Պատերազմից հետո ԱՀ Դատախազությունը մի քանի անգամ անդրադարձել է աջակցության ծրագրերի չարաշահումներին․ դրանք հիմնականում կապված էին պաշտոնեական դիրքի չարաշահումների հետ։ Բայց Դատախազության վերջին հաղորդագրությունն այլ բնույթի էր։ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար պետությունը, համաձայնության գալով անշարժ գույքի սեփականատերի հետ, վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու համար: Պայմանով, որ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցվելու է վերանորոգման ծախսը: Ծրագիրը շահավետ էր երկու կողմերի համար էլ։ Բայց, երբ կառավարությունը որոշեց բնակվարձի փոխհատուցման փոխարեն տեղահանված քաղաքացիներին 40 հազարական դրամ աջակցություն տրամադրել, աջակցության այս ծրագրի շահառու ընտանքիները խնդիրների առաջ կանգնեցին՝ մանրամասնում է գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Գալստյանը:
«Բնակարանների սեփականատերերի կողմից, մեր համոզմամբ, ոչ օրինական պահանջներ են ներկայացվել տեղահանված քաղաքացիներին: Բնակարանի սեփականատերերը տեղեկանալով, որ իրենց վարձատուները չեն հանդիսանում 40 հազարական դրամների ծրագրի շահառուներ և հավելյալ գումարներ չեն կարող գանձել նրանցից՝ պահանջում են լքել տունը, չնայած, ըստ նախնական պայմանավորվածության և կնքված առկա բանավոր և գրավոր պայմանագրերի, նրանք իրավունք չունեն հավելյալ գումար պահանջելու»:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում արդեն մեկնարկել են դատախազական ստուգումներ: Արմեն Գալստյանի խոսքով՝ դիմում բողոքի հիման վրա կատարված ստուգումները ցույց են տալիս, որ կան նախադրյալներ պետության գույքային շահի և խոցելի քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ:
«Հարցումներ են ուղարկվել պատկան լիազոր մարմիններ՝ քաղաքաշինության նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն նաև բնակարանային հարցերի կոմիտե։ Շուտով ամփոփ տեղեկատվություն կունենանք այն մարդկանց մասին, որոնց հետ կնքվել են պայմանագրեր՝ աջակցության այս ծրագրի շրջանակներում»:
Ներկայացված դիմում-բողոքների արդյունքում լիազոր մարմինների կողմից նախ հանդիպումներ, քննարկումներ ու բացատրական աշխատանքներ են տարվելու սեփականատերերի հետ, հետո արդեն, անհրաժեշտության դեպքում, իրավական գործընթաց է սկսվելու՝ ասում է Արմեն Գալստյանը: Նաև հիշեցնում՝ նման իրավիճակներից զերծ մնալու համար պետք է բարեխղճորեն կատարել պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները: Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ քիչ չեն եղել խախտումները նաև պետական աջակցության այլ ծրագրերի հետ կապված:
«Բազմաթիվ են եղել խախտումները, անգամ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Անհիմն հարստացած այդ անձանցից հետ են պահանջվել գումարները: Այս ընթացքում հայտնաբերել ենք մոտավոր 70-80 մլն դրամի անհիմն հարստացման դեպքեր»:
Դատախազությունը հետամուտ է լինում նաև լրատվամիջոցներով արված հրապարակումները ստուգելուն և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալուն՝ ասում է գլխավոր դատախազի տեղակալը։ Այդ հրապարակումների շարքից են «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության, ինչպես նաև ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: Արմեն Գալստյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում այս գործով իրավախախտման դեպքի իսկությունը պարզելու համար:
«Մենք պլանավորել ենք վարույթի իրականացումը ինտենսիվ կերպով, առանց հապաղելու կատարվում են նախնական ստուգողական գործողություներ: Այն հանձնարարված է Արցախի Ոստիկանության տնտեսական կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությանը: Առայժմ նախնական տվյալների ամփոփումը հնարավոր չէ, քանի որը հաղորդման ստուգման համար սահմանված տասնօրյա ժամկետը դեռ չի լրացել: Բավարար հիմքերի առկայության դեպքում կհարուցվի քրեական գործ և հետագա քննությունը բազմակողմանի և ամբողջական կընթանա և մեր քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները կտրվեն: Այս գործով տարբեր վարկածներ կան»:
Իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման հարցում Դատախազությունն ակնկալում է նաև քաղաքացիների սրտացավությունն ու բարձր քաղաքացիական պատասխանատվությունը։