Նոյեմբերի 23, 2024

Սարսանգում ջուրը նվազում է օրական 50 սմ֊ով

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 28, 2023
Սարսանգում ջուրը նվազում է օրական 50 սմ֊ով photo credits: Davit Ghahramanyan
Սարսանգում ջուրը նվազում է օրական 50 սմ֊ով: Այն բանից հետո, երբ դադարեց էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից, Արցախի էներգաապահովման ամբողջ բեռն ընկավ մեր  միակ  ջրամբարի ուսերին։ Թե որքան տխուր է վիճակը Սարսանգի ջրամբարում, շատերս իմացանք ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի հրապարակած լուսանկարներից։  Սարսանգն անճանաչելիորեն փոխվել է։ Դա սպառնալիք է ոչ միայն շրջակա բնության համար, կարող է էներգետիկ կոլապս ստեղծվել։ Որքա՞ն կդիմանա ջրամբարը, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի՝ վերականգնելու նրա պաշարները՝ երբ  այսօր այնտեղ ջրի մակարդակն իջնում է օրական կես մետրով։   Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայիրյան. 
 
«Սարսանգի հէկ-ն աշխատում է համարյա թե ամբողջ հզորությամբ։ Օրեցօր, ժամ առ ժամ ջրի մակարդակն իջնում է։ Համեմատած անցած տարվա նույն ժամանակահատված հետ՝ ջրի բավականին ցածր նիշ ունենք։ Ավելի քան 8մ ցածր նիշ։ Ներկա դրությամբ ունենք ջրի քանակի շատ ավելի մեծ ծախս։ Երբ ջրամբարի նիշը բարձր է լինում, համապատասխան քանակի էլեկտրաէներգիա ստանալու համար ծախսվում է ավելի քիչ քանակի ջուր, ինչքան նիշն իջնում է, ճնշումը քչանում է և նույն քանակի էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի շատ ջուր է անհրաժեշտ լինում»։
 
 Եթե շրջափակումը շարունակվի, իսկ Հայաստանից Արցախ եկող միակ էլեկրտագիծը չվերանորոգվի, երկիրը կանգնելու է լուրջ վտանգների առջև՝ ասում է Գեորգի Հայրիյանը։ Եթե այսպես շարունակվի,  էլետրաէներգիայի հովհարային անջատումներն օրական 6 ժամի փոխարեն 18 ժամ կլինեն։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է հարուցել նաև ապագայի համար։ Ջրամբարը պաշարները վերականգնելու, այն  մինչև շրջափակումը եղած  մակարդակին հասցնելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվելու։ Ջրամբարի լցվելը  կախված է գարնանային սելավների քանակից՝ ասում է ջրային կոմիտեի նախագահը։ 
 
«Ջրի մուտքը ջրամբար կազմում է 4մ խորանարդ։ Դա շատ ցածր է։ Թարթառի հոսքը կարող է կազմել մինչև 30, 40, 50մ խորանարդ։ Սարսանգի ջրամբարը լցվում է ձնհալի ժամանակաշրջանում՝ գետերի ջրերի վարարումների ժամանակ։ Հաշվի առնելով  և վերլուծելով վերջին տարիների փորձը՝   հասկանում ենք, որ մենք 2023թ չենք կարող ջրի մակարդակը   վերականգնել, հասցնել այն նույն մակարդակին, որով մտել ենք 2023թ»։
 
Սարսանգում ջրի  մակարդակի ցածր լինելը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին։ Նախօրեին խնդրին անդրադարձել էր հանրապետության նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու նշել, որ    ջրամբարի մակարդակն իջնելու պատճառով ոռոգման շրջանում  Ադրբեջանում գտնվող մոտ 96,000 հա հողատարածք բավարար ջուր չի ստանա։ ։ Խնդրի մասին խոսել է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը՝ փետրվարի 23-ի իր ուղերձում։ 
 
«Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու ադրբեջանցի հողօգտագործողների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հա հողատարածքների ոռոգման համար»։ 
 
Եթե ամառային ու գարնանային եղանակներին ադրբեջանական կողմը ոռոգման համար ջուր պահանջի, մենք չենք  կարողանալու տալ՝ ասում է Գեորգի Հայիրյանը։ Մատակարարելու դեպքում 2023-2024 թթ․ ձմռան համար սեփական  էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն չենք ունենա՝ ասում է։  
 
«Բանակցություններ այս պահի դրությամբ չեն ընթանում։ Նախորդ երկու տարիներին Ադրբեջանի ջրային տնտեսության հետ բանակցություններ էր վարվում։ Դրա մասին բազմիցս բացատրվել է։ 96000 հա-ը նախագծային թիվն է։ Ես չգիտեմ հիմա իրենք ինչքան են ոռոգում, այդ տվյալները մեզ համար անհասանելի է։ Բայց ամեն դեպքում մեկ բան պարզ է, ինչքան էլ որ լինի տարածքը, ոռոգման խնդիր կունենան»։
 
Շրջափակումը շատերիս կյանքն է փոխել՝ այն բաժանելով  մինչևի և հետոյի։ Այդպես է նաև Սարսանգի ջրամբարի համար։  Միակ բանը, որ կարող ենք մենք անել մեր միակ ջրամբարի համար՝ Էլեկտրաէներգիան  խնայողաբար օգտագործելն է։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ