Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն շարունակեց շփման գծի ողջ երկայնքով խախտել հրադադարը, այլ նաև` կիրառեց աթս, սպանելով արցախցի չորս զինվորականների:
Դա վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական ամենախոշոր ագրեսիան էր ընդդեմ Արցախի: Հարկ է նշել, որ թեև 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմը բարելավել է աթս-ների հարձակումներից պաշտպանվելու մեխանիզմները, սակայն` այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու: Եւ թշնամու կողմից անօդաչուների կիրառումը նաև հոգեբանական նշանակություն ունի: Մեծ հաշվով, հայկական կողմում, և հատկապես` հայ բնակչության մեջ, դրանց դերի վերաբերյալ կա հատուկ վերաբերմունք, որը, անկասկած, գերագնահատված է: Եւ աթս-ների հարձակումների կամ դրանց միջոցով հրետանու կրակի կառավարումով հարվածների վնասներից շատ դեպքերում հնարավոր է խուսափել` ավելի գրագետ պաշտպանական միջոցառումների իրագործմամբ:
Ադրբեջանական վերջին խոշոր ագրեսիայի ժամանակահատվածը պատահական չէր ընտրված: Եւ այդ հարցում կարելի է առանձնացնել երկու հիմնական գործոն:
Առաջինն, անկասկած, հայ-ադրբեջանական բանակցություններն էին Վիրջինիայի Արլինգթոնում: Պատահական չէ, որ այդ բանակցություններին նախորդած շաբաթվա ընթացքում ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, և նույնիսկ արտգործնախարարությունը պարբերաբար տարածում էին Արցախի դեմ ԱՄՆ-ի կողմից իբր նախապատրաստվող «հակաահաբեկչական գործողության» վերաբերյալ կեղծ լուրեր: Դա, անկասկած, տեղեկատվական ֆոնի ստեղծում էր նման ագրեսիաների համար: Միաժամանակ, Ադրբեջանն էլ իր հերթին էր տեղեկատվական ֆոն նախապատրաստում, իր պաշտպանության նախարարի և տարբեր տրամաչափի խոսող գլուխների մակարդակով ռազմաշունչ հայտարարություններ անելով:
Ինչպես կարելի է դատել ամերիկյան միջնորդությամբ բանակցություններին հաջորդած հայտարարություններից` դրանք այս անգամ հիմնականում անարդյունք անցան: Եւ հստակ է, որ կողմերը չեն կարողացել փոխըմռնման հասնել ամենաառանցքային հարցերի, մասնավորապես` սահմանազատման, զորքերի հետքաշման, և վերահսկման միջազգային մեխանիզմների մշակման վերաբերյալ: Վստահաբար, Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Արցախի հետ ուղիղ բանակցություններից, սակայն նաև պաշտոնական Ստեփանակերտը պետք է պարբերաբար շեշտի իր պատրաստակամությունը` միջազգային երաշխավորների վերահսկողությամբ բանակցելու Ադրբեջանի հետ` հավասարը հավասարի սկզբունքով: Կարելի է ենթադրել նաև, որ Ադրբեջանն ամեն կերպ առաջ է տանում Արցախի զինաթափման և արցախյան բանակի կազմացրման օրակարգը: Եւ վերջին շաբաթվա իրադարձությունները նաև այդ համատեքստում է պետք դիտարկել: Ավելորդ է նշելը, որ Արցախի բնակչության անվտանգության գլխավոր երաշխավորը հայ զինվորն է, և Արցախում ինքնապաշտպանական ուժերից հրաժարվելը չի կարող նույնիսկ քննարկվել արցախյան իշխանությունների կողմից:
Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ագրեսիայի աճի գլխավոր մյուս պատճառը` Էիդ ալ-Ադհան է, կամ, ինչպես այն առավել հայտնի է թյուրքական աշխարհում` Կուրբան բայրամը: Եւ հատկանշական է, որ Ադրբեջանը, որը պարբերաբար փորձում է հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնել որպես միջկրոնական, խախտում է մահմեդական գլխավոր տոներից մեկի խորհուրդը: Էիդ ալ-Ադհան մահմեդական ամենակարևոր տոներից է, և ունի բարեգթության և առատաձեռնության խորհուրդ: Ճշմարիտ մահմեդականներին այդ տոնի ընթացքում արգելված է բռնություն կիրառել նույնիսկ թշնամիների նկատմամբ: Եւ մահմեդական աշխարհի հետ շփումներում հայկական դիվանագիտությունը կարող է հմտորեն օգտագործել Ադրբեջանի կողմից Կուրբան բայրամի ժամանակաշրջանում ագրեսիվ գործողությունների փաստը, ինչը, միանշանակ, հակասում է մահմեդական պատվիրաններին:
Ադրբեջանի քվազի-մահմեդականության և հայկական պետականության դեմ ագրեսիայի թեմաները շարունակելով, չի կարելի աչքաթող անել նաև ադրբեջանական պետական բեռնատար օդանավերի վերջին շրջանում հաճախականացած թռիչքներն իսրայելական Ուվդայի ռազմական օդանավակայան և հակառակ ուղղությամբ: Վերջին չորս ամիսների ընթացքում գրանցվել է արդեն հինգ նմանատիպ թռիչք: Այս մարտին իսրայելական «Հաարեց» պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ Իսրայելից գնված սպառազինությունն Ադրբեջան հասցնելու համար` վերջին 7 տարիներին կատարվել է Բաքու-Ուվդա-Բաքու 92 թռիչք: Այս պահին դրանց թիվը հասել է 97-ի: «Հաարեց»-ի հետաքննությունում երևում էր, որ իսրայելական սպառազինությունների ներկրման գագաթնակետերը համընկել են Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաներին ընդհուպ նախորդող և հաջորդող ժամանակահատվածներին, մասնավորապես՝ 2016 թվականի ձմռանը և գարնանը, 2020 և 2022 թվականների ամռանը և աշնանը։ Հետևաբար` վերջին ժամանակահատվածում նման թռիչքների հաճախականացումը ևս մեկ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմի:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, շատ բարձր է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի կգնա նաև Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Եւ այն, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան զորախումբը, որը կոչված էր լինելու խաղաղապահ, և կանխելու ադրբեջանական սադրանքները, ապահովելու Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև անխոչընդոտ և ապահով կապը և այլն, այս պահին որևէ կերպով չի կատարում իր գործառույթները, այլ միայն` կատարում է ադրբեջանական սադրանքներն արձանագրողի դեր: Իհարկե, վերջին ժամանակահատվածում ակտիվացել են ռուսաստանյան զորախմբի ուղղաթիռների թռիչքները դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ, սակայն դա պարզապես աշխատանքի իմիտացիա է, և կրկին պետք է նշել, որ այդ զորախմբի գործառույթը ոչ թե բեռնափոխադրումներն են, այլ` Արցախի պաշտպանությունը: Սակայն այդ զորախումբն այս պահին կա՛մ չի կարողանում, կա՛մ` չի ուզում կատարել իր վրա վերցրած պարտականությունները: Կամ էլ` երկուսը միասին:
Վերջին շաբաթվա ընթացքում ուշադրության է արժանի եվրոպական դիվանագիտական ակտիվությունը թե՛ արցախյան հիմնախնդրի, թե՛` հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ: Հստակ նկատելի է եվրոպական խոշոր պետությունների, և հատկապես` Ֆրանսիայի ձգտումը` տարածաշրջանում ամրապնդվելու: Դա պատահական չէ. Ռուսաստանի դիրքերը գնալով թուլանում են տարածաշրջանում, և ինչպես ռուսներն են ասում` «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Մեծ Մերձավոր Արևելքը և դրա մաս կազմող Հարավային Կովկասը մշտապես եղել են համաշխարհային և տարածաշրջանային տերությունների շահերի բախման թատերաբեմ: Դրանցից ցանկացածի դիրքերի թուլացումն այս կամ այն կերպով հանգեցնում է ուժերի վերադասավորման: Սակայն դա շատ հազվադեպ է տեղի ունենում առանց ցնցումների:
Հաշվի առնելով այդ բոլոր իրողությունները, թե՛ Արցախը, թե՛` ողջ Հայաստանը, պետական և հասարակական մակարդաակով պետք է գիտակցեն, որ տերությունների շահերի բախումը կարելի է օգտագործել սեփական օգտի համար, սակայն երբեք ու երբեք չի կարելի սպասել, թե` որևէ պետություն, առանց սեփական շահի, կարող է խառնվել օտար հակամարտության: Եւ պետք է նաև հստակ գիտակցել, որ խոշոր տերությունների համար հետաքրքրություն ներկայացնելու համար էլ` պետք է լինել հզոր և համարձակ: Իսկ, ինչպես լատինական ասացվածքն է ասում, բախտը բարեհաճ է համարձակների նկատմամբ: