Նոյեմբերի 24, 2024

Երանելի հեռուն․ Հադրութի Ցորից՝ Ստեփանակերտի տուն ինտերնատ

By Սոֆյա Հակոբյան Դեկտեմբերի 27, 2022
Երանելի հեռուն․ Հադրութի Ցորից՝ Ստեփանակերտի տուն ինտերնատ Photo credits: Mediamax

Հադրութի շրջանի Ցոր գյուղը երբևէ այցելելու առիթ ունեցած ցանկացած ոք անպայման երեք բան է հիշում՝  սառնորակ աղբյուրներ,  փառավոր անցյալի մասին հուշող հոյակերտ Ցորաբերդն ու, իհարկե, ցորեցի Յուրա պապին։ Նա մշտական պատրաստակամությամբ, երանելի եռանդով ու սիրով էր պատմում փոքրացած ու կիսադատարկ, սակայն իր համար աշխարհի կենտրոն գյուղի՝ Ցորի մասին։ Երկու տարի անց փոքր-ինչ վատառողջ, սակայն առաջվա պես ժպտերես, երբեք չգանգատվող, տոկուն ու լավատես  Յուրի պապն այսօր Ստեփանակերտի տուն- ինտերնատի պարծանքն ու ուրախությունն է։ Պատերազմից հետո նախ Հայաստանի Արարատի մարզում, ապա այստեղ՝ Ստեփանակերտում ապաստանած Յուրի Բաղրյանն ասում է՝ մի քիչ կոտրված ձեռքից է նեղված, բայց ոչինչ, շատ բան է հաղթահարել, սա չարյաց փոքրագույնն է։ Յուրի պապի համար ապրածն ու չապրածը, սակայն, կանգ է առել մեկ կետում ՝ 2020 հոկտեմբերի 6-ին։

 «Հոկտեմբերի 6-ին․․․Մանավանդ ես չէի ուզում դուրս գայի։ Արդեն որ Մեխակավանը ձեռքից ընկնում էր, մեկ էլ տեսնեմ՝ վիրավոր տղերքին այնտեղից բերում էին մեր գյուղով դեպի Ստեփանակերտ, ներքևի ճանապարհով։ Վայ․․․ Էն տղերոնցը որ տեսել եմ․․․ Մինչև 6-ը ես մնացի։ Հետո տեսնեմ՝ մեկ էլ եղբորս տղան զանգեց, ասում է՝ Յուրիկ ամի, վերջին ռեյսն ա։ Նույնիսկ մոռացել եմ էն պահարանի մեջի իրերս, լավ կուրտկա եմ առել, լավ սվիտեր․․․ Կես ժամում․․․ Մի քանի կոշիկ, շորերս վերցրել, արցունքոտ աչքերով հեռացել»։ 

Ինտերնատում սննդից, կենցաղային պայմաններից և իր հանդեպ եղած հոգատարությունից անչափ գոհ է, բոլորին շնորհակալ։ Հիշում է՝ Հայաստանում անցկացրած ամիսներին նույնպես շրջապատված է եղել հոգատարությամբ ու սիրով, ծանոթ ու անծանոթ՝ բոլորն օգնել են։ Սակայն ամենքն էլ գիտեն՝ Յուրի պապիին միայն մեկ բան է հարկավոր՝ իր սիրելի Ցորը։   

«Հավատում եմ, դեռ հույսս լրիվ կորցրած չեմ։ Բայց ամեն գիշեր ուզում եմ երազում տեսնել իմ գյուղը։ Քո հողդ, քո ջուրդ, քո նախնիներդ․․․ Որտեղ ծնվել, սնվել ես, մայր ես կանչել․․․մեր եկեղեցիները, մեր տարածքները։ Գեղեցիկ գյուղը է, շատ։ Հադրութից ամենամոտիկ գյուղն էր, 9 կիլոմետր»։ 

Հայրենի Ցորում երեք դաժան պատերազմ վերապրած հադրութեցին հիշում է՝ սկզբում մտքերը ցրելը դժվար էր․ Ցորի կարոտը խեղդում էր, այնքան, որ նույնիսկ ստիպված էին դիմել բժիշկների օգնությանը։ 

«Փոքր գետ կար, միշտ էնտեղ գութան կար։ Գնում էի նստում, սարերին նայում, էնքան անքուն եմ մնացել, արդեն տեսնեմ՝ Լյովան զգացել ա։ Առավոտը վեր եմ կենում, գլուխս պտտվում ա։ Գնացի Արտաշատ։ Մի կին կար, հասակով կին։ Լյովան ասում ա՝ շատ ա մտածում, շատ ա մտածում․․․ 10 հատ կաթիլային նշանակեց, ասեց, որ եթե տենց շարունակես՝ շատ վատ ա լինելու։ Արդեն մի քիչ սկսեցի ցրվել, թե չէ վատ վիճակում էի»։ 

Յուրի պապը հուսով է, որ Արցախի շրջափակումը երկար չի տևի, վստահ է՝ պիտի հաղթահարենք, այլ ելք չունենք։ Ասում է՝ ծանր ժամանակներ են, մեր ցանկությունների ու գործողությունների մեջ պետք է զուսպ լինենք, գիտակցությունը բարձր պահենք։ 

«Դուք չգիտե՞ք, որ Արցախն անընդհատ պատերազմի մեջ է։ Ի՞նչ է, ուզում եք ամեն օր խորոված ուտե՞ք։ Ասում եմ՝ էն ա, սնվում ենք։ Դե, տաքը որ արդեն կա, գազն էլ եկալ ա, ասում եմ՝ դե, ի՞նչ անենք։ Պետք է դիմանանք, ուրիշ ելք չկա։ Անձամբ ես չեմ բողոքում»։ 

Մի քանի անգամ կողոպտված, այրված ու պարբերաբար ոտքի ելնել փորձած Ցորը, որի պատմական հիշողությունն ու նշանակությունն այդքան շատ էր փափագում ցույց տալ աշխարհին Յուրի պապը, այժմ երանելի հեռվում է, իսկ ինքը՝ միշտ Ցորի հետ ասոցացվող Բաղրյան Յուրիկը մեկ բան է մտորում․ ժամանակին հաղթել ենք միասնության շնորհիվ, այժմ  տարանջատումներն ու խտրականությունն անընդունելի են և աններելի։ 

«Բայց գիտես, սաղ աշխարհքը դրանց կողմն են, տեսնում ես, իրանց են պաշտպանում․․․ Մեզ էլ հիվանդ կանայք կան, երեխաներ կան, նոր ծննդաբերված էրեխեք կան։ Մի՞թե էդքանը սաղ չեն իմանում, որ էս փոքրիկ հանրապետությանը չի կարելի էդքան ախր․․․ Համ հույս ունեմ, համ էլ՝ չի իմացվում․․․ Համ էլ էդքան չի լինի ախր, որ արդեն Ալիևը ասում ա Հայաստանի էսքան շրջանները պիտի վերցնենք։ Մի՞թե կարելի է էսքանից հետո․․․Արցախը, Հայաստանը, բարեկամներ, մեծ բարեկամություն, իսկ հիմա՝ տարանջատել և այլն․․․ Արցախցին ասում է՝ Հայաստանը սենց, էնտեղից էլ, թե՝ « Հայաստանի զինվորը թող չգա»․․․Բոլորը իրար դեմ։ Տես, քանի անգամ ընկած կռվի մեջ, էէէ, էնքան զոհեր ենք տվել»․․․

 Յուրի պապի ամանորյա պատգամն է՝ պինդ մնալ ու միասնական․ այլ ճանապարհ չունենք։ Արցախի տոտալ շրջափակման 16-րդ օրն է, դեռ ուղի ունենք անցնելու։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2022 16:20
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ