Արդեն որերորդ անգամ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչում է նույն հայտարարությունը՝ Հայկական զինված ուժերը դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից: Այսօր հայտարարությունը հնչել է Թուրքիայի ԱԳՆ Մեվլյութ Չավուշօղլուիի շուրթերով: Այնինչ հայկական զինված ուժերի դուրսբերման մասին ՀՀ իշխանությունները բազմիցս են խոսել: Օգոստոսյան սրացումներից հետո թեմային նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել:
«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է: Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»:
Արցախի Պաշտպանության բանակը հիմա գոյաբանական խնդիր է լուծում: Դրա լուծարման պահանջը փորձագիտական շրջանակներում գնահատվում է որպես հայաթափման սպառնալիք: Այդ համոզմանն են փորձագետներ Տարոնն Հովհանիսյանն ու Կարեն Հովհանիսյանը:
Տարոն Հովհանիսյան
«Պարզ է, որ Ադրբեջանը չէր բավարավելու միայն ՀՀ ԶՈՒ դուրս բերմամբ Արցախից, որովհետև Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իր երկարաժամկետ նպատակը Արցախի անեքսիան է»:
Կարեն Հովհանիսյան
«Արցախի Հանրապետության տարածքում այժմ գտնվում է Արցախի պաշտպանության բանակը: Այդ պաշտպանական բանակը Արցախում պետք է մնա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում անվտանգության հարցը 100 տոկոսով լուծված չէ: Իսկ երբ հարց է դրվում Արցախի ՊԲ դուրս բերման կամ լուծարման մասին, ապա խոսք է գնում Արցախը հայաթափելու մասին»:
Չավուշօղլոււի այս ձևակերպումը թելադրված է Ադրբեջանի կողմից՝ վստահ է Տարոն Հովհանիսյանը: Նա փորձում է առավելագույնս քամել 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ իր բոլոր ցանկությունները փորձելով բխեցնել այդ հայտարարությունից:
«Քանի որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք չկա այն մասին, որ Արցախի ՊԲ-ն պետք է ցրվի կամ Արցախը չպետք է ունենա իր զինված ուժերը, ինչն անտրամաբանական է, որովհետև Արցախ քաղաքացիները չեն կարող դուրս բերվել Արցախից, հետևաբար Ադրբեջանը փորձում է դա էլ ներկայացնել իբրև հայկական զինված ուժերի դուրս բերում, այսինքն բխեցնել նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Իսկ Թուրքիան դրան աջակցում է: Այսինքն Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն այն է, որ Արցախում չլինի ՊԲ»:
Սա չի նշանակում, թե պետք է ընկճվել: Սա միայն նշանակում է, որ պետք է աշխատել: Առանց ինքնապաշտպանության հնարավորության Արցախում որևէ հայ չի բնակվի: Եվ հենց այդ ճշմարտությունն է, որ պետքէ հասցնի Հայաստանը իր գործընկերներին:
«Մենք պետք է շատ զգույշ և դիվանագիտորեն մոտենանք հարցին: Մեր գործընկերները, հատկապես ՌԴ-ն, որ միջնորդ կողմ է, պետք է հստակ իմանան, որ եթե Թուրքիային ու Ադրբեջանին հաջողվի հասնել ԱՀ ՊԲ լուծարմանը կամ Արցախը զրկվի ինքնապաշտպանական միջոցներից, ապա Արցախի բնակչությունը չի կարող ապրել որևէ մեկի անվտանգության երաշխիքի տակ: Անցած երկու տարվա միջադեպերի շարքը դրա վառ ապացույցն է»:
Չավուշօղլուի այս հայտարարությունը նաև Թուրքիայի անկեղծոթյան ցուցիչն է: Այսօր նա Հայաստանին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ: Բայց մի՞թե անկեղծ է Ադրբեջանի բոլոր քմահաճությունները «տեղավորել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում և առաջ տանել դրանք: