Նոյեմբերի 21, 2024

Անորոշությունը և հույսն Ստեփանակերտի փողոցներում դեռ միասին են քայլում

By Անի Աբաղյան Հունիսի 17, 2023

Շրջափակում, օր 189: Կարճ դադարներով Ստեփանակերտում սկսվում է բնակիչների` խանութներ «գրոհելը». լցված տոպրակները Շահումյանի պուրակում` «պիտաչոկում» դասդասվում են ամուսնու, երեխաների ձեռքում կամ լավագույն դեպքում ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ տան տիկինը շտապում է Ազատության հրապարակ` «կալցեվոյ»` այնտեղի ապրանքներին հասնելու համար: Այս վազվզողների կողքին քայլում են մարդիկ, որ տան եղածով են բավարարվում: Նրանց գլխավոր մտածմունքն է` ինչպե՞ս ապրել հայրենիքում: «Մին փոր հացու դարդա մարդ էդքան կմտածե»` ասում են նրանք:

Այսօր շրջելով Ստեփանակերտի փողոցներով` ռադիո ենք բերել մարդկանց մտահոգությունները, իրավիճակից դուրս գալու ելքերը, պայքարի իրենց ձևերն ու ողջույնները զինվորներին:

«Զինվորներին կասեմ՝ ուժեղ եղեք, պինդ եղեք մենք ձեր կողքին ենք»։

«Որ Բաքվից փախել ենք, չենք կոտրվել, հետո եկել ենք Շուշի տուն կառուցել, երեխաս մեծացել է, ամուսնացել, հիմա արդեն թոռնիկ ունեմ։ Ինչու՞ պետք է կոտրվեմ․ ամեն ինչ նորից կստեղծվի։ Մենք մեր զինվորի կողքին կլինենք, ճանապարհն էլ պիտի բացվի, մենք էլ պետք է մեր հողում ապրենք»։

«Վիճակը շատ վատ է ժողովրդի համար։ Ես ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի մեր փոքր երեխաները խաղաղության մեջ ապրեն։ Խանութներում շատ-քիչ էլի ապրանք կա, մեր հայ ժողովուրդը ոնց ասես ապրում է։ Երեխաների համար է շատ դժվար․ միրգ, բանջարեղեն չկա, որ ուտեն։ Դժվար պայմաններում ենք ապրում»։

«Շատ անհանգիստ ենք, ուզում ենք այս ամենը խաղաղությամբ ավարտվի։ Եթե իրենք համառ են, մենք ավելի համառ ենք։ Բոլորս մեր ընտանիքներով հարմարված ապրում ենք, ինչու պիտի դուրս գանք, որ թու՞րքը գա, մտնի այստեղ․ դրա հերն եմ անիծել»։

«Մեր հայ տղաները չեն թողնի, որ ադրբեջանցիները մեզ հաղթեն, մեր բանակը շատ ուժեղ է։ Մենք բոլորս էլ իրենց թիկունքին ենք»։

«Շատ դժվար է․ ուզում ենք այստեղ ապրել, բայց չեն թողում»։

«Գլխավորն այն է, որ մենք մեր նպատակին հասնենք։ Այն է՝ Արցախը մնա հայերինն ու հայկական»։

«Մենք էլ ենք պայքարում այստեղ մնալով, ամեն մի հարցում մեր օրհասական վիճակն է դրված։ Պետք է պայքարենք դիմադրելով։ Իշխանությունը պիտի հոգ տանի։ Թույլին միշտ ուժեղը հաղթում է»։

«Մեր ժողովուրդը քնած է, իշխանությունն էլ։ Հայաստանին է վերաբերում: Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հուսահատված ենք։ Ժողովուրդն էլի կդիմանա և դիմանում է, ուղղակի սպասում է լավ իշխանության, ղեկավարի։ Առաջնորդի պակաս կա»։

«Ամենամեծ մտահոգությունից է սննդի ներկրումը Արցախ։ Մարդիկ հիմա անընդհատ խանութներով են շրջում, ապրանքներ գնում։ Խուճապ կա, բայց առաջվա նման չէ։ Բայց մեր հիմնական նպատակը այսօր ոչ թե տուն սնունդ տանելն է, այլ այն, որ չխեղճանանք թշնամու առջև։ Պիտի պայքարենք ու ապացուցենք, որ այս դժվար ժամանակներում էլ կարող ենք ապրել»։

«Խուճապի չեմ մատնվում, մյուսներին էլ խորհուրդ կտամ նույն կերպ վարվեն։ Եթե այսօր ինչ կա չկա տանես, լցնես տուն, վաղը կարող է ընդհանրապես պետք չգալ»։

«Խոնարհման արժանի են մեր զինվորները։ Իրենց շնորհիվ ենք մենք այստեղ ապրում։ Իրենք հայրենիքի սահմաններն են պաշտպանում, ձիգ են, ուժեղ են։ Մենք հավատում ենք, խոնարհվում ենք ու շատ շնորհակալ ենք ձեզ, սիրելի զինվորներ»։

Արցախը մեր տունն է, մեր հայրենիքը, իսկ փորձությունները մարդկանց համար են, որ պետք է միմյանց ոգեշնչելով, օգնելով հաղթահարենք: «Աստված սարը տեսնում է, հետո ձյուն դնում»: Պետք է դիմանալ:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ