Նոյեմբերի 23, 2024

Խաղաղության պայմանագիր՝ չհասցեագրված խնդիրների պայմաններում

By Անի Աբաղյան Նոյեմբերի 08, 2022

 Հերթական եռակողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը նշում է մի շարք չհասցեագրված խնդիրների, Բաքուն՝ պայմանագրի շուտափույթ ստորագրման պատրաստակամության մասին։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, դեռևս հեռու է իրականությունից, քանի որ հակամարտության բաղադրիչներին ավելացել են աշխարհաքաղաքական կամ միջնորդական հարթակների հակասությունները, որոնք անմիջականորեն ազդում են խնդրի կարգավորմանը։    Որո՞նք են պաշտոնական Երևանի նշած չհասցեագրված խնդիրները։

«Իմ ենթադրությամբ՝ ադրբեջանական առաջարկում, ըստ էության, որևէ մեխանիզմ չկա Լեռնային Ղարաբաղի անվտանգության, նրա ժողովրդի իրավունքների մեխանիզմների մասին, որովհետև Բաքուն սկզբունքորեն պնդում է, որ խնդիրը լուծվել է։ Ես ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանության ներկայացրած առաջարկությունները վերաբերում են հենց այս խնդիրներին, որոնց շուրջ կոնսենսուս չի ձևավորվել։ Սա իմ ենթադրությունն է»։

Վերլուծելով երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները՝ քաղաքագետը նշում է, որ դրանք կարճ էին ու բանակցային գործընթացն ուղեկցող նրբությունները չբացահայտող։ Ադրբեջանը ստեղծում է տեղեկատվական ֆոն՝ իբրև Բաքուն պայմանագրի ստորագրման հարցում խնդիրներ չի տեսնում, փոխարենը Հայաստանն է ձգձգում գործընթացը։ Իսկ ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը։

«Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն հարցի կարգավորման կոնկրետ փաթեթ չունի։ Ստանալով՝ հայկական ու ադրբեջանական առաջարկությունները՝ ԱՄՆ-ն փորձում է պատկերացում կամ բանակցային հիմք ձևավորել, բայց կրկնում եմ՝ չեմ կարծում, որ դա հեշտ է լինելու»։

Եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտության հետևանքներին՝ երկու երկրները, անցյալը ետևում թողնելով, աշխատում են կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանի անկեղծությանը չի հավատում։ Հակառակորդը փորձում է հասնել բանակցային ցանկալի փաստաթղթին ու միաժամանակ ուժեղացնելով ռազմական պոտենցյալը՝ հարմար պահի գործի դնել ռազմական սցենարը։ Ադրբեջանի այսօրվա բանակացային տրամաբանությունը նման է նախորդ տասնամյակներին արցախյան հարցի կարգավորման տրամաբանությանը։ 

«Ադրբեջանի բռնապետական վարչակազմի հիմքը հայատյացությունն ու մշտական ագրեսիան է, ուստի այդ պետությունը բնավ շահագրգռված չէ նորմալ խաղաղություն ունենալու հեռանկարով, ու եթե հետևեք ադրբեջանական վերջին հայտարարություններին, կնկատեք, որ նախապատրաստվում է  տեղեկատվական հենք՝ նոր հարձակումների համար։ Չգիտեմ՝ օպերատիվ իրավիճակն ինչպիսինն է, բայց տեղեկատվական հարթակում հստակ նկատելի է»։

Արտգործնախարարները հանդիպմանը վերահաստատել են նաև Սոչիում և Պրահայում իրենց երկրների ղեկավարների ստանձնած հանձնառությունները։ Նույն հարցի քննարկումը տարբեր հարթակներում օգնու՞մ, թե խանգարում է գործընթացին։ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝

«Բովանդակային առումով չեն կարող չլրացնել միմյանց, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող Վաշինգտոնում այլ բան խոսել, Սոչիում՝ այլ։ Բայց հարթակները միմյանց չեն լրացնում։ Միջնորդությունը ռուսական կամ արևմտյան չի վերաբերում միայն հայ-ադրբեջանական հակամարտությանը․ ով եղավ միջնորդը, նա էլ, ըստ էության, մեծացնում կամ թուլացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում»։

Ադրբեջանը մի կողմից  խաղաղության պայմանագրի ստորագրման պարտարստակամության մասին է խոսում, մյուս կողմից տեղեկատվական ֆոն նախապատրաստում նոր հարձակման համար։ Ադրբեջանի վարքագիծը նորություն չէ՝  նշում է ադրբեջանագետը։ Նախորդ հանդիպումներից հետո էլ, երբ տարբեր մակարդակներով քննարկվում էին սահմանազատման ու սահմանագծման հարցերը, Ադրբեջանը հողի վրա ուժի և ուժի կիրառման սպառնալիքով էր լուծում խնդիրը։ Այս անգամ ևս հայկական կողմի առաջարկները բավարար ըմբռնումներ չեն գտել Բաքվի կողմից՝ ընդգծում է քաղաքագետը։ Իսկ իրական նկրտումները Ադրբեջանը շարունակում է   փաթեթավորել բարիդրացիության քողի տակ։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ