Նոյեմբերի 22, 2024

Ինչպիսի՞ն է Ստեփանակերտի սեյսմակայությունը

By Անի Աբաղյան Փետրվարի 14, 2022

Պատերազմից հետո Արցախում բնակելի շենքերի սեյսմակայունությունը թուլացել է մի քանի անգամ: Շենք շինությունների սեյսմակայունության բաժնի գլխավոր մասնագետ Մինաս Մինասյանն ասում  է՝ կան շենքեր, որոնց շահագործման ժամկետը լրացել և, հակառակ   մաշվածության,  շարունակվում են շահագործվել: 

«Ստեփանակերտ քաղաքի տարբեր շինություններ ունեն սեյսմակայունության տարբեր աստիճաններ: Հին շենքերը կարող են դիմանալ  երկրաշարժի  5-6 մագնիտուդով ցնցումների, իսկ նորակառույց շենքերը՝ մինչև 9-ը և ավելի»:

 Մասնագետը նշում է, որ շենքի՝ սեյսմակայունության աստիճանի փոփոխությունը կախված է նաև շենքը շահագործողներից: 

«Յուրաքանչյուր շենք շինություն լինի խանութ, բնակելի շենք թե հիվանդանոց՝ առաջինը պետք է պահպանվի բնակիչների կողմից: Լինում են դեպքեր, երբ կոյուղաջրերը կամ այլ ջրեր լցվում են հիմքի մեջ և պատճառ դառնում սեյսմիկ կայունության թուլացման»:

 Պատերազմից հետո սեյսմիկ կայանի արևելյան ծառայությունը հետազոտել է պատերազմից տուժած շենք շինությունները և դասակարգել ըստ վնասվածության աստիճանի: Այդ աշխատանքներն, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում դեռ ընթացքի մեջ են: Ինչպե՞ս է աշխատում երկրաշարժերի կանխատեսման համակարգը: Եվ, ընդհանրապես, հնարավո՞ր է կանխատեսել երկրաշարժը:  Աշխարհի տարբեր սեյսմակայաններում երկրաշարժերի վայրն ու ժամը հստակ որոշել չի հաջողվում, Արցախում  նույնպես՝ ասում է ծառայության փոխտնօրեն Հրանուշ Դանիելյանը:  Այստեղ լաբորատորիայում կատարվող հետազոտությունները ոչ ստույգ, բայց կարողանում են կանխագուշակել երկրաշարժերի մագնիտուդը: Արցախում կանխատեսումն իրականացվում է հիմնականում թթու՝ հանքային  ջրի հետազոտման միջոցով: Ըստ  ջրի բաղադրության   փորձագետները հասկանում են, թե մոտավորապես որտեղ և քանի բալանոց երկրաշարժ է լինելու: Պատերազմից հետո սեյսմիկ ծառայությունը կորցրել է Հադրութի, Շուշիի և Բերձորի  կայանները՝  նշում է ծառայության փոխտնօրեն Հրանուշ Դանիելյանը: 

«Տվյալների հավաքման կայաններից ամենաճիշտ տվյալները հաղորդում էին Բերձորի էլեկտրաչափական կայանից, Շուշիում ունեինք ջերմոսֆերային դիտակետ, որը յուրահատուկ էր մեզ համար, այդպիսի կայան կա նաև Հայաստանում»:

 Ցնցումների ժամանակ առաջին խորհուրդը, որ տալիս է բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկանուշ Եսայանը խուճապի չմատնվելն է: Նրա խոսքով ամեն տարի մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում և այլ հաստատություններում անցկացվում են իրազեկման դասեր: 

«Մեր դասախոսություններից բացի  կատարում ենք նաև փորձնական վարժանքներ՝ պարզելու՝ որքանով են աշխատակիցներն ու երեխաները յուրացրել այն»:

 Ինչպես յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում, այնպես էլ երկրաշարժի ժամանակ կարևորն անելիքն իմանալն է: Մասնագետների խոսքով՝ խուճապը ծնվում է չիմացությունից:

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022 10:45
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ