Մի քանի օր է, ինչ Ալիևին ուղղված տհաճ հեռախոսազանգեր և ուշագրավ հայտարարություններ են հնչում ԱՄՆ պետքարտուղարությունից։ Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգից հետո այժմ էլ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեի ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները»,- ասել է Փրայսը՝ շեշտելով, որ ամերիկյան կողմը չափազանց լավ է տիրապետում իրավիճակին և որ Լաչինի միջանցքի հարցը ոչ միայն պետքարտուղարի, այլ նաև այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ էր կոչ արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։Ի՞նչ են հուշում Արևմուտքի նման հայտարարությունները և ինչո՞ւ են դրանք հնչում հենց հիմա։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյան․
«Պետք է հաշվի առնել, որ Արցախի շրջափակման գործողությունը տեղի է ունենում աշխարհաքաղաքական աննախադեպ լարման պայմաններում և, ըստ էության, այս խնդրի հետ կապված հետաքրքրություններ ունեցող տարբեր խաղացողներ փորձում են իրենց շահերն առաջ մղել կամ իրենց դիրքերն ամրապնդել կամ, պարզապես, օգտվել ստեղծված իրավիճակից։ Արևմուտքի ակտիվությունը գրանցվել է շրջափակման հենց սկզբից էլ, պարզապես արգելափակման շարունակականությանը զուգահեռ այդ ակտիվությունը ևս աճ է արձանագրել։ Եվ դա պայմանավորված է ստեղծված իրավիճակում ինչպես հումանիտար խնդիրների նկատմամբ սեփական հետաքրքրությունը և հետևողականությունը ցուցաբերելու Արևմուտքի քաղաքականությամբ, այնպես էլ, հաշվի առնելով նաև ՌԴ պատասխանատվությունը ճգնաժամի համատեքստում, Ռուսաստանի թերությունները, անկարողությունները ի ցույց դնելու քաղաքականությամբ»։
Քաղաքագետը հիշեցնում է՝ Ուկրաինայում պատերազմի հենց սկզբից Արևմուտքի քաղաքական ուղեգծերից մեկն էլ եղել է ՌԴ ազդեցության գոտի հանդիսացող տարածաշրջաններում Մոսկվայի դիրքերի թուլացումը։ Լաչինի միջանցքի արգելափակումն ու 40-ից ավելի օր այն վերաբացելու անկարողությունը լավ առիթ են Արևմուտքի համար քարոզչական տեսանկյունից՝ ՌԴ հեղինակության նվազեցման համար։Այս համատեքստում, ըստ Պետրոսյանի, դժվար թե ԱՄՆ-ից հնչող կոչերը այս պահին շոշափելի արդյունքներ տան, քանի որ դա կնշանակի ՌԴ անկարողության բացահայտ ցուցադրում։ Ըստ քաղաքագետի՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը հավանաբար դեռ որոշ ժամանակ փակ կմնա։ Առավել ևս, որ ռուս խաղաղապահների համար միջանցքի մասնակի բաց լինելն ու հրապարակային ելույթների մակարդակով ՌԴ-ի ու Ադրբեջանի դիրքրորշումների որոշակի մերձեցումը հուշում է, որ երկու երկրների միջև որոշակի փոխհամաձայնություններ կան այս մասով։
«Այսինքն՝ 40 օր և ավելի ՌԴ-ն չի կարողանում բացել միջանցքը ու հանկարծ Արևմուտքի զանգերով կամ բանաձևերի ընդունմամբ միջանցքը բացվում է։ Սա նշանակում է ՌԴ դիրքերի թուլացման ակնհայտ ի ցույց դնելու իրողություն, որի ուղղությամբ էլ հենց սկզբից աշխատել է արևմտյան քարոզչությունը»։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ նախօրեի բրյուսելյան այցի ժամանակ արած հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի վերաբացումն ունի երկու՝ ռազմական կամ դիվանագիտական լուծում, քաղաքագետը կարծում է, որ նախարարը կրկնել է պարզ իրողությունը, որն առանց այդ էլ ակնհայտ է։ Մինչդեռ որպես պաշտոնական հայտարարություն՝ նման խոսքը նորություն է։
«Այո, պաշտոնական մակարդակում նման հայտարարությունը առաջին անգամ է, բայց պարզ իրողություն է, որ միջանցքի բացման երկու եղանակ կա մեծ հաշվով՝ ռազմականն է ու դիվանագիտականը։ Եթե դիվանագիտականը ենթադրում է բանակցություններ և փոխզիջումներ, դրանց բացակայության դեպքում նաև ճնշումներ, ապա ռազմականի դեպքում շատ պարզ է, թե ինչպիսի սցենարով կարող են գնալ զարգացումները։ Բայց նման պարագայում, արդյոք, ՀՀ-ն ունի՞ համապատասխան ներուժ՝ ռազմական սցենարն առաջ մղելու համար։ Կարծում եմ՝ դա հղի է ծանր հետևանքներով։ Զուգահեռաբար չեմ տեսնում որևէ արտատարածաշրջանային խաղացողի քակնհայտ հետաքրքրությունը, որ կարող է նոր պատերազմի դեպքում գալ ու աջակցել Հայաստանին։ Ես գոնե նման բացահայտ միտումներ չեմ տեսնում»։
Ի՞նչ ընթացք կունենան աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում, Հայաստանն ու Արցախն այդ «խառնարանից» դուրս կգան շահա՞ծ, թե՞ կրկին կորցրած՝ դեռ վաղ է ասել։ Մեկ բան ակնհայտ է՝ աշխարհն ապրում է ճակատագրական փոփոխությունների շրջան, որում արցախյան համառությունը, համբերությունն ու դիմադրության ուժը նույնպես կարող են ճակատագրական լինել։