Նոյեմբերի 22, 2024

Ինչու է ՖԲ-ն արգելափակում և ջնջում Մոնթեի նկարները

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 14, 2022

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի էջը «Ֆեյսբուք» սոցիալական էջը ջնջել է։ Պատճառը 2014թ․-ին տեղադրված Մոնթե Մելքոնյանի լուսանկարները։ Արդեն մի քանի ամիս է՝ Ֆեյսբուքը համատարած ջնջում է Մոնթեի նկարները և արգելափակում այն հրապարակողների էջերը։ Որպես արգելափակումների պատճառ՝ ՖԲ-ը նշում է․ «Ձեր գրառումը խախտում է վտանգավոր անհատների կամ կազմակերպությունների վերաբերյալ մեր չափանիշները»։ Արգելափակվել էր նաև Արցախի հանրային ռադիոյի ՖԲ-յան գրառումներից մեկը։ Մանրամասնում է Հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանը։ 

«Նոյեմբերի 25-ին Արցախի հանրային ռադիոն իր պաշտոնական էջում տեղադրել է Ավոյի լուսանկարը, գրել նրա խոսքերից և նշել, որ այսօր լեգենդար հրամանատարի ծննդյան օրն է․ նա կդառնար 64 գտարեկան։ Մոտ մեկ-երկու շաբաթ հետո ՖԲ-ից ստացա նամակ՝ որպես զգուշացում։ Նշված էր, որ գրառումներից մեկը արգելափակվել է և որ այն խախտում է ՖԲ-ի նորմերը»։

 Առաջին դեպքերը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն արձանագրել էր դեռ պատերազմի օրերին։ Վերջին երկու- երեք ամիսներին խոսքն արդեն գնում է հազարավոր արգելափակումների մասին։ Իսկ թե ինչից է խնդիրն առաջացել, մեդիափորձագետի խոսքով, կարելի է միայն ենթադրել։ 

«Արգելաձակվում են նաև լրատվամիջոցների էջեր։ Այսինքն հարցն արդեն անցել է մամուլի ազատության ոլորտ։ Ինչից է սա առաջացել՝ կարող ենք միայն ենթադրել, որովհետև ՖԲ-ը շատ փակ է։ Զուտ հղում է անում իր կանոններին, որոնք հաճախ շատ վերացական են գրված։ Եթե Վիքիպեդիան կարդանք, ապա Մոնթեի անունը շատ ուղիղ կապված է Ասալայի հետ։ Իսկ Ասալան էլ ԱՄՆ-ն հայտարարել է ահաբեկչական։ Ենթադրում եմ, որ այս կապը ՖԲ-ի մոդերացիայում հաշվի է առնվում»։ 

Սամվել Մարտիրոսյանը հնարավոր է համարում նաև, որ սա ադրբեջանական լոբբինգի և բողոքների հետևանք է։ Անհատապես լուծում տալ խնդրին բարդ է։ Մեդիափորձագետի խոսքով՝ անհրաժեշտ է պետական կառույցների գործուն միջամտությունը։ 

«Ֆեյսբուքը, բնականաբար, կառավարությունների հետ մի քիչ այլ ձևով է շփվում, քան անհատների։ Լուրը հասցվել է պետական մարմիններին։ Սպասում ենք՝ ինչ կարվի։ Մյուս տարբերակը նունպես հիմա փորձվում է։ ՖԲ-ը ունի մի կառույց, որը կոչվում է overside board։ Իրենք հավաքել են անկախ լրագրողների, փորձագետների , ստեղծել են մի խորհուրդ, որը այսպիսի վիճելի դեպքերը առանձին դիտարկում է և վճիռներ է կայացվում։ Գիտեմ, որ մի քանի նման դիմումներ ուղարկել են և մեկ դիմում ընդունվել է արդեն։ Այս պահին սպասում ենք արձագանքի»։ 

Արցախի հանրային ռադիոն բողոքարկել է ՖԲ-ի որոշումը։ Տաթև Խաչատրանի խոսքով՝ արձագանք դեռ չկա։ Սամվել Մարտիրոսյանը նշում է,որ ինչպես արգելափակումը, այնպես էլ արձագանքը ՖԲ-ի մոտ մեխանիկական է։ Եղել են դեպքեր, երբ նկարները վերականգնվել են։ Բայց դրանց թիվը շատ չնչին է։ ՖԲ-ում նաև ֆլեշմոբ էր սկսվել։ Օգտատերերը ակտիվորեն տեղադրում էին Մոնթեի նկարները՝ ի նշան սոցցանցի վարած քաղաքականության հետ անհամաձայնության։ Բայց մեդիափորձագետի խոսքով՝ այս պահին անհրաժեշտ է զերծ մնալ նման պահվածքից։ 

«Որովհետև մոդերացիան ավտոմատ է արվում։ Ռոբոտը փնտրում է, որտեղ գտնվում է այդ նկարները ջնջում է։ Հնարավորինս պետք բողոքարկել ՖԲ-ի որոշումները, եթե տալիս է այդ հնարավորությունը»։ 

Սամվել Մարտիրոսյանն անձամբ մեծ սպասելիքներ չունի։ Բայց եթե ԱԳՆ-ը հաջողվի անմիջական բանակցությունների մեջ մտնել ընկերության հետ, խնդրի լուծման որոշակի հնարավություններ կլինեն։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ