Դեկտեմբերի 03, 2024

Ինչպե՞ս կաշխատի գնագոյացման վերահսկման նոր մեխանիզմը

By Սրբուհի Վանյան Մարտի 09, 2023
Ինչպե՞ս կաշխատի գնագոյացման վերահսկման նոր մեխանիզմը Azatutyun

Արցախի Կառավարության կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել: Հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին։ Այն խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի։

Արցախի շրջափակման հետևանքով պարենային շուկայում բազմաթիվ խնդիրներ են առաջացել․ դրանցից մեկը գնաճն է։ Իրացվող ապրանքատեսակների սղությունը գնագոյացման հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացրել, արձանագրվել են նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքեր։ Իրավիճակը կարող էր անկառավարելի դառնալ, եթե պետական միջամտությունն ուշանար։

«Թանկ է, մարդիկ աշխատանք չունեն, փող չեն ստանում, տարբեր խանութներում տարբեր գներ են, մի՞թե վերահսկող չկա, ժողովուրդը մեղք է չէ՞, մեկն ունի, մեկը՝ ոչ»։ 

Խանութ մտած և գների թանկության պատճառով առանց ապրանք գնելու խանութից դուրս եկող Աիդա Գրիգորյանն է իր վերաբերմունքն արտահայտում։ Մյուս գնորդների խոսքում էլ դժգոհության երանգներ կային․

«Ցանկացած խանութ մտեք՝ 20, 50, 70 -ով տարբեր են գները։ Շոկոլադը մի տեղ՝ 5000, մի տեղ՝ 4200, մի տեղ՝ մի ուրիշ»։

«Կողմ ենք, իհարկե, կողմ ենք վերահսկողությանը։ Էժան ստանում են, թանկ՝ վաճառում, մեկ լիմոնը 600 դրամ արժե, էդպես չի լինի»։

Խնդրին լուծում տալու համար Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել է մանրածախ վաճառքում գտնվող ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որը վերաբերում է նաև ապրանքի մանրածախ գնի առավելագույն սահմանաչափին։Ստեփանակերտի բնակիչներն այս որոշմանը կողմ են արտահայտվում։ Մարինե Ղահրիյանը կարծում է, որ վաղուց էր պետք։

«Պետք է անել, քանի որ  առիթից շատերն օգտվում են և գները բարձրացնում։ Վերահսկողություն պետք է։ Շատերն առանց աշխատանքի են մնացել, բայց ուտել պետք է»։

Ըստ Կառավարության նոր որոշման՝  գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանն է մանրամասնում․

«Կառավարության այդ որոշումը հանդիսանում է ռազմական դրության ժամանակ իրավական կարգավորիչ գործիքակազմ, և հենց դրանով է պայմանավորված, որ նորմատիվային կարգի խախտումը  բերում է վարչական պատասխանատվության»։

Կարգը ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որ նախատեսում են իրացնել, հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝
500․000 - 1․000․000 դրամի չափով։ Լևոն Սարգսյանն ասում է, որ Ստեփանակերտ քաղաքը բաժանել են 3 պայմանական գոտու, որոնցից մեկի նկատմամբ վերահսկողություն ու դիտարկում է իրականացնելու Հանրային ծառայություննները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը, մյուսինը՝ Պետեկամուտների կոմիտեն, երրորդինը՝ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն։ Շրջաններում այդ պարտականությունները, ինչպես և նշված է կառավարության հաղորդագրության մեջ, դրված են համայնքների ու վարչակազմերի վրա։

«Քաղաքացիներն էլ որևէ խախտում տեսնելուց կարող են  հորդորել, որ տնտեսվարողը գները համաձայնեցնի ըստ այս կարգի, կարող են զանգել նաև թեժ գիծ՝ տեղյակ պահելու անբարեխիղճ տնտեսվարողի մասին։ Համապատասխան մարմիններն այդ դեպքը ստուգելուց հետո հարուցելու են  վարչական վարույթ և ընթացք են տալու։ Միակ ձևը պատասխանատվությունից խուսափելու՝ գները համաձայնեցնելն է»։

Լևոն Սարգսյանը պարզաբանում է՝ խոսքը միայն կենտրոնացված կարգով ապրանքների մասին չէ, այլ վաճառքում հայտնված ցանկացած ապրանքի, նույնիսկ եթե տնտեսվարողն այն ձեռք է բերել սեփական նախաձեռնությամբ։Կկարողանանա՞ն նման ձևով աշխատել տնտեսվարողները, թե՞ բիզնեսը կկանգնի նոր ռիսկերի առաջ՝ սեփականատերերը խնդիրների մասին խոսում են, բայց  առանց ձայնագրիչի։ Ռիսկեր կան, ասում են, և այս որոշման արդյունքում լինելու են նաև գործունեությունը դադարեցնող տնտեսվարողներ։Այսօր և վաղը կկազմակերպվի տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ