Նոյեմբերի 21, 2024

Համայնքներում մանկապարտեզները շարունակում են աշխատել ներքին պաշարներով

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 25, 2023

Հանրապետությունում մանկապարտեզները դժվարությամբ, սակայն շարունակում են աշխատել: Որոշ սննդատեսակների պակասին ավելացել է նաև հացի խնդիրը: Ի տարբերություն մայրաքաղաքի, իրավիճակը համայնքներում, կարծես, ավելի վերահսկելի է: Վիկտորյա Սարգսյանի այսօրվա ռեպորտաժը` Մարտունու շրջանի Սոս և Բերդաշեն համայնքների մանկապարտեզների մասին է:

 Սոսի պետական մանկապարտեզում հաշվառված 27 երեխայից, հաստատություն այսօր հաճախել է 19-ը: Բացականերն անհարգելի չեն` ասում է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Ստեփանյանը: Երեխաներից ոմանք հիվանդ են, մյուսներն էլ, տեղումնալից եղանակի պատճառով, ոտքով չեն կարողացել հասնել մանկապարտեզ: Հեռախոսից այն կողմ երեխաների ձայներն են լսվում: Նախաճաշից հետո դասապատրաստման ժամն է:

Սոսի պետական պանկապերտեզում սննդի խնդիր գրեթե չկա: Տնօրենի խոսքով` ժամանակին հոգացել են առաջին անհրաժեշտության սննդամթերքների հարցը:

«Ձավարեղենը, մակարոնեղենը, ձեթը և շաքարավազը հիմնադրամից անվճար ստացել ենք: Ամենամեծ խնդիրն այս պահին հացի խնդիրն է, որը դժվարությամբ ենք ձեռք բերում: Իսկ բանջարեղենը և մրգերը մատակարարվում են Գիշի գյուղից: Բանջարեղենը, մրգերը, տավարի միսը և մնացած սննդատեսակներն ստանում ենք շաբաթվա կտրվածքով»:

Մանկապարտեզն այսօր բավարարվում է օրական 8 հացով` նախկին 13-ի փոխարեն: Հրատապ խնդիրներից տնօրենն առանձնացնում է նաև ջրի խնդիրը: Մանկապարտեզը երեկ ամբողջ օրը ջուր չի ունեցել:

«Մեր ջուրը պահեստային է: Տանիքում ունենք 1 տոննա տարողությամբ տարա: Սակայն գյուղում ջրի սակավության պատճառով նույնիսկ այդ տարան չենք կարողանում լցնել: Օր է լինում, որ ընդհանրապես ջուր չի լինում: Ու այս դեպքում տներից շշով բերում ենք: Դաստիարակները, ծնողները շշերով ջուր են բերում աղբյուրից խմելու, կերակուր պատրաստելու և ամանները լվանալու համար»:

Պատկերը գրեթե նույնն է Բերդաշեն գյուղում: 17 տարվա գործունեության ընթացքում Սիմոն Սողոմոնյանի անվան պետական մանկապարտեզն առաջին անգամ է բախվել սննդամթերքի սղության խնդրին` ասում է դաստիարակ Լարա Հովսեփյանը:

«Սննդամթերքի սղության պատճառով առօրյան մի քիչ դժվար է անցնում: Մենք գյուղում բարերարներ ունենք, որոնք որոշակի քանակությամբ սննդամթերք են տալիս մանկապարտեզին: Իսկ մենք էլ, ըստ մեր պլանի, շարունակում ենք աշխատել, փորձում ենք մեր ուժերով երեխաների առօրյան հետաքրքիր կազմակերպել: Բայց սննդամթերքի սղության պատճառով մի քիչ դժվար է»:

Մանկապարտեզը հացի խնդիր չունի: 34 երեխային անհրաժեշտ 8-11 հացն ամեն օր մատակարարվում է: Փոխարենը, նոր ուսումնական տարվան ընդառաջ մանկապարտեզը գրեթե չունի գրենական պարագարներ:

Բերդաշենի Սիմոն Սողոմոնյանի անվան մանկապարտեզում առօրյան հետաքրքիր է անցնում: Վերջերս դաստիարակները տիկնիկներ են պատրաստել ու երեխաների համար տիկնիկային ներկայացումներ բեմադրել: «Շունն ու կատուն», «Երեք խոզուկներն» ու «Չարի վերջը» արդեն ներկայացվել են փոքրիկ հանդիսատեսի դատին:

«Մենք մեր ձեռքերով պատրաստել ենք տիկնիկներ, շիրմա ենք պատրաստել ու դաստիարակներով տիկնիկային թատրոն ենք կազմակերպել: Երեխաների համար շատ հետաքրքիր է անցել: Բացի դրանից նաև խաղեր ու համերգներ ենք կազմակերպում»:

Սոսի պետական մանկապարտեզում երեխաների ժամանցը հիմնականում կազմակերպվում է մանկապարտեզի ներսում, քանի որ խաղահրապարակը դատարկ է: Շրջվարչակազմի կողմից վերջերս նվեր են ստացել հեռուստացույց: Երեխաները գոնե սիրելի մուլտֆիլմերը դիտելու հնարավորություն ունեն:

Խնդիրներից ու մտահոգություններից բացի, երեխաների հարցերն են նաև շատացել:

«Մի անգամ երեխաներից մեկը հարցրել է` ինչու՞ ենք ամեն օր նույն բանն ուտում: Առաջ շատ լավ էր մեր սննդակարգը: Իսկ հիմա նկատում են ու հարցեր տալիս: Բայց չեն պահանջում, շատ հասկացող են մեր երեխաները»:

Զրուցակիցներիս խոսքով` մանկապարտեզները փակելու վտանգ դեռ չկա: Իրենց պաշարներով կշարունակեն աշխատել ու անել հնարավորը` երեխաներին` շրջափակման պարտադրած խնդիրներից մի փոքր հեռու պահելու համար:

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ