Նոյեմբերի 21, 2024

Ինչո՞ւ է Բաքվի նոր պահանջը հնչում Բրյուսելից

By Անահիտ Ստեփանյան Դեկտեմբերի 16, 2021
Ինչո՞ւ է Բաքվի նոր պահանջը հնչում Բրյուսելից Aparaj

Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» միջև: Չնայած Լաչինի միջանցքի կարգավիճակն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» մասին այնտեղ ոչ մի խոսք չկա, Ադրբեջանի նախագահը որոշակի իրավունքներ է ներկայացնում։ Թեմայի շուրջ «Արցախ» լրատվականը զրուցել է ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի հետ։
Պաշտոնական Բաքվի հերթական հոխորտանքը հնչեց ոչ թե Ադրբեջանից, այլ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։ Այսինքն, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայտարարությունը խեղաթյուրվել է արևմտյան ռազմական ալյանսի մոտ ու ներկայությամբ, իսկ գուցե նաև՝ դրդմամբ։ Արտգործնախարար Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ սա ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական հաշվարկ։


«Մինչ այդ նրանք հանդիպում են ունեցել Սոչիում։ Այնտեղ Իլհամ Ալիեւը նման հարցեր չի բարձրաձայնել, ինչու՞, որովհետեւ, պարզ ասած, համարձակություն չի ունեցել։ Չեմ կարծում, թե Ռուսաստանը սա չի նկատում, քանի որ իրենց փաստի առաջ են կանգնեցնում։ Սա աշխարհաքաղաքական հայտ է, որով Ադրբեջանը փորձում է հարվածել Արցախին, մասնատել Հայաստանը: Բայց այս ամենն ուղղված է ոչ միայն հայոց պետականությանը, այլեւ ՌԴ-ին»։

Մենք ծանոթ ենք ադրբեջանական հսկիչ կետերի գործունեությանը՝ ասում է Դավիթ Բաբայանը, և նշում, որ Լաչինի միջանցքն ադրբեջանական հսկողության տակ տեղափոխելն անթույլատրելի է, քանի որ այն կարող է հանգեցնել նաև պատերազմի։ Իսկ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն Ադրբեջանի ու, առավել ևս, Թուրքիայի համար աշխարահաքաղաքական նշանակություն ունի՝ համոզված է արտգործնախարարը։ Ընդ որում, այն շոշափում է ոչ միայն հայկական պետությունների շահերը։

«Էրդողանի եւ այդ գորշ գայլերի ղեկավարի ցուցադրած թյուրքական աշխարհի քարտեզում Հայաստանը չկա, Ռուսաստանի ընդարձակ տարածնքներն՝ ընդհուպ մինչեւ Յակուտիա, Սառուցյալ օվկիանոս, ընդգրկված են այնտեղ։ Այդ բոլորն իրենց պատկերացմամբ Թուրան պետք է լինի։ Եւ, փաստորեն, սա այդ ծրագրերի իրականացումն է։ Այդ ամենը պլացդարմ է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, հետագայում նաեւ Եվրոպայի դեմ»։

Ալիևի քաղաքականությունը դուրս է իրավական տիրույթից։ Նրա քայլերը որևէ առնչություն չունեն եռակողմ հայտարարության դրույթների հետ։ Ավելին, այսօր, Դավիթ Բաբայանի խոսքով, ադրբեջանական կողմը շրջանառում է մի քանի միջանցքների գոյության իրավունքի հարցը․

«Մեկը՝ Մեղրիում, մյուսը՝ օկուպացված Քարվաճառի ու Նախիջևանի միջեւ: Վաղն էլ կարող են ասել Գյումրիով էլ ենք միջանցք ուզում։ Ավելին, ասում են՝ միջանցքը պետք է լինի հայկական հսկողությունից դուրս, սա նշանակում է՝ նաեւ ռուսական վերահսկողությունից դուրս։ Նրանք ուզում են ինչ-որ տարածքներ կտրել եւ Նախիջեւանը միացնել օկուպացված Արցախի տարածքների հետ, սրանով նաեւ տիրանալով Սյունիքին»։

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո տարածված հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ չհիշատակումը ներկայացնել որպես հաղթաթուղթ, նշանակում է ցանկալին ներկայացնել իրականության տեղ։ Դավիթ Բաբայանը վստահ է՝ դա չի նշանակում, թե վերջինս վայր է դրել մանդատը։ Եվ սա նույնպես հակառուսական քայլ է։


«Եթե ասում են, որ ԵԱՀԿ ՄԽ եւ եռանախագահության մասին չի խոսվել, դա նշանակում է, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան պետք է դուրս մղվեն այդ գործընթացներից։ Սրանով ուզում են նաեւ անուղղակի ձեւով հարվածել Ռուսաստանին։ Այս հայտարարությունը մենք չպետք է հիմք ընդունենք եւ ասենք, որ այսուհետ ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահությունն անելիք չունի»։
Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ առաջիկայում հակամարտության լուծման խնդրում առաջնայինը շարունակելու է մնալ հումանիտար և մարդասիրական հարցերի լուծումը:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021 13:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ