Նոյեմբերի 23, 2024

«Ապրելու Ձայնը»Արցախի ձայնն է՝ մշակույթի լեզվով

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 02, 2022

Գրական հանդիպումներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, մրցույթներ․ Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ տարբեր համայնքներում՝ ասում է համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ու ամփոփում  կատարված աշխատանքը․ 

«Որոշեցինք, որ ծրագրերը պետք է ընթանան ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև շրջաններում՝ փորձելով գրականության և մշակույթի նոր շունչ հաղորդել գյուղերին։ Այդ պատճառով Ստեփանակերտից մինչև սահմանամերձ դարձած Նոր շեն, մինչև Աշան, Ճարտար ու Մարտակերտ  «Ապրելու ձայնը» խորագրի ներքո տարբեր գրական-մշակութային միջոցառումներ կազմակերպվեցին»։

 Փառատոնի  հանդեպ  մարդկանց հետաքրքրվածությունը նկատելի էր՝ ասում է Հերմինե Ավագյանը, ապացույցը՝ համայնքներում երիտասարդների ակտիվ մասնակցությունն էր կազմակերպված հանդիպումներին ու միջոցառումներին․ 

«Մշակույթը, որ գրողները այցելում են գյուղեր, հանդիպում դպրոցականների, երիտասարդների հետ, կարծես, հեռացել էր մեզնից։ Ոգևորության ալիքը, որ մեզ հետ միասին գյուղերում էին նաև Մայր Հայաստանից և արտերկրից ժամանած մտավորականներ, անմիջապես նկատվեց բոլոր համայնքներում։ Այն արտահայտվեց նաև դպրոցականների կողմից կազմակերպված միջոցառումներով»։ 

Հերմինե Ավագյանը համոզված է, որ «Ապրելու ձայնը» կանչ է, որն արձագանք է ունենալու, մեկնարկ, որը  շարունակություն է ունենալու։ Նախաձեռնության հեղինակ,   երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանը կարծում է, որ յոթօրյա ծրագիրը ապացուցեց, որ հետպատերազմյա Արցախն ուներ այս միջոցառումների կարիքը, փառատոնը հաջողվել է ՝ ասում է 

«Բնականաբար միջոցառումների ընթացքում նկատվեցին թերություններ, որոնք անպայման կշտկվեն։ Մեծ հաշվով, սակայն, ծրագիրը հասավ իր նպատակին, ինչը ենթադրում է,որ այն ամենամյա բնույթ կկրի։ Կարծում եմ՝ տարեցտարի «Ապրելու ձայնն» էլ ավելի լսելի կլինի և ի լուր աշխարհի կհայտարարի, որ արցախցին այստեղ ապրում և ապրելու է»։ 

Նման փառատոնների կազմակերպումը կարևոր է համարում ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, նշում, որ նախարարությունը միշտ աջակցում է գրական-մշակութային միջոցառումների կազմակերպմանը։

 «Հայրենասիրական վեհ գաղափարների ամրագրման գործում բավականին կարևոր է նման գրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպումը, հատկապես մեր Արցախ աշխարհը պահպանելու համար։ Նման միջոցառումները կնպաստեն Արցախի  բարգավաճմանն ու զարգացմանը»։ 

Փառատոնի անցկացումը   կարևորում է  նաև Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։ Նա շնորհակալություն է  հայտնել միջոցառման նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու մասնակիցներին, նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ գործուն աջակցության համար։ 

«Բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել։ Մեր բնակչությունը մեծ բավականություն է ստացել։ 44 –օրյա պատերազմում շատ կորուստներ ունեցանք և կարծես Արցախը կորցրել էր նաև ապրելու իր ձայնը։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ նման ծրագրերի միջոցով լսելի է դառնում Արցախի ձայնը»։

 Արցախի Գրողների միության կողմից պատվոգրեր են հանձնվել Հերմինե Ավագյանին և Սերգեյ Սաֆարյանին։ «Ապրելու ձայնը» խորագրով փառատոնի կազմակերպիչներն էլ պագևատրել են յոթօրյա միջոցառումների շրջանակում կազմակերպված գրական-ստեղծագործական մրցույթի հաղթողներին։ Փառատոնի  փակման արարողությանը մենահամերգով հանդես է եկել հայտնի երգչուհի  Շուշան Պետրոսյանը։   

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 02 Հուլիսի 2022 15:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ