Մարտի 28, 2024

Անգամ մի բազկով կարելի է եռագույն բարձրացնել

By Արուսյակ Կապուկչյան Հունվարի 28, 2022

Հոգեկան ու ֆիզիկական ընկճվածությունը հաղթահարել ոչ միայն հնարավոր, այլ նաև պարտադիր է․ «Բազկամարդ» գրքի հեղինակը սա ասում է բառերով, հերոսը՝ ցույց տալիս կյանքի պատմությամբ։ Մարտիկ ու մարզիկ Սարգիս Ստեփանյանը 2014-ին չեզոք գոտուց վիրավոր զինվոր դուրս բերելիս ծանր վիրավորվեց, կորցրեց երկու ոտքը, մեկ ձեռքը։ 3 վերջույթ կորցրած մարդը 3 ամսում ոտքի կանգնեց, 3 տարում՝ դարձավ բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ հայոց բանակի 30-րդ տարեդարձին իր կյանքի մասին գրքի ու ֆիլմի շնորհանդեսին է եկել։ Գրքի հեղինակ, ռազմական լրագրող Դավիթ Դավթյանն ասում է՝ «Բազկամարդ»-ը էմոցիոնալ գիրք է՝ առանց ավելորդ հուզականության․ 

«Բազկամարդն առաջին հերթին առանց էմոցիաների գիրք է, համենայն դեպս մինիմալի ենք հասցրել, որ մարդիկ ամենակարևոր խորհուրդներն ու ուղերձները հասկանան։ Փորձել ենք զգայուն հարցերին ավելի լուրջ մոտենալ, որ ընթերցողը, դժբախտություն ապրած մարդը, ընտանիքը կարողանան մոտիվացիայի որևէ տարր գտնել, կարողանա տեսնել, որ կա կենդանի օրինակ՝ մեր կողքին, մեր օրերում ապրող մարդ, որը հաղթահարել է ամենաբարդ բանը և էստաֆետը փոխանցում է մյուսներին»։ 

Մինչ Սարգիս Ստեփանյանը հյուրերին է դիմավորում, գրքի հեղինակը պատմում է՝ Սարգիսը բացառիկ է, քանի որ ամենածայրահեղ վիճակից անգերազանցելի բարձունքի է հասել։ Նա, ասում է, իր օրինակով է ցույց տալիս, թե ինչպես է պետք տրամադրվել կյանքի, ստացած հարվածների, ապագայի նկատմամբ։ 

«Ամենակարևոր շնորհը ոչ միայն չեմպիոն լինելն է, այլև այն, որ իր հետևից տանում է մարդկանց։ 44-օրյա պատերազմի վիրավորներին, հաշմանդամություն ունեցող տղաներին հերթով այցելում է, զրուցում է, խնդրում է, բերում է վերականգնողական կենտրոն ու ասում՝ դու պիտի քայլես, դու կարող ես քայլել»։ 

Այս ամենը նկարագրված է գրքում։ Շնորհանդեսի հյուրերը, որոնք արդեն ձեռք են բերել այն, ժամանակ չեն կորցնում։ Մինչ գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը՝ «Ոտքի կանգնիր»-ը կմեկնարկի, դահլիճում նստածներն արդեն ընթերցում են․ 

«Արդեն չեմ կարողանում կտրվել գրքից, այնքան հետաքրքիր են կյանքն ու գործունեությունը։ Կարծում եմ՝ նմանօրինակ հերոսներով է վերաիմաստավորվում մեր վաղվա օրը, արդեն ուզում եմ կիսվել նրանով, ինչ հասցրել եմ կարդալ»։

 Սարգիսը ֆիլմի մեկնարկից առաջ հասցնում է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն, ինչ կյանքով է ապացուցել։ 

«Անկախ ամեն ինչից, անկախ դժվարություններից, հոգեկան ու ֆիզիկական վիրավորման աստիճանից՝ կյանքը շարունակվում է, և պետք է լիարժեք ապրենք, արդյունավետ ապրենք»։ 

Այլ մարդկանց ուժ տվողն իր ամենաամուր հենարանն ունի․ կինը, երեխաները մշտապես օգնել են հաղթահարել անհաղթահարելին։

«Վիրավորման պահին Սարգիսը կապիտան էր, ես պիտի մայոր լինեի»՝ այսպես է կինը՝ Անահիտը որոշել, որ միայն ամուսնուց ուժեղ լինելով կկարողանա օգնել նրան։ Հաջորդ՝ ամենամեծ օգնությունը երկու որդիներից էր։ Սարգիսը պատմում է՝ երկար ժամանակ խուսափել է հանդիպումից, չի ուզել իրեն այդպես տեսնեն․ 

«Եկան, մտան սենյակ, ես ամեն ինչ կատակի տվեցի՝ պապայի ոտքերը կնոպկով կլինի, կսեխմենք կերկարի-կկարճանա, բայց իրենք շատ ուժեղ ընդունեցին, ոչ թե ուժեղ, այլ շատ-շատ ուժեղ, ու էդ վերաբերմունքն ինձ 360 աստիճան փոխեց։ Եթե մի քիչ թուլացել էի, միանգամից լցվեցի ուժով»։

 Սարգսի համբերությունը վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց մոտ 10 օր հետո հատեց։ Խնդրեց, որ իրեն հիվանդասենյակ տանեն։ Բժիշկը դեմ էր․ պայման դրեց՝ եթե առանց ցավազրկման վիրակապդ փոխենք, դիմանաս, կտեղափոխենք հիվանդասենյակ։ Խոստովանում է՝ ամեն ինչ արեց, դիտավորյալ փոքր-ինչ ուժեղ ձգեց, որ դեռ վերակենդանացման բաժանմունքում պահի։ Բայց Սարգիսն ավելի համառ ու ուժեղ էր։ Հիվանդանոց մտնելուց 28 օր անց դուրս եկավ այնտեղից։ Դրանից մի քանի օր անց իրեն արիության մեդալ շնորհեցին, ուրախանալու փոխարեն վատ զգաց՝ ինչպե՞ս կարող է զինվորականը մեդալ ստանալ նստած, առանց զինվորական քայլքի, պատվի առնելու․ 

«Խոստացա, որ հաջորդ պարգև ստանալու ժամանակ պետք է արդեն իմ ոտքերի վրա կանգնելով, մինչև անգամ քայլելով առաջանամ ու դա ստանամ»։ 

Սարգիս Ստեփանյանը խոստումը կատարեց։ Արհեստական ոտքերով, բայց ամուր կանգնեց հողին։ Հաջորդ քայլը բանակ վերադառնալը, այնուհետ՝ մարզվելն էր, և ոչ թե պարզապես առողջ ապրելակերպի, այլ պրոֆեսիոնալ հաջողությունների համար։ Գիտեր՝ անգամ մի բազկով կարելի է եռագույն բարձրացնել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ