Ապրիլի 29, 2024

Մեծ շենի շրջափակված առօրյան ու սիրիահայ բուժքրոջ մտահոգությունները

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 16, 2023

Շրջափակված Արցախում կրկնակի շրջափակված Մեծ շենի առօրյան նման ու տարբեր է Արցախի մյուս գյուղերի առօրյային: Այստեղ էլ` այգի են մշակել, եղած-չեղածից իրար բաժին հանել: Տեղաբնակների հոգսերի, հույսերի, սպասումների մասին է՝ սիրիահայ բուժքույր Սևան Մանջիկյանը պատմել Մարգարիտա Ղուշունցին:

 

 

Դեկտեմբերի 12-ից հետո` կյանքն Արցախում փոխվել է աստիճանների ամնեբարձր նիշով: Հակարիի կամրջի և Ստեփանակերտի միջև բառի ուղիղ և փոխաբերական իմաստով բազմակի շրջափակված են մնում Շուշիի շրջանի գյուղերը: Արցախի շրջափակման հետևանքներն ամեն օր իրենց սեփական մաշկի վրա զգում են շրջանի Մեծ շենի տեղաբնակներն ու ոչ միայն, ասում է գյուղի սիրիահայ բուժքույր Սևան Մանջիկյանը:

«Գյուղը դեռ կիսված ընտանիքներ ունի. մի մասը գտնվում է ՀՀ-ում: Օրինակ, մեր Սուրեն պապը գնացել էր Երևան՝ բժշկի, բայց չկարողացավ վերադառնալ, Գեղամի կինն էլ մնաց Երևանում: Ունենք բնակիչներ, որոնք եկել էին Գորիսից, սակայն շրջափակման պատճառով մնացին մեզ մոտ»:

Շրջափակումը Մեծ շենի բնակիչներին մի մեծ ընտանիք է դարձրել: Մի կտոր հացն էլ կիսում են իրար հետ` ասում է Սևան Մանջիկյանը: Երբ համագյուղացիդ կարիքի մեջ է` չես կարող սահմանափակվել միայն բուժքրոջ պարտականություններով.

«70 տարեկան մարդ ունենք, որ պիտի գնար ՌԴ , բայց շրջափակման պատճառով մնացել է գյուղում; Միայնակ մարդ է, օգնում ենք յուրաքանչյուրս մեր ուժերի չափով։ Օրինակ ես նրա համար հաց եմ թխում, մեկ ուրիշը՝ ձու կամ պանիր է տալիս։ Ով ինչ ունի կիսում է համագյուղացիների հետ։ Դրա համար մինչև հիմա կարողացել ենք գոյատևել»:
Մեծ շենի բնակիչներն այս շրջանում ապրում են սեփական բերք ու բարիքով: Ավելի շատ մտահոգված են քաղաքաբնակների համար: Եթե մինչև ձմեռ շարունակվի շրջափակումը, հետևաքներն աղետալի կլինեն` ասում է, խնդիրը միայն ուտելիքի պակասի մեջ չէ:


«Սննդի պակասությունը կա։ Շաքարավազ չունենք, ալյուր շատ քիչ է մնացել, ձեթի մասին մոռացել էլ ենք։ Մի քանի ամիս առաջ կաթ, պանիր, մածուն ունեինք, բայց հիմա՝ գյուղի կովերի մեծ մասն արդեն չկա,։ Դժվար է այս պայմաններում պահել, երբ համապատասխան արոտավայր չկա, եղածն էլ՝ թշնամու անմիջական նշանառության տակ։ Դեռ ձմեռ չէ, բայց բնակավայրի բարձրադիր լինելու պատճառով արդեն բավականին ցուրտ է։ Մտահոգված ենք՝ ինչպես ենք այս պայմաններում ձմռանն ապրելու։ Վառելափայտ չկա, եղածն էլ չենք կարողանում գյուղ հասցնել՝ դիզվառելիքն է խնդիր»։

Մեծ շենը լիակատար շրջափակման մեջ գտնվելով՝ այսօր միայն դեղորայքի պակաս չունի, ուրախությամբ նշում է բուժքույրը: Հնարավորությունների սահմաններում նախապես ամեն ինչ պահեսատավորել էր: Բարերարների շնորհիվ և ԿԽՄԿ-ի միջամտությամբ Շուշիի շրջանի 4 համայնքի քրոնիկ բոլոր հիվանդներն ապահովվել են համապատասխան դեղորայքով: Տեղում էլ բժշկական միջամտություն է ցուցաբերում: Միայն մեկ անգամ չկարողացան օգնել բուժառուին` երեք ամսական հղի Աստղիկին: Բուժքույրը ցավով նշում է` հղիությունն ընդհատվեց թերսնման պատճառով:

Ինչպես Արցախի յուրաքանչյուր բնակավայրում, Մեծ շենում էլ՝ սուրճ, աղ, լվացքի փոշի պատրաստելու հնարը գտել են: Այստեղ նույնիսկ խակ խաղողից կիտրոնահյութի նման մի բան են պատրաստել: Սևանն իր փորձով է կիսվել, իսկ տեղացիներից էլ շատ բան է սովորել:

Տիկին Սևանին առաջին անգամ հանդիպել ենք Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կազմակերպված Վարդավառի տոնակատարության ժամանակ: Շրջափակման դժվարություններն ու օր-օրի ահագնացող վտանգը չի փոխել ոչ նրա, ոչ էլ՝ իր համագյուղացիների պատրաստակամությունն Արցախում իրենց կյանքը շարունակելու հարցում:

«Ես արցախցի չեմ, ես Արցախի սիրահար եմ։ Ես այստեղ եմ ապրում։ Գյուղից ոչ մեկ դուրս չի եկել, կարող եմ վստահ ասել, որ այս շրջանում այդպիսի մտադրություն չունի ոչ մի բնակիչ»։

Արցախում ապրելու համար պետք են միայն խաղաղություն ու բաց ճանապարհներ, մնացածը կստեղեծեն` ասում է սիրիահայ բուժքույրը: Բոլորն այս օրերին ուշի-ուշով հետևում են իրադարձություններին՝ հույսով ու սպասումով, որ իրենց այգու բարիքներից կկարողանան հասցնել և՛ Ստեփանակերտ, և՛ Երևան:

Last modified on Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2023 22:03
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ