Անասնաբուծությունը գյուղատնտեսության այն ուղղությունն է, որտեղ, առկա խնդիրները երկարաժամկետ լուծում են պահանջում։ Մինչ պատերազմը դրանց մի մասը, կարծես թե, հաջողվել էր հաղթահարել` ոլորտը դուրս բերելով արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակից։ 44-օրյա պատերազմը նոր մարտահրավերներ առաջադրեց։ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը խոսելով ոլորտում առկա խնդիրներից ու առաջիկա ծրագրերից նկատում է՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ բուսաբուծությունն ու անասնաբուծությունը համաչափ չեն զարգանում: Դա բացատրելի է․ բուսաբուծության արդյունքերը ձևավորվում են մեկ-երկու տարում, անասնաբուծության արդյունքերը ստանալու համար այդ ժամանակահատվածը բավարար չէ։
«Բուսաբուծությունն ու անասնապահությունը, կարծես թե, համաչափ չէին զարգանում մինչև պատերազմը։ Անասնապահության ոլորտում հաջողություններ արձանագրելու համար կան պարտադիր պայմաններ․ պետք է ունենալ առողջ գլխաքանակ, կայուն կերային բազա, բարձր մթերատու կենդանիներ։ Այս բոլոր ուղղություններով 2000 թվականից սկսած կառավարության կողմից մի շարք միջոցառումներ էին իրականացվում, որոնց արդյունքում մինչ պատերազմն արդեն բավականին հաջողություններ ունեինք»։
Տիգրան Առստամյանը ներկայացնում է այն ցուցանիշները, որոնք կատարված աշխատանքի շնորհիվ արդեն կային և բավարար նախադրյալներ էին ստեղծել ոլորտի հետագա զարգացման համար։
«Վերջին հինգ տարվա տվյալները բերեմ, որոնք ցույց են տալիս, որ տարեցտարի անասնապահության համախառն արտադրանքը հավասարվել, իսկ որոշ ժամանակահատվածում անցել է բուսաբուծության ցուցանիշներից։ Այս երկու ճյուղի համաչափ զարգացման դեպքում ընդհանուր արդյունքը միանշանակ բարձր է լինում»։
Պատերազմը փոխեց գործերի ընթացքը։ Խնդիրներին գումարվել են նորերը՝ արոտավայրերի սակավություն, անասունների՝ ոչ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների անցում, նյութական արժեքների կորուստ, կերային մշակաբույսերի մշակության կամ ներկրման ոչ բավարար պայմաններ, և այլն։ Պատերազմը, սակայն, չփոխեց պլանները՝ Արցախում անասնաբուծության զարգացումը մնում է գերակա խնդիր, և նախարարությունն այդ ուղղությամբ անելիքներ ունի։
«Պատերազմից հետո գյուղատնտեսությունը կաթվածահար վճակում է հայտնվել․ մեծ վնասներ ենք կրել թե՛ գլխաքանակի առումով, թե՛ արոտավայրերի ու ցանքատարածությունների։ Այս ամենն իր բացասական ազդեցությունն է թողել ճյուղի վրա։ 2021 թվականին համախառն արտադրանքում բուսաբուծության մասը կազմել է 24,5 տոկոս, անասնապահությունը՝ 75,5 տոկոս։ Որպես ոլորտի պատասխանատու ինձ, իհարկե, չի ուրախացնում այս 75,5 տոկոսը, քանի որ դա պայմանավորված է մարդկանց՝ իրենց անասունները վաճառելու գործոնով։ Դա պատերազմի ազդեցությունն է, մարդկանց թերհավատությունը, կորոնավիրուսի հետևանքը»։
Գյուղատնտեսության երկու ճյուղերը սերտ կապված են իրար և զուգահեռ համաչափ զարգացման դեպքում է հնարավոր ոլորտի ընդհանուր զարգացումը։ Տ․ Առստամյանի խոսքով՝ Արցախում այդ զարգացումն ապահովելու համար կա բավարար ռեսուրս, բայց նախ պետք է վերականգնել մինչ պատերազմն արձանագրված ցուցանիշները։
«Առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու մինչպատերազմյան ցուցանիշները, դեռ վիրավոր ենք։ Իհարկե, հետագայում զարգացման միտումով։ Հիմա թփուտակալված արոտներն ենք մաքրելու՝ արոտների բարեկարգման ծրագրով, պետք է բայց մարդկանց հոգեբանական վիճակն առողջացնենք, ապա ինքնաբավության հասնենք»։
Տիգրան Առստամյանն անդրադարձավ նաև այն միջոցառումներին, որոնք միտված են ճյուղի վերականգնմանը։
«Անասունների պահվածքի բարելավման ուղղությամբ ենք իրականացնում ծրագրեր, ինչպես նաև՝ անասնաբուծական մթերքների վերամշակման, արտադրամասերի, սպանդանոցների, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և վերանորոգման ծրագիր կա։ Ունենք անասնապահության խթանան ծրագիր։ Ելնելով մի շարք խնդիրներից, նպատակահարմար ենք գտնում աջակցել հիմնականում այն ֆերմերներին, որոնք հետաքրքրված են անասունների փակ պահվածքով»։
Խնդիրները ոլորտում շատ են, դրանց լուծման մի մասը պետությունն իր վրա է վերցրել։ Փոխնախարարը համոզմունք է հայտնում, որ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հնարավոր է լինելու առաջիկայում հաղթահարել պատերազմով պայմանավորված վիճակը և գյուղմթերքի մասով ինքնաբավ լինել։