Հանրապետությունում այսօր կան կովերի կատաղության լաբորատոր հաստատված դեպքեր։ Կան նաև օջախներ, որոնք հսկողության տակ են՝ ասում է հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Նարինե Մոսիյանը։ Նա բնակչությանը հորդորում է լինել զգոն ու սահմանափակել շփումը կենդանիների հետ։
«Հատկապես երեխաներին չպետք է թույլատել շփվել թափառող շների հետ, խաղալ չպատվաստված ընտանի կենդանիների հետ։ Այս կանխարգելիչ միջոցառումները խիստ անհրաժեշտ են»։
Կատաղությունը վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ այն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդու համար վարակի աղբյուր են համարվում հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները։
«Վարակը փոխանցվում է մաշկի և լորձաթաղանթի խախտումների՝ կծելու, ճանկռելու կամ այլ վնասվածքի դեպքում։ Ինչպես նաև մաշկի և արտաքին լորձաթաղանթի ամբողջության պահպանման, այսինքն՝ քիթ, բերան, աչք լորձաթաղանթների միջոցով։ Ուստի հորդորում ենք բնակչությանը պահպանել հիգիենայի կանոնները և վնասվածքի դեպքում անմիջապես դիմել բուժհաստատություն, որտեղ կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ»։
Եթե վարակը կենդանու մոտ դեռ հաստատված չէ, մինչև պատասխան ստանալը բուժառուն սկսում է բուժման ոչ պայմանական կուրսը։ Իսկ հաստատվելուց հետո կուրսը շարունակվում է։
«Եթե ունենք ցուցումներ, որ վարակի ռիսկը բարձր է, կատարվում է համակցված բուժման կուրս, այսինքն՝ հակակատաղության պատվաստում և պասիվ կանխարգելում՝ իմունոգլոբուլինի ներարկում։ Դա մարդու պատրաստի հակամարմիններն են՝ կատաղության նկատմամբ»։
Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բուժհաստատություններն ունեն բավարար քանակությամբ հակակատաղության և հակափայտացման պատվաստանյութեր։ Վերջերս նաև ներկրվել է իմունոգլոբուլինը։ Քանի որ հիվանդության գաղտնի շրջանը տևում է համեմատաբար երկար՝ մի քանի օրից մինչև մեկ տարի, սա հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ իրականացնել կանխարգելիչ միջոցառումները՝ ասում է Նարինե Մոսիյանը։ Քանի որ հիվանդությունը ունի կյանքի ցուցում, պատվաստանյութերը հակացուցում չունեն։