Նոյեմբերի 22, 2024

Երբ թելադրողը պարեղանակն է

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 30, 2022

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ամֆիթատրոնը երեկ մարդաշատ էր։ Առիթը պարի միջազգային օրն էր։   Այստեղ առավոտից մինչև ուշ երեկո  պարում էին․ ազգայինից մինչև ժամանակակից պարեր։ Առավոտյան բեմը  Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի սաներինն էր։ Արցախյան երրորդ պատերազմից հետո առաջին անգամն է, որ քոլեջի սաները համերգով են հանդես գալիս՝ ասում է  քոլեջի տնօրեն Ստելլա Զաքարյանը․

«Մեկժամյա ծրագիր ենք ներկայացրել, որի ընթացքում շեշտը դրել ենք հիմնականում հայկական պարերի վրա, նաև իսպանական, ռուսական և այլ ժողովուրդների ազգային պարեր ենք ներկայացրել։ Այս պարային ծրագրով նախապատրաստվում ենք նաև տարեկան հաշվետու համերգին»:

Բեմը  փոքրերինն էր։ Շատ երեխաներ առաջին անգամ էին  զգում  մեծ բեմի հաճույքը։ Նրանց համար կրկնակի տոն էր։  Այնքան, որ  նույնիսկ անձրևը  չխանգարեց նրանց տրամադրությանը․

«Շատ լավն էր մեր համերգը, շնորհավորում եմ բոլորին»։ 

«Համերգը շատ լավ էր կազմակերպված, մեր բալիկները գեղեցիկ ելույթներ ունենացան։ Անձրևը փորձեց խանգարել, բայց մեր բալիկները համառորեն շարունակեցին պարել և ուրախացնել մեզ»։ 

 Օրվա երկրորդ կեսին հանդես եկան  «Արցախի բալիկներ» համույթի սաները՝ հայկական ազգագրական պարերից մինչև գնչուական համարներով։ Ամեն օր  էլ տոն է, եթե պարում ես, պարով ես ապրում՝ ասում է պարուսույց Գայանե Դանիելյանը։ Նրա սաները ներկայացան ռուսական պարային համարով։

«Ոգևորվածությունը շատ մեծ է, համերգներին էլ անհամբերությամբ են սպասում։ Երեխաները պարի լեզվով ցույց են տալիս իրենց զգացմունքները, տրամադրությունը»։

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը  գոհ է համերգից։ Ասում է՝ հաջողվել է  տոնական շունչ  հաղորդել օրվան, պարին հատուկ լեզվով նույնիսկ ամենափոքր մասնակիցը պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը․

«Երեխաներ կան, որոնք առաջին անգամ են բեմում, նրանց համար ընտրել ենք ավելի թեթև ժանրեր, իսկ ահա բարձրդասարանցիները կատարեցին ավելի բարդ պարային համարներ։ Աշխատում ենք այդ տարիքի երեխաներին տանել ավելի շատ ազգային պարերի գծով։ Սա էլ մի ձև է պահպանելու ազգայինը»։

Տոնական օրվա վերջին  ելույթը   Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցինն էր։ Նրանց ծրագրում գերակշռում էին ժամանակակից պարերը։ 

Արցախի հանրային ռադիո
Last modified on Շաբաթ, 30 Ապրիլի 2022 19:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ