«Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում՝ նշելով, որ տալիս է երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում:
«Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում։ Հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման․ պատերազմի պայմաններում, ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազ․ զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար, և համեմատությունները պարզապես տեղին չեն»։
Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իր մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին, ինչպես տեղյակ է պահել միշտ՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո: Վարչապետի խոսքով՝ Արցախի նախագահն էլ, իր հերթին, այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին: Նա նաև անդրադարձավ Արցախը հանձնելու մասին շահարկումներին։
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի: Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել. Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը ըստ էության իրականություն դարձած կլիներ»։
Վարչապետ Փաշինյանն ասել է, որ չափազանց կարևոր է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը։
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը, հույս ունենք, կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»:
Հաջորդ կարևոր հայտարարությունը, որն այսօր հնչեցրել է Փաշինանը Կառավարության նիստում, առնչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։
«ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքներից մեկը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատը՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով, կարևոր է: Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»:
Նա շեշտեց, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Փաշինյանի գնահատմամբ՝ այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս։