Մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ կրթության և մշակութի ոլորտի տեղահանված նրկայացուցիչները ստանալու են հարկադիր պարապուրդի վճարը։ 2022 թվականին շատ դպրոցներ լուծարվելու են, այլընտրանք չունենք՝ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։ Բայց տեղահանված ուսուցիչներին նախարարությունը առաջարկ ունի։
«Մենք տեղահանված ուսուցիչներին առաջարկելու ենք ընդգրկվել «Երկարօրյա դպրոց» ծրագրում։ 2022 թվականին համայնքներում նախատեսում ենք նախադպրոցական խմբերի ու մանկապարտեզների բացում, նրանք կարող են նաև այս ոլորտում աշխատել։ Մենք աշխատում ենք քաղաքաշինության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների հետ, եթե տեղահանված ուսուցիչները համաձայնվեն գալ ու աշխատել, մենք նրանց կտեղավորենք համայնքների տիրազուրկ տներում»:
Արցախի տարբեր դպրոցերում կա 100 թափուր ուսուցչի տեղ, բացը լրացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի և ոչ մասնագետների միջոցով։ Տեղահանված ուսուցիչները կարող են աշխատել նաև այս գյուղերում։
«Յուրաքանչյուր գյուղում առնվազն 5-10 տիրազուրկ տուն կա: Համապատասխան գերատեսչությունների միջոցով մենք կորող ենք համատեղ աշխատանք տանել և մինչև սեպտեմբերի 1-ը նրանց ապահովել աշխատանքով։ Կրթության ոլորտի այն աշխատողները, ովքեր ուզում են գալ Արցախ և աշխատանք գտնել, պետք է 2022 թվականի հունվարից դիմեն նախարարություն»։
Արդեն 2 տարի է՝ բարձրագույն առկա կրթությունն Արցախում անվճար է։ 2021-2022 ուսումնական տարվա վճարները ԿԳՄՍ նախարարությունն փոխանցել է․ Հաջորդ տարվա ուսման վարձավճարների համար պետական բյուջեից 700 մլն․ դրամ է փոխհատուցվել։ Նախարարը թվարկում է այն սոցիալական խմբերը, որոնք օգտվելու են ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրից։ Ցանկը վերջնական չէ: Այն կհստակեցվի ավելի ուշ։
«Տեղահանվածներ, զոհվածների այրիներ, մարտական գործողությունների մասնակիցներ, հաշմանդամություն ունեցող ուսանողներ, հաշմանդամություն ունեցողների երեխաներ: Շատերն են օգտվելու ծրագրից: Եթե սկսենք թվարկել՝ երկար կտևի, առաջիկայում փոխնախարարը կներկայացնի ավելի հստակեցված տարբերակը»:
Համալսարաններում սովորողները շատ են, կայացած մասնագետները՝ քիչ, մտահոգություն են հայտնում լրագրողները: Ինչու բարձրագույն կրթությունն այլևս մասնագիտական որակի երաշխիք չէ: Նախարարը խոստովանում է՝ խնդիրները խորն են.
«Մենք չունենք աշխատանքային շուկայի վերլուծություն, ինչը անհրաժեշտություն է, որով կառաջնորդվենք՝ մասնագիտությունների քաղաքականությունը մշակելու համար»։
2021 թվականին բազմաթիվ բանախոսներ եկել և դասախոսել են արցախյան բուհերում, 2022 թվականին նմանօրինակ դասախոսությունները շարունակական են լինելու՝ ասում է նախարարը։
«Առանձնացնում եմ Արտեմ Օգանովին։ Նրա հետ 2022 թվականին մենք սկսելու ենք նոր աշխատանք։ Արտեմ Օգանովը դասախոսելու է Ֆիզմաթ դպրոցի երեխաների, ԱրՊՀ ֆիզիկա մասնագիտության ուսանողների համար։ Նախարարությունը սկսում է «Հմտություններ Արցախին» ծրագիրը, սա մեր ռազմավարական ծրագրերից է։ Սփյուռքի լավ դասախոսներին, լավ մասնագետներին, լավ գիտնականներին, լավ պոտենցյալն ու ինտելեկտը բերելու ենք Արցախ»:
ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի աշխատանքների մի մասը նվիրված էր պատերազմի հետևանքների վերլուծությանն ու քննարկմանը, ասել է նախարարը: Լրագրողներին հետաքրքրում էր՝ պարզվե՞լ է արդյոք, թե ինչու Շուշիի Կերպարվեստի, Պետական, Երկրաբանական և այլ թանգարանների գույքի տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ չեն տրամադրվել և ո՞վ է դրա համար պատասխանատու:
«Տրանսպորտային միջոց տրամադրվել է, պարզապես որևէ մեկը չի կանխատեսել, որ Շուշին ընկնելու է։ Շուշիի ՊՈԱԿ-ները իրենց գույքը փաթեթավորել և ապաստարաններում պահել էին, բայց մենք ունեցել ենք ոչ ճիշտ տեղեկատվություն և չենք կանխատեսել Շուշիի անկումը։ Այս հարցը քննչական կոմիտեում է: Կա հարուցված քերական գործ և մեղավորները՝ այդ թվում և ես, քննչական գործի արդյունքներով կտանք մեր պատասխանը։ Բայց իրականում տարհանում կազմակերպվել է՝ մշակույթի ոլորտի մասնագետների, կրթության տեսչության աշխատակիցների շնորհիվ, ես էլ եմ անձամբ մասնակցել տարհանումներին։ Այն, որ մենք մեքենա չենք տրամադրել, սադրիչ տեղեկտվություն է, այդպիսի բան չկա»:
Նախարարը պատասխանել է արվեստի դպրոցների գործունեության, կորսված գույքի փոխհատուցման մեխանիզմների և մի շարք այլ հարցերի: