Ի՞նչու է Բերձորը Ադրբեջանին հանձնվում հենց հիմա, ինչպե՞ս է տնօրինվելու այդ բնակավայրերի բնակիչների ճակատագիրը, ինչպե՞ս է ապահովվելու կապը Հայաստանի Հանրապետության հետ․ հնարավո՞ր էր պահել, արդյոք, Աղավնոն, եթե ոչ՝ ինչո՞ւ այն պահելու կոչեր էին արվում․ այս և մեր մյուս հարցերին ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն է պատասխանել։
«Նորմալ է, որ հասարակությունում տարբեր կարծիքներ կան, և նորմալ է, որ ցավով են տանում տարածքների կորուստը։ Ուղղակի պիտի հասկանանք, որ սա նույն տրամաբանության մեջ է, ինչ որ Քարվաճառ-Շահումյանի շրջանը, Աղդամը, ուղղակի սրա ժամկետը 3 տարի էր։ Այդ անհանգստությունները, որը նորմալ է, պետք է կապիտալիզացնել, ստեղծել պահանջ ու դնել իշխանությունների առջև, որպեսզի պաշտպանություն կազմակերպվի։ Քանի որ խնդիրների առջև ենք կանգնում և կանգնելու, եթե նորմալ պաշտպանական համակարգեր չկառուցենք»։
Ինչ վերաբերում է տարհանման պրոցեսին, Հայկ Խանումյանն ասաց, որ այս պահին ցուցակագրում են այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն Արցախի Հանրապետություն տեղափոխվել և ովքեր չեն ուզում։
«Արդեն հստակ է, թե որտեղ կտեղավորվեն մարդիկ։ Մոտ օրերս համայնքապետերը կտան Արցախ տեղափոխվող ընտանիքների ցանկը։ Նրանց բնակվելու հարցերը կլուծվեն։ Նրանք, ովքեր կտեղափոխվեն ՀՀ, և սերտիֆիկատի շահառու են, կստանան այն, իսկ մինչ այդ վարձավճարի փոխհատուցում կստանան »։
Սերտիֆիկատներն էլ առանձին քննարկման նյութ են դարձել․ տարհանվող բնակիչները բողոքներ ունեն․ փոխհատուցումները չեն բավականացնի ՀՀ-ում բնակարան ձեռքբերելու համար։ Այս մասին Տարածքային կառավարման նախարարը մեկ պատասխան ունի․
«Թող գան Արցախում ապրեն և տուն ստանան։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դա իրենց ցանկությունն է»։
Հայկ Խանումյանն ասաց, որ Արցախ տեղափոխվելու ցանկություն հայտնել են բնակիչների 25-30 տոկոսը։ Նրանց տեղափոխման հարցերն անհրաժեշտության դեպքում, Խանումյանի խոսքով, հոգալու են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ պետության օգնությամբ։
«Մեր գործընկերների հետ բանակցում ենք, որպեսզի բնակչությանն օգնեն նման հարցերը կազմակերպելու գործում։ Տեխնիկական մանրամասներն ենք քննարկում՝ տեղափոխման հետ կապված»։
Պատմամշակութային արժեքների տարհանման հարցով, Հայկ Խանումյանի խոսքով, նույնպես զբաղվում են համապատասխան կառույցները, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում։ Ինչ վերաբերում է նոր երթուղուն, ապա այն սկսվելու է 10 Վերս բնակավայրի մոտից, մտնի Մեծ Շեն, Հին շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով հասնի մինչև Հայաստանի սահման։
«Դրանից հետո դեպի Կոռնիձոր 15 կմ-ոց հատվածը, որը ՀՀ-ն պետք է կառուցի, դեռևս կառուցված չէ։ Մինչ այդ, ժամանակավորապես կանցնենք գրունտային 4 կմ-անոց հատվածով, որը դուրս է գալիս և միանում մայրուղուն՝ Աղավնոյի հենց վերևում»։
Ինչու՞ է Հայաստանը ուշացրել ճանապարհի կառուցումը, եթե այն նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հայաստանն ուշացրել է այդ աշխատանքները տարբեր ընթացակարգերի հետ կապված խնդիրներով՝ ասում է Խանումյանը:
«Ճանապարհի կառուցումը մրցութային կարգով է արվել: Շինարարության մրցույթը եղել է օգոստոսի 1-ին: Հայաստանը, միգուցե, պետք է նորմալ բանակցեր այդ խնդիրների առջև չկանգնելու համար: Համենայն դեպս, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, ճանապարհի նոր ուղղությունը համաձայնեցված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով»:
Այդ ճանապարհը միջանցքային տրամաբանությամբ է գործելու։ Ենթակառուցվածքների հարցը դեռևս լուծված չէ․ Խանումյանի խոսքով՝ էլեկտրական բարձրավոլտ ու կապի գծերը հնարավորինս արագ կգործարկվեն, իսկ գազի պարագայում մոտեցումները քննարկման փուլում են։ Անվտանգային երաշխիքները, ինչպես և հիմա՝ երբ Բերձորն ու ճանապարհի այդ հատվածը դեռ հանձնված չեն, և ինչպես Արցախում առհասարակ՝ լիարժեք չեն։ Ճանապարհի այդ հատվածում, Խանումյանի խոսքով, կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորակազմը։
«Անվտանգության առումով նույն կերպ կլինի, ինչ որ Բերձորով անցնող ճանապարհը, ռուսական խաղաղապահ զորախումբը կտեղակայվի այնտեղ և 5 կմ-ոց հատվածում կլինի միայն ռուսական ռազմական ներկայություն։ Այդ ընթացքում եղած խնդիրները միջանցքի հատվածում չի եղել, և էլի անընդհատ կարող է լինել, քանի որ Արցախի տարածքում ունենք վայրեր, որտեղ ադրբեջանցիներ են զբաղեցնում։ Հետևաբար, այդ խնդիրները միշտ էլ կարող են լինել»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձել է նաև այսպես ասած, թալանի, տները վառելու մասին շրջանառվող լուրերին․ նա կատեգորիկ դեմ է նման երևույթներին․
«Ես դեմ եմ տները վառելուն, արդեն մի անգամ Չարեքտարը վառել են՝ թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և 100 մլն֊ավոր դրամներ ենք այսօր ծախսում, այն վերականգնելու համար։ Ընդամենը տարիուկես է անցել, երբ որ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք, դուրս է գալիս Աբրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված է։ Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը։ Եթե բնակֆոնդը թողեինք, նորմալ բնակություն կհաստատեին։ Աղավնոն շատ մոտ է գտնվում միջանցքին, ես չգիտեմ մեկուկես, երկու տարի հետո ոնց է փոխվելու իրավիճակը։ Եվ եթե մեր օգտին փոխվի, չեմ ուզում գնանք ու սևացած պատեր ստանանք»։
Ի՞նչ է սա նշանակում․ հնարավոր է, արդյո՞ք, փրկել Աղավնոն կամ Բերձորը։ Չգիտենք․ աշխարհաբաժանման հերթական գործընթացների ականատեսն ենք այսօր, և չի իմացվի՝ ե՞րբ և հօգուտ կամ ի վնաս ու՞մ կարող է պտտվել պատմության անիվը։
Իրավիճակը հօգուտ մեզ փոխելու միակ ճանապարհը ուժեղանալն է՝ համոզված է Հայկ Խանումյանը։