Մարտի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքները հավասարապես կարևոր են։ Շոլցը նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության և Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ։ Այդ հայտարարությունները շատ ուշագրավ են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանիան հարաբերականորեն զուսպ դիրքորոշում ուներ թե՛ Հայաստանի, թե՛ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Թեմայի շուրջ Դավիթ Եղիազարյանը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
1. Ինչո՞վ է կարևոր Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ փաստացի նոր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հիմնախնդրի վերաբերյալ։
— Հանրային դաշտում նման մակարդակով, իհարկե, նման հայտարարություններ շատ վաղուց չէին արվել։ Համենայն դեպս, սովորաբար Գերմանիան մշտապես համակարծիք է եղել Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշումների հետ, որոնք արտահայտվել են տարիներ շարունակ, բայց չափազանց կարևոր է, որ հենց այս պայմաններում, հենց այս իրավիճակում, հենց այս ժամանակահատվածում Գերմանիան նման հայտարարություն է անում, այսինքն, ըստ էության՝ բացառիկ մի դեպք է, երբ նման գերտերության ղեկավարն ըստ էության ֆիքսում է ազգերի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքը նաև, բնականաբար, վերապահում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Սա կարծում եմ չափազանց կարևոր նրբություն և առանձնահատկություն է և կարծում եմ՝ սա մի կարևոր հնարավորություն է բացում մեր դիվանագիտության համար, եթե իհարկե մեր դիվանագիտությունը նման ցանկություն ունենա, ապա, իհարկե, կարող է նաև նման հայտարարությունների հիման վրա սկսել շատ հստակ աշխատանք կատարել։ Եվ երկրորդ կարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ըստ էության այս հայտարարությամբ, մեծ հաշվով, ի չիք է արվում այն մոտեցումը կամ այն հայտարարությունները, համաձայն որոնց միջազգային հանրությունն այլ տարբերակ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար։ Սա միջազգային հանրության լավագույն արձագանքն է նման հայտարարություններին և նման պնդումներին, այնպես որ, իմ խորին համոզմունքն է, որ այս հայտարարության ու այլ հայտարարությունների արդյունքում մենք կարող ենք այս ուղղությամբ աշխատանք տանել։
2․ Շոլցը նաև անդրադարձել է Արցախում առկա մարդասիրական ճգնաժամին։ Կարո՞ղ ենք ասել, որ աճում է միջազգային հետաքրքրվածությունն Արցախով՝ հաշվի առնելով նաև Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը։
— Վստահ եմ, որ և՛ դատարանի վճիռը, և՛ընդհանրապես՝ այն գործընթացները, որ տեղի ունեցան վերջին երկու ամիսների ընթացքում գալիս են ապացուցելու, որ Ալիևը, մեծ հաշվով, որոշ հարցերում սխալ հաշվարկներ է իրականացրել։ Կարծում եմ մասնավորապես Ալիևը հաշվարկել էր, որ միջազգային հանրությունն առանձնապես ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորի ուշադրությունը սևեռված կլիներ Ուկրաինայի վրա և միջազգային հանրությունը պարզապես աչք կփակեր կամ ուղղակի ժամանակ չէր ունենա զբաղվել ադրբեջանական այս ավանտյուրայով։ Բայց փաստը մնում է փաստ, որ միջազգային հանրությունը․ միջազգային կազմակերպությունները, միջազգային ամենահեղինակավոր կառույցները, զլմ-ներն անդրադարձան այս հարցին և բոլորը միանշանակորեն իրենց գնահատականները տալիս էին այս գործընթացին։ Կարծում եմ սա Ալիևի սծալ հաշվարկներից մեկն էր։Եվրամիության՝ Հայաստանի սահմաններում դիտորդական առաքելության կազմում Գերմանիան ներկայացված է լինելու 15 ոստիկանով։
3․ Արդյոք Գերմանիան փորձու՞մ է երկար դադարից հետո վերադառնալ տարածաշրջան, և կապվա՞ծ է դա արդյոք տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի փոփոխության հետ։
— Ընդհանրապես հավաքական Արևմուտքը և Ռուսաստանը լրջագույն մրցակցության մեջ են և նման մրցակցություն, կարծում եմ, չի եղել Սառը պատերազմի ավարտից հետո, այսինքն՝ 90-ականներից հետո նման մրցակցության ականատեսը չենք եղել, և հիմա այդ մրցակցությունը շատ ագրեսիվ և շատ ավելի կոշտ է դարձել, քան երբևէ։ Բնական է, որ հավաքական Արևմուտքի թիվ մեկ նպատակը, ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում Ռուսաստանի ազդեցության կրճատումն է կամ Ռուսաստանին հակազդելու քաղաքականությունը․ սա գաղտնիք չէ, սա բաց քաղաքականություն է, նաև ռազմավարական բնույթ ունեցող քաղաքականություն, այսինքն, կա նման հստակ ռազմավարություն, որ Ռուսաստանին պետք է տարածաշրջանից դուրս մղել և նորից եմ ասում՝ սա չի վերաբերում միայն Հարավային Կովկասին, սա նշանակում է՝ Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, այսինքն, որտեղ կա ռուս-ամերիկյան շահերի բախում կամ ռուս-արևմտյան շահերի բախում, նրանք այս մրցակցության մեջ են։ Եվ բնական է, որ պետք է Միացյալ Նահանգներն ամեն ինչ անի Ռուսաստանին ազդեցության գոտիներից զրկելու համար, իսկ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ այդ ազդեցության գոտիներից չզրկվի ու շարունակի ազդեցությունը պահպանել այն տարածաշրջաններում, որտեղ որ ունեցել է։ Սա նորմալ աշխարհաքաղաքական մրցակցություն է և սրան հենց այդ տրամաբանության մեջ է պետք նայել, և Գերմանիայի քաղաքականությունը, նաև ակտիվությունը պետք է պայմանավորել այս գլոբալ մրցակցային գործընթացով։