Նոյեմբերի 24, 2024

Լաչինի միջանցքի «Էկոլոգիական» ենթատեքստը

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 10, 2022

Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանն   իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն այնպիսի գործողություններ է կատարում, որոնք  նոյեմբերի 9-ի փաստաթղթով  նախատեսված չեն։ Ըստ նրա՝ նման լիազորություններ վերապահված չեն նաև խաղաղապահների կանոնադրությամբ, որին Արցախում տեղի ունեցած հայտնի դեպքերի առնչությամբ ժամանակին հղում էր կատարում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ 

«Նոյեմբերի 9-ի համաձայնագրում հստակ գրված է՝ կողմեր։ Մի կողմը մենք ենք, մյուս կողմը՝ ադրբեջանցիք։ Ռուս խաղաղապահները պետք է այդ կողմերը պահեն»։ 

Նա նաև մեղադրում է իշխանություններին՝ հայկական շահին պատշաճ ձևով տեր չկանգնելու մեջ։ Ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքի  շուրջ․   քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի նպատակները պարզ են՝ քայլ առ քայլ կատարել այն գործողությունները և առաջ բերել այն խաղաքարտերը, որոնք թույլ են տալիս իր օրակարգն առաջ մղել։ Լաչինի միջանցքը հերթական արարն է՝ ըստ նրա։ Իսկ միջանցքը Ռուսաստանը դիտարկել ու դիտարկելու է անհրաժեշտության դեպքում թուրքերի ու ադրբեջանցիների հետ սակարկության առարկա։ Սրա մեջ վերլուծաբանը կասկած չունի։ Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունը պատերազմի ձևով ընթանում է ուկրաինաական ուղղությունում, դիվանագիտական պայքարի ձևով փաստացի դրսևորովում է նաև Կովկասում։ 

 «Այստեղ ելակետային է Իրանի խնդիրը, ռուսական ազդեցության խնդիրը, ընդհանրապես՝ Կովկասի նշանակությունը դեպի Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, այստեղ հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածվում է պայքարի գործիքի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Նրանցից յուրաքանչյուրն ուզում է նախաձեռնությունն իր ձեռքում պահել, և դրանից օգտվում է Ադրբեջանը, նաև օգտագործելով հայկական կողմի նկատմամբ ունեցած իր ռեսուրսային առավելությունը»։ 

«Ռուսաստանն ունի գերխնդիր՝ թույլ չտալ Կովկասում նոր բռնկում։  Նույն խնդիրն ունենք մենք՝ ասում է։ Մեզ համար իրավիճակը բարդանում է նրանով, որ Ռուսաստանը դարձյալ մեր հաշվին է փորձելու «հետաձգել» իր համար   ռիսկային   մեծ պատերազմը, որի բուն մոտիվն, իհարկե, լինելու է Իրանը՝ ասում է զրուցակիցս։ 

«Եթե խոսենք կոնկրետ Լաչինի միջանցքից, ապա գաղտնիք չէ, որ Ադրբեջանը այն փորձում է նույնականացնել, այսպես ասած, «Զանգեզուրյան» միջանցքի հետ՝ իրենց ձևակերպմամբ, այնքանով, որքանով կստացվի»։  

Հակոբ Բադալյանը կարծում է, որ մենք խնդիր ունենք անել առավելագույնը, որպեսզի չստեղծվի մեր որևէ կորուստ Ռուսաստանի վրա «դուրս գրելու» իրավիճակ, քանի որ դա ոչ տեղին, ու նույնիսկ վտանգավոր է նման բարդ իրավիճակում։  

«Մենք հասկանում ենք, որ խաղաղապահները քաղաքականության  գործիքներ են, մեխանիզմ, և այստեղ քաղաքական տրամաբանությունն է աշխատում։ Իսկ այդ տրամաբանությունը հետևյալն է, որ  Ռուսաստանը Արևմուտքի հետ դիմակայության մեջ նախընտրում է Ադրբեջանի հետ  պայմանավորվել, էլ չեմ խոսում Թուրքիայի մասին, քան նրա հետ առճակատման գնալ։ Այլապես Ադրբեջանի հետ կպայմանվորվի Արևմուտքը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այս հանգամանքը լինելու է մշտապես։  Եվ հենց այս հանգամանքն է Բաքուն փորձում օգտագործել»։   

Սա մեր գլխավոր մարտահրավերն է, ասում է Բադալյանը՝ ինչպես աշխատել թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ, որպեսզի քաղաքականության գործիքները աշխատեն հայկական շահի օգտին։  Այս ենթատեքստում քաղաքագետը կարևորում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից բարձրացվող միջազգային մեխանիզմների հարցը, որոնք այդ քաղաքականության գործիքներից մեկն են։ 

«Առկա մեխանիզմը՝ խաղաղապահների մանդատը չի աշխատում արդյունավետ, այլ նախաձեռնողներ փորձում են դա օգտագործել իրենց ռազմավարությունն առաջ մղելու համար։ Այս պայմաններում հայկական կողմին չի մնում այլ բան, քան այդ հարցերը նաև իր տեսնակյունից բերել օրակարգ, մի կողմից ցույց տալով, որ ինքը պատրաստ է դրանց ուղղությամբ աշխատել և ամենևին կաշկանդված չէ գոյություն ունեցող մեխանիզմով և մանդատով, մյուս կողմից ակնկալում է, որ նրանք, ովքեր իրենց գործողություններով կամա թե ակամա կասկածի տակ են դնում եղած մանդատների արդյունավետությունը, պատասխանատվություն ունենան սեփական նախաձեռնությունների շրջանակում և ոչ թե ստեղծեն անվտանգային վակուում, որից փորձելու է շահել և իր օրակարգը առաջ մղել Ադրբեջանը»։

  Լրացուցիչ մեխանիզմների խնդիրը հայական կողմի համար էքզիստենցիալ խնդիր է, զրուցակցիս խոսքով, և անկախ նրանից, թե արդյունավետ է աշխատում մեկ կոնկրետ մեխանիզմը, թե՝ ոչ, մենք պետք է պատրաստ լինենք և առավելագույնն անենք բազմակողմ անվտանգային միջավայրի ձևավորման համար, հատկապես որ աշխարհաքաղաքականությունը հիմա անկանխատեսելի է։

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022 14:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ