Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարության աշխատանքները անցած տարում ուղղված էին պատերազմի հետևանքով առաջացած ավերվածությունների վերացմանը և տեղահանված քաղաքացիների համար նոր բնակելի տների կառուցմանը։ Կատարված աշխատանքների մասին նաև թվերն են խոսում։ Եթե նախորդ 3 տարիներին 15-20 մլրդ դրամի աշխատանքներ էին տարվում քաղաքաշինության ոլորտում, ապա 2021 թվականին նախարարության աշխատանքների համար ծախսվել է 45 մրլդ դրամ։ Պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների թիվը 7 622 է։ Շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են սկսվել 2 988-ում, 2 445-ում աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, ևս 543 կառույցում աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում՝ ասում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
«Ավելի քան 1000 բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների տրամադրվել է շինանյութ՝ տանիքների վերանորոգման նպատակով։ Պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 2 500 հասցեներում։ Շրջվարչակազմերի կողմից ներկայացվել է 1 748 հին և տիրազուրկ տների ցանկ, որից 429-ում վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այդ տները տրամադրվել են մեր տեղահանված քաղաքացիներին, ևս 121-ում աշխատանքները ընթացքի մեջ են»։
Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև 246 զոհված զինծառայողների ընտանիքների բնակելի տներում, 125-ում աշխատանքներն արդեն ավարտվել են։ ԱՀ նախագահի հանձնարարականով ծրագիրը շարունակական բնույթ է կրելու՝ ասում է Արամ Սարգսյանը։ «Նոր բնակարանաշինության» ծրագրով աշխատանքներ են սկսվել ավելի քան 3 000 բնակելի տների կառուցման նպատակով։ Արամ Սարգսյանը ներկայացնում է նաև պետական միջոցներով իրականացված և իրականացվող աշխատանքները։
«Պետական բյուջեի ծրագրով շինարարական աշխատանքներ են սկսվել 957 բնակելի տների կառուցման համար, որից 914-ը տեղահանված ընտանիքների համար է։ Այս աշխատանքները ավարտին կհասցվեն 2022-2023 թվականներին։ 2021 թվականին պետական միջոցներով կառուցվել և շահագործման է հանձնվել 35 տուն՝ հիմնականում արագ հավաքվող կոնստրուկցիաներով։ Դրանք տրամադրվել են հիմնականում տեղահանված ընտանիքներին»։
Մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ «Սկսված են թվով 1 061 բնակելի տների կառուցման աշխատանքները, որից 300-ը ավարտման փուլում են, մի մասն արդեն իսկ տրամադրված է շահառուներին։ Բարեգործական ծրագրերով սկսված են 192 տան կառուցման աշխատանքներ։ Մասնավոր ընկերությունների կողմից ընթացքի մեջ է 751 նոր բնակելի տների կառուցման աշխատանքները»։ Մոտ 2 տարի է բնակարանաշինությունն Արցախում մեծ թափ է ստացել, բայց ե՞րբ բոլոր կարիքավորները բնակարանով ապահովված կլինեն, Արամ Սարգսյանն է պատասխանում։
«Հանրապետության նախագահի հանձնարարականով բնակարանաշինության ծրագրերը մեծ թափ են ստանում այն նկատառումով, որ Արցախում չպիտի լինի մի ընտանիք, որը չունի իր սեփական բնակարանը։ Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին բնակարանաշինության ծրագրերի ծավալները մեծանալու են»։
2021թ․ բնակարանաշինական ծրագերն իրականացվել են Ստեփանակերտին մոտ համայնքներում։ 2022թ․ նախատեսվում է աշխատանքներն իրականացնել հիմնականում Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Բնակարանաշինության ծրագրերի հետ մեկտեղ 2021թ․ նաև մեծածավալ ճանապարհաշինարարական, արտաքին լուսավորության ցանցերի, գազամատակարարման և ջեռուցման համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվել։
«2021թ․ ավարտվել են մայրուղուց մի շարք համայնքներ տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները․ այդ թվում Խնձրիստան-Հիլիս, Բերդաշեն-Աշան, Առաջաձոր-Հարությունագոմեր, Քերթ-Կարմիր Շուկա-Թաղավարդ, Հաթերք-Զարդախաչ-Մաղավուզ, Ստեփանակերտ-Խնածախ-Այգեստան ավտոճանապարհները։ Ընթացքի մեջ են Պողոսագոմեր, Մեծ Շեն, Աղաբեկլանջ, Մոխրաթաղ գյուղեր տանող ավտոճանապարհների կառուցման աշխատանքները»։
Ընթացքի մեջ են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ 27 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որը մոտ 20-25 կմ-ով կկրճատի գործող Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը։ Այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում՝ ասում է քաղաքաշինության նախարարը։ «Աշխատանքներ են իրականացվում մայրուղուց Դահրավ, մայրուղուց Աստղաշեն-Պատարա ավտոճանապարհների կառուցման համար, որը նույնպես շահագործման կհանձնվի ընթացիկ տարում։ Համահայկական հիմնադրամի միջոցներով ասֆալտապատվել են մայրուղուց Կաղարծի-Պառավաթումբ, մայրուղուց Վերին Հոռաթաղ և Կոճողոտ տանող ավտոճանապարհները»։ Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագրով կառուցվել են մի շարք տրանսֆորմատորային ենթակայաններ։ Ընթացքի մեջ են Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհի լուսավորության աշխատանքները, որի ավարտման ժամկետները երկարաձգվել են։ Այն նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարում։ Աշխատանքներ են տարվել նաև գազամատակարարման ուղղությամբ։ «Շրջվարչակազմերի կողմից ներկայացված հայտերի համաձայն, ջեռուցման համակարգերի արդիականացման ծրագրով, գազաֆիկացվել են ավելի քան 80 բնակելի տներ»։ Պատերազմից հետո քաղաքաշինության նախարարության գործունեությունից հանրության շրջանում բողոքներ են եղել։ Նախարարը ընդունում է, նաև պարզաբանում․
«2021թ․ մոտ 250 դիմում տարբեր պատճառներով չենք ընթացքավորել։ Պարզ է, որ մարդիկ պիտի դժգոհ լինեին»։
2022թ․ գերատեսչության համար խոստանում է լինել ոչ պակաս ակտիվ։ Ընթացող շինարարության ծավալներն ու ծրագրերն այդ մասին են վկայում, նախատեսված բյուջեն՝ նույնպես։ Ընթացիկ տարում քաղաքաշինության ոլորտին հատկացված է 30 մլդ դրամ։‸