Նոյեմբերի 23, 2024

Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը եռակողմ հանդիպումից

By Վիկտորյա Սարգսյան Հոկտեմբերի 31, 2022

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ապագայի հետ կապված իր դիրքորոշումը Արցախը հստակ ներկայացրել է երեկ՝ Վերածննդրի հրապարակում։ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։ Երեկ Վերածննդի հրապարակից արցախցին հենց այս ուղերձն է հղել։ Երեկ՝ Սոչիում տեղի ունեցած երկկողմ ու եռակողմ հանդիպումների նախօրեին։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի հնարավոր ռուսական ու արևմտյան տարբերակների մասին աշխարհի ուժային կենտրոններից հնչած հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել Արցախում։ Հանրահավաքն այդ մտագոհությունների արտահայտումն էր։ Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումը կարող է որոշիչ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ ասում է ԱԺ «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանն ու նշում՝ հավաքական Արևմուտքի և ՌԴ կողմից մշակված երկու տարբերակներից Արցախի համար ընդունելի է ռուսականը։  

«Երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունված հայտարարությունում և դրան հետևած մեր ելույթներում նշեցինք, որ կողմ ենք և մեզ համար ընդունելի է ՌԴ կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի առաջարկները։ Եվ ակնկալում ենք, որ այսօրվա հանդիպման ընթացքում Ռուսատանը կպնդի այդ առաջարկները և կունենանք, այսպես ասած, Ռուսական կողմի առաջարկած խաղաղության պայմանագիրը»։

Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը եռակողմ հանդիպումից։ Արցախի հարցի վերջնական լուծում կամ փաստաթղթի քննարկում, որտեղ կարող է լինել Արցախի բռնակցում Ադրբեջանին կամ ինքնորոշման իրավունքի ստորադասում՝ անընդունելի է՝ ասում է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Ակնկալում ենք, որ ականջալուր են լինելու և կբանակցեն զուտ խաղաղության օրակարգի շուրջ, որը վերաբերելու է միայն Հայաստանին և Ադրբեջանին։ Եվ այն փաստաթուղթը, որի տակ ստորագրելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները․ որևէ կերպ չի առնչվի Արցախի ամբողջականությանը կամ ընհարապես Արցախին։ Եվ հարցի խաղաղ կարգավորումը ավելի բարենպաստ ժամանակաշրջանում կքննարկվի»։

Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին-Ալիև հանդիպումը, որից հետո արդեն կմեկնարկի եռակողմ գագաթնաժողովը։ Կհաջողվի, արդյոք, որևէ առաջընթաց գրանցել երեք ղեկավարների հանդիպման արդյունքում, որը նման ոչ թե հերթական հանդիպում, այլ եռակողմ գագաթնաժողով է կոչվում, կիմնանաք մի քանի ժամից։ Փաստաթղթի մոտալուտ ստորագրման մասին վերջերս փորձագիտական շրջանակները հաճախ են խոսում։ Իսկ հանդիպումից առաջ էլ Վլադիմիր Պուտինն է խոսել հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտության մասին։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել փաստաղթի ստորագրման հավանականությունը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ