հողին պահ են տալիս։ Փոքրիկ ջերմոց էլ ունեն, այնտեղ էլ բանջարեղեն ու կանաչի են ցանել, թռչուններ են պահում։ Ընտանքին Արցախյան 44-օրյայում որդուն է կորցրել՝ իր 6 երեխաներից երկրորդին՝ Վահանին․ նորակոչիկ էր։ Մայրը՝ Գոհարը, ասում է՝ եթե ողջ լիներ, ամեն ինչ այլ ձևով կլիներ, Վահանն իր թև ու թիկունքն էր։ Ինքը Գոհարը Թաղավարդում է ծնվել, այնտեղ էլ ամուսնացել, երեխաներ ունեցել։ Ընտանիքով տեղափոխվել են Կարմիր շուկա, փոքրիկ տուն գնել, բայց այն շատ նեղվածք էր բազմանդամ ընտանիքի համար։ 2015 թվականին պետական աջակցության ծրագրով Կարմիր շուկայում կառուցել են այս տունն ու նվիրաբերել իրենց։ Ավելի հարմար է, ընդարձակ, ապրելու և աշխատելու պայմանները՝ բավարար, կողքին էլ տնամերձ հողամաս կա։ Ինչպե՞ս եք ապրում հարցին ի պատասխան հառաչում է՝
«Ոչինչ էլի, զոհվածի ընտանիքն ինչպ՞ես պիտի ապրի։ Մարտունի էր ծառայում, հիշո՞ւմ եք, 73 հոգի տարան դեպի Հադրութ, զոհվեցին, այնտեղ էր։ 6 ամսվա ծառայող էր»։
Հիմա տան օգնողը միջնեկ տղան է՝ Ռոմանը, հոր օգնականը բոլոր հարցերում։ Մարտունի շրջկենտրոնում արհեստ է սովորում, որոշել է ավտոէլեկտրիկի մասնագիտություն ձեռք բերել․ համոզված է, որ գործի պակաս չի ունենա, լավ մասնագիտություն է։ Կրակոտ պատանի է՝ քույրերի հանդեպ խիստ ու հոգատար։ Ասում է՝ այդպես է պետք, այդպես ճիշտ է։ Գոհարի ավագ որդին տատիկի հետ է ապրում, աղջիկներից ավագը՝ Մարիան 18 տարեկան է, դարձյալ շրջկենտրոնում է ուսում ստանում։ Վերջին կուրսում է, պատմում է մայրը, կարուձև է սովորում, արհեստ է, էլի, կկերակրի, երեխաս սոված չի մնա։ Մարիան շտապում է պահարանից հանել իր կարած տաբատը՝ ցույց տալու քաղաքից իրենց տուն եկած հյուրին․ կարել է-հագել վերջին զանգի արարողությանը՝ ասում է մայրը և շփոթված ժպտում՝ աղջկա սաստող հայացքից։
«Գազ չկա, դասի չենք գնում, կարի մեքենա էլ չունեմ, որ տանն աշխատեմ։Կարած իրեր շատ ունեմ»։
«Խնդիրն այն է, որ ավարտի, արդեն տանը կարի մեքենա չի ունենա, որ կարի։Ուր էր՝ կարողանայինք կարի մեքենա ձեռք բերել»։
Կոստյում էր կարում, տանը կարի մեքենա չունի, ձևվածքը մնացել է Մարտունիում, հիմա արձակուրդ է, սպասում է, թե երբ է դասի գնալու, որ գործն ավարտի։ Երազում է կարի մեքենայի մասին, որ կարողանա տանն աշխատել, անպայման գյուղում, որից լավ տեղ իր կարծիքով չկա։ Ասում է ՝ մամայի ու քույրիկիս համար սիրուն շորեր կկարեմ։ Քույրիկն ընդամենը 12 տարեկան է, բայց ինքն էլ երազանք ունի․ ուզում է վարսահարդար դառնալ։ Սիրում է սիրուն հյուսքեր անել թաղի աղջիկների ու տիկնիկների մազերով։ Ինքը՝ Գոհարը, մաքրուհի է, գյուղի դպրոցում է աշխատում, ամուսինը պահակություն է անում։ Մի կերպ ծերը ծերին հասցնում ենք՝ անկեղծանում է։
«Մի քիչ էլ որդիս է ձեռք հասցնում։ Իր հասանելիքը վերցնում է, մնացածը մեզ տալիս»։
Ավագ որդին 24 տարեկան է, տատիկի մոտ է մնում, հին տանը, որ մենակ չլինի, ինքն էլ դառնություններ տեսած կին է՝ պատմում է Գոհարը։
«Ինքն էլ շատ դժվարութուններ է տեսել․ 90-ականների պատերազմում ամուսնուն է կորցրել, որբ երեխաներին պահել, մեծացրել, հետո, այս պատերազմին 2 թոռների դիակները մեկ օրում բերեցին։ Ու եղբոր տղան էլ զոհվեց»։
Այսպես ապրում է սահմանագիծ դարձած գյուղում Առաքելյանների ընտանիքը, մեկը այն հարյուրավոր ընտանիքներից, որ ամեն գարնան սերմի հետ խաղաղ ապրելու հույսն ու երազանքներն է պահ տալիս հողին։ Այն հողին, որ սրբացել է նաև իրենց որդու արյունով։