Նոյեմբերի 25, 2024

Չլդրանի միջնակարգ դպրոցում գրադարան է բացվել

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 21, 2022

Մայրենի լեզվի միջազգային օրը այս տարի առանձնահատուկ  էր Չլդրանի դպրոցի համար։ Գյուղի նվիրյալ զավակի՝ Լևոն Ադյանի անվամբ  Կրթօջախում  գրադարան է բացվել։ Այդ առթիվ Չլդրանում հավաքվել էին գրողի մտավորական ընկերները։  Լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանը, որ Լևոն Ադյանին իր 55 տարվա ընկերն է համարում, կարևորում է  Չլդրանում Լևոն Ադյանի անվան գրադարանի բացումը: 

«Լևոն Ադյանը կապված էր իր հայրենի բնաշխարհի հետ և այս հիասքանչ գյուղի՝ Չլդրանի հետ։ Նա մշտապես իր գրքերն ուղարկում էր այստեղ։ Մենք ունենք ֆեյսբուքյան խումբ, կոչվում է Լևոն Ադյան, և մենք որոշել ենք Չլդրանի գրադարանը անվանակոչել հենց Լևոն Ադյանի անունով։ Գրադարանը գրքերի աշխարհ է, և այդ գրքերով աճում և մեծանում են նոր սերունդներ»։

 Չնայած նրան, որ կյանքը Լևոն Ադյանին  մշտապես հեռուներ է տարել, բայց հոգով ու սրտով նա  հայրենի բնաշխարհի հետ էր՝ համոզված է Միքայել Հաջյանը։ Այս մասին են վկայում  գրողի ստեղծագործությունները։ 

«Այս ստեղծագործություններում արցախյան բնաշխարհն է, արցախցին՝ իր հոգսերով, ցավերով, իր հույսերով, հավատով, ապագայի տեսլականով։ Նա ապրում ու տառապում էր արցախցու կյանքով։  Ողջ կյանքում ապրել է հայրենի բնաշխարհի կարոտով։ Վերջին   տասնամյակի ընթացքում հաճախակի էր գալիս Արցախ։   Իր նամակներում ու  գրություններում մշտապես խոսում էր իր կարոտի մասին»։ 

Կան մարդիկ, որոնք լույս աշխարհ են գալիս Աստծո հրամայականով՝ ասում է վաստակավոր գրող Սոկրատ Խանյանը: Լևոն Ադյանը այդ մարդկանցից մեկն է՝ ասում է։ Նա այն արցախցի գրողներից է, ովքեր իրենց անունն են գրանցել հայ գրական մատյանում։ 

«Հայ գրականության պատմությունը մեր ազգային ճակատագիրն է։ Լևոն Ադրյանը   հայ մշակույթի նվիրյալներից է»։

 Լևոն Ադյանը Սոկրատ Խանյանի լավագույն ուսանողներից է, վաստակավոր գրողը իրեն երջանիկ է համարում դրա համար։ Չլդրանի դպրոցում կազմակերպված միջոցառումը 2 մասից էր բաղկացած: Գրադարանի բացումից հետո տեղի է ունեցել մայրենիի տոնին նվիրված միջոցառում։ Դպրոցում տրամադրությունը  կարելի է բնութագրել որպես Մայրենիի գովք՝ Ադյանական ստեղծագործություններով:  

«Մայրենի լեզվի ճոխ գանձարանը ժամանակին ...» 

Լևոն Ադրայանը ունի մնայուն ու ապրեցնող ձեռագիր՝ ասում է Սոկրատ Խանյանը։ Իսկ այսուհետ նրա հիշատակը կհավերժանա նաև գրադարանի շնորհիվ։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ