Նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք, ծանոթացել Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին։ Նախագահը զրուցել է Դահրավի ապագա բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։ Ամալյա Սարգսյանը ծրագրի շահառուներից է։ Իրենց ապագա տան շինարարությանը բազմանդամ ընտանիքի մայրը հետևում է ամենայն ուշադրությամբ և անհամբերությամբ։
Հանրապետության Նախագահը, Ջրային կոմիտեի նախագահ Գրիգորի Հայրիյանի ուղեկցությամբ այցելել է նաև վերջերս շահագործման հանձնված Հիլիսի ջրամբարի տարածք։ Ջրամբարը ոռոգովի է դարձրել ավելի քան 300 հա հողատարածք։ Նախագիծն իրականացվել է պատերազմից հետո, պետական միջոցներով։
Մյուս մասշտաբային ծրագիրը, որը ևս կյանքի է կոչվել պետական միջոցներով, Սովետարխի ոռոգման համակարգի կառուցումն է, որի մայր ջրատարն ու ջրաբաշխիչ ավազանները շահագործման են հանձնվել շաբաթներ առաջ։ Արդյունքում շրջանի ավելի քան 2000 հա հողատարածք ոռոգման ջուր կունենա։ Ջրային կոմիտեի նախագահը հետագա ծրագրերն է ներկայացնում։
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ու այլ պաշտոնատար անձինք։