Նոյեմբերի 21, 2024

Ունե՞նք, արդյոք, հացի խնդիր, և որքա՞ն կհերիքեն պաշարները

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 15, 2022
 Արցախում  հիշում են 90-ականների սովն էլ, ցուրտն էլ: Այդ ժամանակ էլ ունեցել ենք պաշարված հայրենիք ու դիմակայելու հաստատակամություն։    Նույնիսկ ամենաանհրաժեշտ ապրանքների  մատակարարումն է դադարեցված։ Իսկ խանութներում որոշ ապրանքատեսակների ցուցափեղկեր արդեն դատարկվել են։    Խանութների,բենզալցակայանների, դեղատների ու հացի փուռերի  մոտ հերթեր են գոյանում: Գազով աշխատող հացատները  չեն աշխատում: Փայտով ու էլեկտրաէներգիայով աշխատող հացատներն էլ աշխատում են ծանրաբեռնված: «Հացի պակաս կամ  խնդիր չկա»,-հավաստիացնում է թոնրատներից մեկի տնօրենը՝ Սասուն Հակոբջանյանը: 
 
«Հացի ու ալյուրի հետ կապված խնդիր չեմ տեսնում, ուղղակի մի քիչ պահանջարկն է շատացել, աշխատում ենք բոլորին հասցնել: Հերթեր լինում են, բայց աշխատում ենք, թեկուզ քիչ քանակությամբ, բայց բոլորին ապահովել: Միշտ թխելու ենք, հաց միշտ լինելու է»:  
 
 Ստեփանակերտի թոնրատներն աշխատում են   24-ժամյա ռեժիմով՝ ապահովելու ավելացած պահանջարկը: Սասուն Հակոբջանյանն ասում է, որ լրացուցիչ աշխատող ձեռքերի կարիք ունեն։ Կարևորն   այն է, որ քաղաքացիները նույնպես հացի խնդիր չեն տեսնում: «Կոփված ենք, դիմացկուն: Եթե հացի պակաս լինի, դրան էլ կդիմանանք»,-ասում է քաղաքացին, ուվ զրույցի բռնվեց մեզ հետ: 
 
«Ընդհանրապես խնդիր չկա: Տարբերությունն այն է, որ առաջ, օրինակ՝ ամեն րոպե բերում էին խանութները հացով լցնում, հիմա առավոտյան, կեսօրին ու երեկոյան են բերում: Ամեն ապրանք էլ կա, կյանքը իր հունով շարունակվում է: Անհանգստանում ենք սահմանին կանգնածների համար, այն մարդկանց համար, որոնց ընտանիքների մի մասն այստեղ է մյուս մասը Հայաստանում»:
 
  «Մենք արդեն համակերպվել ենք այս կյանքին»-,ասում է մյուս զրուցակիցս: Հացի, պարենի, վառելիքի խնդիրն Արցախում ապրողների համար առաջնային չէ, կարևորը խաղաղություն լինի ու այս մի փորձությունն էլ հաղթահարվի։ 
 
«Մենք գիտեինք, որ մեզ սպասվում է նման բան, դրա համար մենք խուճապի մեջ չենք, հանգիստ ապրում ենք, մինչև տեսնենք ինչ կլինի: Հուսով ենք, որ ամեն  ինչ լավ է լինելու»:
 
 Խուճապի մատնվելու առիթ ու պատճառ չեն տեսնում նաև ոլորտի պատասխանատուները: Արցախում կան բավարար պաշարներ՝ վստահեցնում են։  Դրանք հերիքելու են դեռ երկար ժամանակ՝ ասում է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը: 
 
«Այս պահի դրությամբ գործում են  մինչև շրջափակումը գործող բոլոր ալրաղացներն ու հացի փուռերը, բացառությամբ մեկի, որը գազով էր աշխատում: Նույն ձևով աշխատում են, խուճապի մաստնվելու կարիք չկա: Մենք բավականին պաշար ունենք՝ երկար ժամանակ դիմակայելու համար»:  
 
«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն ամենօրյա կապի մեջ է շրջանների վարչակազմի ղեկավարների հետ: Իրավիճակը նույնն է նաև շրջաններում: 
 
«Շրջվարչակազմների ղեկավարները ներկայացնում են պահանջարկը, մենք ապահովում ենք: Այս պահի դրությամբ մի շարք հացի փուռերի և տնտեսվարող սուբյեկտների, որոնք հայտ են ներկայացրել տրամադրվել են ալյուր: Խնդիր չկա նաև այստեղ»: 
 
 Շրջափակումից ավելի քան 80 ժամ անց հանրապետությունում հացի խնդիր  չկա: Խնդիրն այլ է. ռեսուրսների ճիշտ կառավարում: Ոչ ոք չգիտի՝ երբ է բացվելու բառի ամենաուղիղ իմաստով «կյանքի ճանապարհը»: Այս իրավիճակում խնայելն, այնուամենայնիվ, անհրաժեշտություն է, և խոսքը ոչ միայն հացի կամ պարենի մասին է, այլ նաև մյուս բոլոր  անհրաժեշտ ապրանքատեսակների:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022 11:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ