Նոյեմբերի 24, 2024

Սեփականության իրավունք՝ ռազմական դրության պայմաններում

By Սրբուհի Վանյան Մայիսի 02, 2022

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից անցյալ շաբաթ հայտարարություն է տարածվել այն մասին, որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում կառավարությունը վերանայում է սեփականատերերից գույքի վարձակալության պայմանները։ Որոշում է կայացվել համապատասխան հանձնաժողովի կողմից խնդրահարույց դեպքերը քննելու և անբարեխիղճ սեփականատերերից սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքն օգտագործման վերցնելու մասին։ Հանրության շրջանում սա մի կողմից անբարեխիղճ սեփականատերերի նկատմամբ որպես ճնշման մեխանիզմ է ընկալվում, մյուս կողմից՝ հարցեր առաջացնում սեփականության իրավունքի անձեռնմխելիության մասով։ Սրբուհի Վանյանի անդրադարձը։

 

Նախարարության կողմից սահմանվել են ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգ ու պայմաններ, որից ելնելով անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վարձակալության պայմանագրերի փոփոխություններն ամրագրելու համար դիմել նախարարության համապատասխան բաժին: Պայմանագիրը փոփոխության չենթարկելու դեպքում, սույն թվականի մարտի 11-ից վարձավճարների փոխհատուցումը կդադարեցվի, իսկ արդեն հունիսի 1-ից պայմանագիրը կլուծվի։ Լիազոր մարմինը, առկա ռազմական դրության վրա հղում կատարելով, տեղեկացրել էր, որ ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծել է հանձնաժողով, որն էլ քննելու և որոշում է կայացնելու  գույքը վերցնելու անհրաժեշտության մասին: Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում՝ այն կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով՝ լիազորված մարմնի  ներկայացրած որոշման հիման վրա: Այս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել և հարցեր են առաջացրել քաղաքացիների մոտ։ Նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանն է պարզաբանումներ տվել «Արցախ» լրատվականին: Հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը նոր չէ՝ ասում է։ Այն ընդունվել էր անցյալ տարվա օգոստոսին։

«Անհրաժեշտությունից ելնելով՝ ուղղակի հանձնաժողովի կազմն է փոփոխության ենթարկվում։ Հանձնաժողովն իր նպատակի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները․ ԱՀ կառավարության կողմից սահմանված հատուկ կարգին ու պայմաններին համապատասխան ֆիզիկական, իրավաբանական անձանց գույքը վերցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կազմակերպում է քննարկումներ, որի արդյունքներից ելնելով որոշում սեփականատիրոջ գույքը վերցնելու անհրաժեշտությունը»։

Ինչո՞ւ է այս որոշումը շահարկումների տեղիք տվել, ի՞նչ կապ ունեն վերոնշյալ երկու փաստաթղթերն իրար հետ, և կապ ունե՞ն, թե՞՝ ոչ: Ամեն դեպքում բնակչությունն այս երկու որոշումները մեկ տիրույթում է ընկալում։ Վիկտորյա Պետրոսյանի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը դեռ հաստատված չէ, իսկ, այսպես ասած, վարձավճարների պայմանագրերի վերաբերյալ որոշումն արդեն գործում է։

«Վարձավճարների որոշումն առանձին որոշում է։ Ըստ դրա՝ տանտերերն իրենք էին սահմանում վարձը, և պետությունից կամ քաղաքացուց  լրացուցիչ վճար էին վերցնում։ Մարտի 14-ի 199 որոշմամբ արդեն վարձավճարների տրամադրման պայմանները փոխվել են, և Ստեփանակերտում վարձավճարը հաշվարկվում է ըստ քառակուսի մետրի։ Շրջաններում՝ ըստ սենյակների։ Հյուրանոցների դեպքում էլ փոփոխություններ են կատարվել։ Ըստ նոր որոշման՝ մոնիթորինգ է անցկացվում, 15-օրյա պարբերականությամբ ստուգումներ են անցկացվում, և եթե անբարեխիղճ սեփականատերեր են լինում՝ նրանց գործը ռազմական դրության ժամանակ քննության է առնում արդեն ստեղծված հանձնաժողովը»։

Որոշման այս փոփոխությունը ենթադրում է նաև, որ անկախ նրանից, պետության հետ վարձակալության պայմանագիր ունի՞ քաղաքացին, թե՞՝ ոչ, ռազմական դրության պայմաններում պետությունն իրավունք ունի հանրային գերակա շահերի համար օգտագործման վերցնել քաղաքացու գույքը։ Նոր պայմաններով պայմանագրերի կնքման անհրաժեշտությունը ծագել է ոլորտում առաջացած մի շարք խնդիրներով, այդ թվում՝ հատկապես Ստեփանակերտ քաղաքում, անբարեխիղճ տանտերերի կողմից վարձավճարների թանկացման հետ կապված բողոքների արդյունքում՝ այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմներն ուժեղացնելու նկատառումներից ելնելով։ Կառավարության նոր պահանջից հետո պայմանագրերը լուծելու դեպքեր են գրանցվել։

«Բողոքներ եղել են, և այդ հիմքով եղել են նաև պայմանագիրը խզելու դեպքեր։ Նոր որոշումը որոշ սեփականատերերի ձեռնտու չէ, քանի որ երբ սենյակների թվի վրա էր հաշվարկվում վարձավճարը, հաճախ մեկ սենյակը կիսում և կրկնակի գումար էին պահանջում»։

Ինչ վերաբերում է դեպքերի քննությունը հանձնաժողովի հայեցողությանը թողնելուն, ապա այստեղ էլ կարող են հարցեր առաջանալ․ ստացվում է՝ յուրաքանչյուր խնդրահարույց դեպք պետք է անհատապես քննության առնվի․ խնդիրներ չե՞ն ծագի, արդյոք, սուբյեկտիվ մոտեցման հետ կապված, կամ ինչպես կլուծվեն կենցաղային վեճերը վարձակալների ու սեփականատերերի միջև։   

«Նման դեպքեր, իհարկե, լինում են։ Բայց պետք է ասեմ, որ դրանք օդում չեն մնում, մեր աշխատակիցների միջնորդությամբ հարցը լուծվում է»։

Փոխվու՞մ է սեփականության իրավունքը ռազմական դրության պայմաններում, ի՞նչ է ենթադրում ռազմական դրության ժամանակ սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող գույքի՝ օգտագործման իրավունքով պետության կողմից անժամկետ վերցնելը, ինչպե՞ս պետք է դա արվի, արդյոք դա չի՞ հակասում մարդու սահմանադրական իրավունքներին։ Ի՞նչ իրավունքներ և պարտավորություններ ունեն պայմանագրի երկու կողմերը՝ իրավաբան Ռոման Երիցյանն է մեկնաբանում։ Ըստ նրա՝ ստեղծված հանձնաժողովի նպատակը ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ԱՀ օրենքով սահմանված իրավահարաբերության կատարումն է։

«Որպեսզի հասկանանք, թե ինչքանով է նշված նորմը սահմանադրական, և այն չի՞ խախտում արդյոք անձի սեփականության իրավունքը, պետք է մեջբերենք մի շարք միջազգային, սահմանադրական և այլ իրավական նորմեր․ գույքի նկատմամբ անձի անձեռնմխելիության իրավունք՝ ճանաչված  և պաշտպանված է թե՛ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, թե՛ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթներով, թե՛ քաղաքացիական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով ու  իրավական ակտերով։ Սահմանադրությունը թույլատրելի է համարում պետության միջամտությունն առանց դատարանի որոշման, սակայն դրա համար անհրաժեշտ դիտարկում երկու նախապայման։ Առաջինը հանրային գերակա շահն է,  երկրորդը՝ որ սեփականատիրոջը պետք է տրվի համարժեք փոխհատուցում։ Ռազմական դրության ռեժիմի մասին օրենքը խոսում է փոխհատուցման մասին՝ անկախ նրանից, թե գույքը կամավո՞ր է  տրվում, թե՞ հարկադիր»։

Սեփականության իրավունքի մասին, նաև ռազմական դրության պայմաններում, օրենսդրությունը հստակ կարգավորումներ տալիս է։ Այնտեղ գոյություն ունեն  նաև կարգավորող նորմեր համարժեք փոխհատուցման  չափի վերաբերյալ։

«Ամփոփելով  կարող ենք արձանագրել, որ պետության այս միջոցառումները օրինական կարող են համարվել միայն այն դեպքում, եթե պահպանվեն   վերը շարադրված պայմանները։ Ինչու եմ նշում այս մասին, որովհետև սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ խոսք չկա սեփականատիրոջը տրվող համարժեք փոխհատուցման մասին»։

Բայց չէ ո՞ր պետությունն ընդամենը օգտագործման իրավունքով է վերցնում այդ գույքը և անձին սեփականության իրավունքից չի զրկում։ Եվ  մ՞իթե վարձավճարն ինքնին փոխհատուցում չէ գույքի դիմաց։  Իրավաբանի խոսքով՝ օրենսդրությամբ տարբերակումներ կան։ Վարձակալության և վերոնշյալ իրավահարաբերության մեջ կան հսկայական տարբերություններ՝ ասում է զրուցակիցս։  Պետության կողմից անհրաժեշտության դեպքում գույքը վերցնելու պարագայում սեփականատիրոջ համաձայնությունը պարտադիր չէ, պարտադիր պայման է հանրային գերակա շահը։ Վարձակալության դեպքում անձն ինքն է որոշում վարձակալության գինը, այն կարող է փոփոխել, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չկնքել։ Իսկ պետության կողմից օգտագործման վերցնելու դեպքում հատուցման սահմանված արժեք գոյություն ունի, և սեփականատերը ստիպված է սահմանափակվել այդ գումարով։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ