Նոյեմբերի 22, 2024

Հարկային մարմինը եկամուտների ու տուրքերի մասին տեղեկատվություն է հրապարակել․ դրանք գերակատարվել են ավելի քան 17%-ով

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 17, 2022

«Հաշվետու տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 36 մլրդ 338 մլն դրամ՝ հարկային եկամուտների և տուրքերի տեսքով,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ՊԵԿ կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը։- Դա պլանավորված ցուցանիշը գերազանցում է ավելի քան 17 տոկոսով կամ 5 մլրդ 338 մլն դրամով»:

Ինչպիսի՞ կառուցվածք ունեն բյուջետային մուտքերը՝ ըստ տնտեսության ճյուղերի, Մանուշ Հովհաննիսյանը մանրամասնում է․ 

«Բյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներից հավաքագրված գումարները, իսկ ըստ եկամտատեսակների մեծ տեսակարար կշիռ են կազմում ավելացված արժեքի հարկը և եկամտային հարկը»։

 Դրանցից առաջինի հաշվին, մեր զրուցակցի խոսքով, ապահովվել է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների 40,5 % -ը, իսկ երկրորդի հաշվին՝ և 30,8 %-ը։ Հավաքագրված եկամուտները, եկամուտների հաշվառման վարչության պետի իրազեկմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել են 50,5 տոկոսով կամ 12 մլրդ 192 մլն դրամով: 

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նման աճը պայմանավորված է գրեթե բոլոր ոլորտներում իրացման շրջանառությունների աճով և 2022թ. պետական հատվածի աշխատողների աշխատավարձի ֆոնդի աճով, ինչպես նաև հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ»։ 

«Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի 78.8 %-ը կամ 28 մլրդ 647 մլն դրամը ապահովել են խոշոր հարկ վճարողները»,- ասում է զրուցակիցս։ Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար բարեփոխումներ են կատարվում․ նաև՝ օրենսդրական դաշտում։ Հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի կողմից հաստատվեցին 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում նախաձեռնված փոփոխությունները, համաձայն որի պլանային առաջադրանքն ավելացվեց 5 մլրդ․ դրամով՝ պարզաբանում է Մանուշ Հովհաննիսյանը։ Այժմ Պետեկամուտների կոմիտեն դրա հետ կապված վերլուծական աշխատանքներ է իրականացնում՝ հնարավոր ռեզերվների բացահայտման և մուտքերի լիարժեք ապահովման նպատակով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ