Նոյեմբերի 24, 2024

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական թեզը. շահարկվողը զոհերի աճյուններն են

By Անի Աբաղյան Հոկտեմբերի 13, 2022

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը շարունակվում է ոչ միայն սահմանին։ Քաղաքական ու տեղեկատվական հարթակներում նույնպես ամենօրյա ռեժիմով հայտնվում են նոր մեղադրանքներ ու պահանջներ, որոնք, որևէ իրավական հիմք չունենալով, կարող են տարածվել, հովանավորվել, և, ի վերջո, խնդիրներ ստեղծել հայկական կողմի համար։ Այդօրինակ նոր, դեռևս քարոզչական թեզերից է մասսայական թաղումների մասին տեղեկությունը, որը վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ակտիվորեն շրջանառել։  Հոկտեմբեր ամսին Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներին տարել, ցուցադրել են Հադրութի շրջանի Ուղտաձոր համայնքում «հայտնաբերած» 12 աճյուն՝ այն ներկայացնելով որպես հայկական ռազմական հանցագործության վկայություն։  Դրան զուգահեռ Ալիևը հարցը բարձրացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում՝ խնդրելով նրան, սեփական լծակներն օգտագործելով, ձեռք բերել, այսպես ասած, եղբայրական գերեզմանների քարտեզը: Ալիևը նաև նշել է,որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որոշակի տեղեկություններ ունի մի շարք զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի մասին՝ հիմնված վկաների ցուցմունքների եւ այլ տեղեկությունների վրա։ 

Ի՞նչ նպատակով է Արդբեջանը զարգացնում այս թեզը՝ քաղաքական նկատառումների՞ց ելնելով, թե խնդիրը կարող է նաև իրավական դաշտ տեղափոխվել։     

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի խոսքով՝ Ադրբեջանն ինչպես դիվանագիտական դաշտում ու միջազգային ամենատարբեր ֆորումներում, այնպես էլ իրավական հարթությունում փորձում է օգտագործել այդ փաստերը՝ որոշակի հաջողությունների հասնելու համար: 

«Բայց միայն այդ փաստը ներկայացնելը կամ միջազգային հանրությանը ցույց տալը, թե կան նման դեպքեր՝ մասսայական թաղումներ բավարար չէ, որովհետև անհայտ է՝ ինչ տեղանքի, ում աճյունի մասին է խոսքը գնում, դրանք միգուցե հայկական գերեզմաններ են: Բազմաթիվ փաստեր ու հակափաստարկներ կան հայերի գերեզմանների՝ ադրբեջանցիների կողմից պղծելու վերաբերյալ, որը հետո որպես ադրբեջանական գերեզմաններ է ներկայացվում: Սա ադրբեջանցիներին բնորոշ գործելակերպ է, պարզապես իրավական հարթությունում հաջողության հասնելու համար այդ փաստերը ներկայացնելը բավարար չէ, պետք է ցույց տալ, թե որքանով են դրանք Հայաստանի Հանրապետությանը վերագրելի:» 

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ զանգվածային գերեզմանների թեման բարձրացնելով՝ Ադրբեջանը փորձում է հակակշիռ ստեղծել իրենց իսկ կատարած  ռազմական հանցագործությունների ու մշակութային վանդալիզմի դեպքերին։ Այս կերպ փորձելով  քողարկել երկրի ագրեսիվ մարտավարությունը:

 «Սա իրենց կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ է, որ հավասարության նշան դրվի իրենց իրականացրած հանցագործությունների և իրենց հայտարարած կեղծ օրակարգերի, տվյալների միջև»: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջպետական գանգատների շրջանակներում Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է զանգվածային գերեզմանոցների հարցը, բայց բավարար ապացուցողական բազա ներկայացնել չի կարող։   

«Դրանք պետք է ստանան պատշաճ հիմնավորում, որպեսզի դատարանը կարողանա եզրահանգման գալ, թե որքանով են այդ դեպքերը վերագրելի Հայաստանին»:

 Այստեղ կա ևս մեկ խնդիր. իրականում Արցախյան առաջին պատերազմում տեղ են գտել  մասսայական թաղումների դեպքեր։ Այս մասին մանրամասնորեն ներկայացված է Լևոն Մելիք-Շահնազարյանի աշխատություններում, որոնք հասանելի են նաև «Ոսկանապատ.ինֆո» կայքէջում։ Լևոն Մելիք-Շահնազարյանը ականատեսի աչքերով է նկարագրում եղելությունը։  Պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները նահանջելու ժամանակ չեն կարողացել կամ չեն ցանկացել իրենց հետ տանել ադրբեջանական զոհերի մարմինները իրենց իսկ ձեռքով  զանգվածային հուղարկավորումներ են արել։ Եղել են նաև դեպքեր, երբ հակասանիտարական  իրավիճակից խուսափելու համար հայերն են մասսայական թաղումներ կազմակերպել: Այնպես որ, լավ փնտրելու դեպքում ադրբեջանցիները կարող են գտնել  իրենց հայրենակիցների աճյունները։ Լիպարիտ Դրմեյանի դիտարկմամբ՝ այստեղ կարևորն այն է, թե ինչ նպատակ է  հետապնդում Ադրբեջանը՝ բարձրացնելով այս թեման։  

«Կարևորը այն է, որ Ադրբեջանը ոչ միայն թաղումների հանգամանքն է բարձրաձայնում  և ընդգծում է մասսայական թաղումները, այլ նարատիվը այն է, որ հայկական զինված ուժերը մասսայաբար սպանել են ադրբեջանցիներին և դրա ապացույցը մասսայական գերեզմաններն են:Բնականաբար, ադրբեջանցին չի խոսի իրենց նահանջելու և զոհված զինծառայողների մարմինները այնտեղ թողնելու մասին: Նարատիվը սա է. հայերը մասսայաբար սպանել են ադրբեջանցիներին, իրականացրել են էթնիկ զտում և դրա վառ ապացույցը մասսայական գերեզմաներն են, իսկ այդ ասվածը շատ լուրջ արգումենտներով ու փաստերով պետք է հիմնավորել»:

 Տարոն Հովհանիսյանը նկատում է՝ Ադրբեջանն այս թեման ակտիվացրեց հայ ռազմագերիների խոշտանգումների տեսանյութերի տարածմանը զուգահեռ: Սա պատահական չէ. այս կերպ փորձ է արվում հավասարության նշան դնել հայերի ու ադրբեջանցիների միջև, թե իբր հայերն էլ պակաս ագրեսոր չեն: Թեման առայժմ միայն տեղեկատվական հարթակում է։ Քաղագետներն ու իրավապաշտպանները  հետագա զարգացումները  չեն կանխատեսում, պարզապես խոստանում են՝ թեման պահել ուշադրության կենտրոնում։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ