Նոյեմբերի 23, 2024

ԱԺ նախագահը պարգևատրել է սոցիալական ոլորտի աշխատողներին

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 24, 2022

Պարգևատրվել են համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցներ: 91 տարվա աշխատանքային ճանապարհ ունեցող կառույցը, հայրենիքի համար ճակատագրական բոլոր փուլերում  կրել է հանրության սոցիալական պաշտպանվածության ապահովման պարտականությունը: Այսօրվա պարգևատրման արարողությունը նաև առիթ է հնչեցնելու շնորհակալական խոսքեր այն գործի նկատմամբ, որը, ցավոք, շատ հաճախ մնում է դեռևս չլուծված հարցերի ստվերում՝ ասում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: 

«Շնորհակալության խոսքս նվիրված է յուրաքանչյուրին: Բոլոր նրանց, ովքեր սրտացավությամբ և գիտակցաբար ամեն օրը նվիրում են հանրության սոցիալական տարբեր խավերի հոգսերը թեթևացնելուն և խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու նոր հնարավորությունների ընձեռմանը: Ուզում եմ վստահեցնել, որ Արցախի օրենսդիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել և աջակցություն ցուցաբերել բոլոր այն ծրագրերում, որոնք պիտի բարձրացնեն մեր հայրենակիցների սոցիալական ապահովվածության և պաշտպանվածության մակարդակը»: 

Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի, երկարամյա ամբասիր աշխատանքի և սոցիալական աշխատանքի օրվա առթիվ՝ ոլորտի աշխատողները պարգևատրվել են ԱԺ պատվոգրով և ծաղկեփնջերով: Սմելլա Սարուխանյանը արդեն 46 տարի է համարկարգի աշխատող է: Աշխատել է հասարակության խոցելի խավերի նեիկայացուցիչների հետ և, ինչպես ինքն է  ասում, փորձել է լինել բարեխիղճ:

 «Որտեղ էլ, որ աշխատել եմ, աշխատել եմ նվիրումով: Սա մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն՝ հետագայում էլ ավելի լավ աշխատելու համար: Եվ ուզում եմ նշել, որ այս պարգևը մեր բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է»: 

Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ նույն ոգով շարունակելու են իրենց կարևոր գործն ու շտկելու են բոլոր թերացումները: Նախարար Արմինե Պետրոսյանի խոսքով՝ անելիքները առջևում կդառնան ավելի տեսանելի՝ ի նպաստ մեր հասարակության: 

«Այս վերաբերմունքը շատ մեծ    նշանակություն ունի: Դա ամենամեծ խթանն է, որպեսզի այն ինչ արվում է, էլ ավելի ճիշտ ուղու վրա դրվի և էլ ավելի մեծ ջանքեր գործադրվի արդեն արվածի վրա»:

 Հետպատերազմյան շրջանը աշխատանքի նոր որակ և հմտություններ է պահանջում: Ոլորտը նոր աշխատաոճ և ռազմավարություն է որդեգրել,  ինչն արտացոլվել է նաև կառույցի անվան մեջ։  ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այսուհետ նախարարության վարած  քաղաքականությունը մեր երկիրը տանելու է սոցիալապես զարգացած և ինքնաբավ քաղաքացու երկիր դառնալու ճանապարհով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ