Արցախն արդեն 108 օր է կտրված է արտաքին աշխարհից, իսկ Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ Լիսագորը, Եղցահողը, Մեծ Շենը և Հին Շենը՝ կտրված Արցախից։ Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանի խոսքով՝ մայրաքաղաքից կտրվելը խնդիրներ է առաջացրել մի շարք ոլորտներում՝ առողջապահական, կրթական և այլն։
«Ճիշտն ասած՝ խնդիրները բազմաթիվ են։ Հիմնականում խնդիրներ են առաջացել առողջապահական ոլորտում։ Որոշ դիաբետային հիվանդներ, որոնք իրենց դեղամիջոցները ձեռք էին բերում Ստեփանակերտից կամ Ասկերանից, այսօր զրկված են այդ հնարավորությունից։ Կտրված է նաև համայնքի կթօջախի կապը մայրաքաղաքի հետ, այս պահին կապը պահվում է միայն օնլայն տիրույթում։ Ունենք ուսանողներ, որոնք մնացել են Ստեփանակերտում, որոշներն էլ մնացել են գյուղում և դասընթացներին չեն կարողանում մասնակցել»։
Բարեբախտաբար, այս 4 համայնքերը կապ ունեն ՀՀ հետ, ինչի շնորհիվ լուծվում են սննդի և մի շարք այլ հարցեր։ Արտակ Հակոբյանի խոսքով՝ Արցախի հետ միակ կապի միջոցը ինետերնետն ու հեռախոսն է մնացել։ Սակայն այս կապը նույնպես երբեմն խափանվում է թշնամու կողմից։
«Ամեն օր շրջվարչակազմի և մի շարք այլ բաժինների հետ կապը պահում ենք։ Ամեն առավոտ, երեկոյան, օրական 2-3 անգամ հեռախոսով կապվում ենք։ Իսկ մնացած աշխատանքները օնլայն ծրագրերով ենք կատարում, եթե, իհարկե, ինտերնետ կապը խափանված չի լինում»։
Համայնքում ակտիվ ընթանում են գարնանացան աշխատանքները։ Պատերազմի հետևանքով Եղցահողը կորցրել է վարելահողերը, այդ պատճառով էլ այժմ միայն բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարում։
«Կարտոֆիլի և մի շարք այլ մշակաբույսերի ցանքսի աշխատանքներն են կատարվում։ Սերմացուն ձեռք ենք բերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից։ Մենք, ցավոք, վարելահողեր չունենք։ Սեփականաշնորհած վարելահողեր ունենք Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում, որոնք այդ գյուղի բնակիչներն են օգտագործում։ Անասնապահությունը գյուղում մեծ թափով զարգացել էր, բայց Բերձորի հանձնումից հետո բարձր դիրքերը հայտնվել են թշնամու հսկողության տակ։ Եվ մի շարք խոշոր եղջերավոր անասունների գողության դեպքեր են արձանագրվել՝ մոտ 20 դեպք, որից հետո անասնապահությունը զգալի կրճատվել է։ 1-2 ամսից կսկսվեն արդեն խոտհարքի աշխատանքները, բայց, իմ կարծիքով, դրանք էլ անվտանգ չեն անցնի, քանի որ անմիջապես թշնամու նշանառության տակ են այդ տարածքները»։
Նույն մտահոգություններն ու խնդիրները ունի նաև Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքը։ Գյուղը բավականին մոտ է թշնամու դիրքերին, պատերազմի հետևանքով էլ կորցրել են վարելահողերի մեծ մասը։ Բայց մոտ 2 շաբաթ առաջ մեկնարկած գարնանացան աշխատանքները ակտիվ փուլում են՝ ասում է համայնքի ղեկավար Դավիդ Դավիդյանը։
«Մարդիկ ցանում են հիմնականում կարտոֆիլ, սոխ, սխտոր, կանաչեղեն, առաջիկայում նաև պոմիդոր, վարունգ։ Կարտոֆիլի սերմը ստացել ենք, մնացածը մարդկանց մոտ կար»։
Բերդաձորի ենթաշրջանի 4 համայնքները ակտիվ կապի մեջ են նաև միմյանց հետ։ Հրատապ խնդիրները լուծվում են միասնական ուժերով։