Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին, հիմնականում ասկերանցիների կողմից հերթապահություն է իրականացվում: Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 29-ին, երբ Ադրբեջանն իր իսկ կողմից սովահարության մատնված արցախցիներին ադրբեջանական Կարմիր մահիկի տարբերանշանով բեռնատարներով պարենի ներկրման անվան տակ փորձել է ապահովել իր քաղաքացիների մուտքն Արցախ՝ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով հասնելով մինչև Ասկերանի մատույցներ։ Ասկերանցիներն ինքնակազմակերպվելով, փակել են ադրբեջանցիների ճանապարհը, չթողնելով նրանց առաջ շարժվել։ Ինչ իրավիճակ է այս պահին այնտեղ․ լսենք Սրբուհի Վանյանի ռեպորտաժը։
Անցած շաբաթն Արցախի համար ծայրահեղ լարված էր․ շրջափակման պատճառով ի հայտ եկած անվտանգային ու հումանիտար մարտահրավերներին զուգահեռ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք նոր իրավիճակ ստեղծեցին: Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից երեք հայ ուսանողի առևանգման դեպքը, Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնության՝ Կոռնիձորով Արցախ ուղևորվելը, դրան ի հակադրում, գուցե, Ադրբեջանի կողմից Ակնայով Ստեփանակերտ բեռների շտապ ուղարկելը հուշում էին․ Արցախի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացները նոր փուլ են մտնում։ Համաժողովրդական ընդվզումն ինքնաբուխ հավաքների ձևով արտահայտվեց, որին հետևեց հայտնի գիշերային խորհրդակցությունն Ազգային ժողովում, ապա` հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ իր հրաժարականի մասին հայտարարությունը։ Ինքաբուխ հավաք կազմակերպվեց նաև Ասկերանի մուտքի մոտ: Նպատակը մեկն էր․ թույլ չտալ ադրբեջանական բեռի և նրանց հետ՝ ադրբեջանցիների մուտքն Արցախ։ Առաջինն այնտեղ ժամանել է Հերմինե խաչատրյանը, իրեն միանալու կոչով, քանի որ չի ուզում թույլ տալ, որ իր զոհված եղբոր և մեր մյուս զոհված եղբայրների գործն ի չիք դառնա։
Ասկերանցիներն այսօր էլ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին վերահսկողություն են իրականացնում։ Հերմինեն իր սոցիալական էջերում հաճախ է կիսվում տպավորությամբ և քաջալերում իր խոսքով ու երգով։ Հերմինեն կոչ է հղում մեզ՝ իր հայրենակիցներին։ Կոչին միանում են այնտեղ հերթապահություն իրականացնող իր ընկերները ևս։
«Սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ ենք, պայքարում ենք, որ նորից հաղթնակներ տոնենք։ Իմ հորդորն ու կոչն են՝ եկեք համախմբվենք, միասին շարունակենք մեր պայքարը։ Կոչս նաև Ստեփանակերտի ղեկավարությանն է ուղղված․ էտ ավտոբուսները, եթե կան, տրամադրեք, մարդիկ հավաքվեն։ Շրջաններից էլ են ուզում։
Ժողովուրդ 2 հացով մի խաբվեք, ոտքով էլ լինի՝ եկեք»։
Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն ասում է, որ սկզբում շատ լարված էր իրավիճակը, լարվածությունը շարունակվել է 2-3 օր։ «Ենթադրվում է, որ Արցախի իշխանությունների հետ էլ որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել, որ այդ` Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով «հումանիտար» բեռը մտնի Արցախ, դրա փոխարեն իբր թե` Քաշաթաղի միջանցքով բեռներ տեղափոխեն», ասում է Գաբրիելյանը, բայց ժողովուրդն ընդվզել է՝ մերժելով և ռուսաստանյան խաղաղապահների, ապա և` իշխանությունների՝ ճանապարհը բացելու հորդորը։ Հերմինեի կոչից էլ ենթադրվում է, որ այս հարցում հանրությունն ու իշխանությունը տարբեր մոտեցում ունեն։ Ալյոշա Գաբրիելյանն է մեկնաբանում․
«Ժողովուրդը բոլոր դեպքերում ճիշտ է գտել և կարողացել է դեմն առնել, գտնում եմ, որ ճիշտ է արել։ Հիմա, փաստորեն ադրբեջանցիները Կարմիր մահիկի 2 մեքենաներով և անձնակազմով (ես խիստ կասկածում եմ, որ դա այդ կազմակերպության անձնակազմն է, այդքան աշխատող երևի չունեն էլ), ինչպես Շուշիում են արել այսպես ասած էկոակտիվիստների ակցիան, պետականորեն կազմակերպված հասել են այստեղ։ Մտածում են երևի, որ հնարավոր կլինի ինչ որ ճանապարհներ գտնել, պայմանավորվածություններ ձեռք բերել այդ բեռները տեղափոխելու համար»:
Քանի որ Ակնայի կողմից ճանապարհին տեղակայվել են մեծ թվով ադրբեջանցիներ, ասկերանցիներն էլ այս կողմից են հերթապահություն անում։ Մեր ոստիկաններն էլ անմիջապես պատասխանատվություն են կրում ճանապարհի այդ հատվածի համար, ասում է զրուցակիցս, ստուգվում են նաև ռուսաստանյան խաղաղապահների մեքենաները։
«Խաղաղապահ ուժերի մեքենաներն են ստուգում, կասկածանքներ են եղել, որ նրանք ինչ որ անձանց են բերում, ադրբեջանցի կամ նրանց պատվերը կատարող սպա, որը հետազոտում է մեր դիրքերը, հավաքները, նկարահանումներ կատարում՝ տեղեկություններ փոխանցում։ Դրա համար մեր ոստիկանները վերահսկում են։ Ասկերանի քաղաքապետի, ժողովրդի ջանքերով էլ կազմակերպվել է հերթապահություն՝ գիշերային ժամերին, իսկ ցերեկը ավելի խաղաղ է»:
Հերթապահությանը մասնակցում են նաև կողքի գյուղերից, Ստեփանակերտից խմբեր` ևս, ասում է Ալյոշա Գաբրիելյանը։
Այս պահին իրավիճակը հանգիստ է, ոչ լարված, բայց աչալրջությունը չի խանգարի, ասում է նա։ Թե ի՞նչ է պայմանավորվել իշխանությունը և ու՞մ հետ՝ բնակչությունն իմանալ չի ուզում։ Հասկանում են մի բան, որքան էլ սոված լինեն, իրենք Ադրբեջանի չակերտավոր «օգնությունը» չեն ուզում ընդունել, քանի որ համոզմունք ունեն․
«Ոչ մի անգամ չպիտի թույլ տանք, որ ճանապարհը բացվի, այս ճանապարհի բացումը նշանակում է ինտեգրման առաջին քայլ։ Ադրբեջանն էլ դրա մասին բազմիցս խոսել է։ Դրա համար էլ ժողովուրդը որոշում է կայցրել, որ այդ բեռները չեն անցնելու։ Դա մեզ համար անընդունելի է։ Մենք ունենք միջազգայնորեն փաստաթղթով ստորագրած Լաչինի կամ Բերձորի միջանցք, դա էլ մեր միակ ճանապարհն է»։
Ալյոշա Գաբրիելյանը զուգահեռներ է անցկացնում 90-ականների հետ․ այն ժամանակ դժվար էր, բայց այսքան մենակ չէինք, ասում է, և կոչ անում իշխանություններին` արդար լինել սեփական ժողովրդի նկատմամբ, ժողովուրդը համբերատար իր պայքարն առաջ է տանում, և իշխանությունները դրանից հետևություններ, պիտի որ անեն ու կանգնեն ժողովրդի կողքին։