Եռակողմ փաստաթղթերին և Հայաստանի վարչապետի հայտարարություններին հակառակ՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի ղեկավարը չի պատրաստվում լքել իր տունը։ Այս պահի դրությամբ Աղավնոյում բնակվում է 200-ից պակաս մարդ։ Գյուղը լքելու նախապատրաստական աշխատանքներ դեռ չեն սկսվել։ Նոյեմբերի 9–ի հայտարարության համաձայն` Բերձորը շրջանցող նոր երթուղու շահագործումից հետո այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում չեն եղել՝ Լաչինը՝ Բերձորը և Աղավնոն, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թեև արմատական ընդդիմությունը փորձեց փողոցային պայքարով՝ ի թիվս այլ խնդիրների, կանխել նաև դեպքերի այսպիսի զարգացումը, բայց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրանյանցը պնդում է՝ նոյեմբերի 9–ից հետո այլ զարգացում հնարավոր չէր։
«Մարդկայնորեն ես գյուղապետին հասկանում եմ, նույնիսկ գլուխ եմ խոնարհում նրա հայրենասիրության, քաղաքացիական գիտակցության վրա, բայց մենք չենք կարող casus belli-ի ստեղծել, այսինքն՝ պատերազմի առիթ տալ Ադրբեջանին։ Հայաստանը չի կարող եռակողմ հայտարարության կետերը չկատարել։ Իհարկե, այստեղ առաջանում են խնդիրներ։ Երկու բան ֆիքսենք․կարծում եմ իրատեսական չէ այդ բնակավայրերը հայկական պահելը, խոսքը Բերձորի և Աղավնոյի մասին է։ Ցավոք, Հայաստանը այդպիսի ռեսուրսներ և հնարավորություններ չունի այսօր այդպիսի խնդիրներ լուծելու համար։ Երկրորդը՝ դեռ գործող ճանապարհով են անցնում բոլոր կապերը՝ էլեկտաէներգիա, գազը, ինտերնետը։ Հայկական կողմը, պաշտոնական Երևանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նոր երթուղով անցնեն այդ կապերը կամ այդ կապերը չմնան այն տարածքում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, որովհետև Ադրբեջանը, անշուշտ, կփորձի դրանք օգտագործել որպես ազդեցության գործիք»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս հարցում շտապում է և իր կողմից արդեն կառուցել է Լաչինը շրջանցող այլընտրանքային ճանապարհը, հայկական կողմը աշխատանքները դեռ չի սկսել։ Վարչապետ Փաշինյանի պարզաբանմամբ՝ ժամկետների առումով շրջանառվող հուլիսի 1–ը սխալ տեղեկություն է։
«Կան լուրեր, որ դա այս շաբաթ է տեղի ունենալու, հաջորդ շաբաթ է տեղի ունենալու։ Նախ՝ եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պետք է 3 տարվա ընթացքում լուծվի, իսկ դրա համար կա առնվազն 1 տարի մի քանի ամիս ժամանակ։ Երկրորդը՝ Հայաստանի տարածքում նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ պետք է իրականացվեն նման լուծման գնալու համար։ Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներն ենք սկսել և երբ ըմբռնում լինի՝ նախնական ըմբռնումը և ընդհանուր ըմբռնումն էլ կա, երբ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն՝ ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պետք է ունենանք՝ ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության ներքո, այո, կգնանք նման լուծումների»։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, մինչդեռ եռակողմ հայտարարության 6–րդ կետի ընթերցումն ու մեկնաբանությունը այլ կերպ է հասկանում։ Փաստաթղթում գրված է, մեջբերում․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։ Այս դրույթը, քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ հստակ նախանշում է նոր երթուղու աշխարհագրական դիրքը․
«Ճիշտ է, Բերձորը և այլն, և այլն ճանապարհը պետք է շրջանցեր, բայց այդ ճանապարհը պետք է նույն Լաչինի միջանցքով անցներ, ոչ թե հարավով, ոչ թե Կոռնիձորով, որն այդ միջանցքի հետ կապ չունի, և այնտեղով կոմունիկացիաներ չեն անցնում։ Այսինքն՝ եթե Լաչինի միջանցքը հանձնվում է, փոխարենը այլ ճանապարհ է կառուցվում, նշանակում է, որ հաշված ամիսներ անց Արցախը պետք է հոսանքն էլ, գազն էլ ստանա Ադրբեջանից, որն իր հերթին Արցախի ժողովրդից կպահանջի դրա դիմաց վճարել մանաթով, որ բոլորն ունենան ադրբեջանական անձնագրեր և այլն։ Հասկանալի է, չէ՞, այս դեպքում Արցախը հայաթափելու ուղիղ ամենակարճ ճանապարհն է, և Նիկոլ Փաշինյանը գնում է դրան»։
Ինքը՝ Փաշինյանը, պնդում է՝ արցախյան կողմը տեղյակ է նոր երթուղուց, անգամ առաջարկներ է ներկայացրել։
«Ի միջի այլոց, երթուղիների ընտրության հարցում նաև ԼՂ իշխանություններն են լիարժեք ներգրավված եղել, և մենք փորձել ենք առաջնորդվել առավելագույնս նրանց ընտրություններով»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ մինչ այս պահը հիմնական աշխատանքային քննարկումներն ընթացել են ռուս գործընկերների հետ, որովհետև եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Փառուխի օրինակը և Ադրբեջանի ցանկությունը՝ ճանապարհին անցակետ դնելու վերաբերյալ, մտահոգիչ գործոններ են, որոնք բացառվում են եռակողմ հայտարարությամբ՝ ասում է Փաշինյանը․
«Երբ գրված է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի, դա նշանակում է, որ այդտեղ որևէ այլ մեկը վերահսկողությունը պիտի չունենա։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը իրենց ստանձնած պարտավորությունները պետք է կատարեն։ Առավել ևս, այս դեպքում մենք գործ ունենք ՌԴ–ի հետ, որը նաև ՀՀ ռազմավարական գործընկերն է, և կոնկրետ պարտավորություններ է ստանձնել, որոնք պիտի կատարի, և ես ստացել եմ այդ հավաստիացումները, որ այդպես էլ կլինի»։
ՌԴ–ում հավաստիացումները տրվել են բարձրագույն մակարդակով՝ ճշտում է Հայաստանի վարչապետը։ Վերլուծական դաշտում, սակայն, պնդում են, որ պետք է ճիշտ հաշվարկներ անել․ երրորդ կողմի առկայությամբ երբեք հնարավոր չէ բացառել չնախատեսված պայմանավորվածությունները։