Նոյեմբերի 24, 2024

Մշակութային վերածնունդը՝ ռազմավարություն

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 21, 2022

Աշխատավարձերի  բարձրացում, մասնագետների պակաս, հաստիքների կրճատում, շենքային պայմանների բարելավում, անհրաժեշտ գործիքների համալրում. խնդիրնեը, որոնք  կան մշակույթի ոլորտում, այսքանով  չեն վերջանում։ Սրանք հարցեր են, որոնք մեկը մյուսին շարունակելով հնչեցրին մշակույթի և արվեստի գործիչները, որոնք այսօր եկել էին հանդիպելու պետնախարարի հետ։ Նման ձևաչափի հանդիպումները կարևոր են՝ ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկելու և   համակարգային բարելավումներ կատարելու համար՝ ասում է Արտակ Բեգլարյանը։ Պատերազմը ցույց տվեց, որ այս դաշտում էլ կային թերություններ։ Մշակութային վերածննդի անհրաժեշտություն կա՝ ասում է. 

«Եթե մենք կցկտուր հատվածական լուծումներ տանք, ապա լինելու է այնպես, ինչպես միշտ։ Մեզ համար կարևոր են, որ մեր ռազմավարական  նպատակներն ու ուղղությունները հստակեցրած լինենք ու հետևողական աշխատանքով  տարիների, տասնամյակների աշխատանքով հասնենք մեր նպատակներին։ Մենք պետք է համատեղ աշխատենք»։

 ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի դիտարկմամբ՝  կարևոր  հիմնախնդիրներից  է իրավական դաշտում թույլ տրված խախատումները, որոնք ըստ նախարարի, պայմանավորված են և՛ մասնագետների պակասի, և՛ աշխատավարձերի ցածր լինելու հետ։ Նախարարն ադրադարձավ նաև վերջին շրջանում քննարկումների առիթ հանդիսացած  հաստիքային կրճատումներին, պարզաբանում է․ 

«Բոլոր ստեղծագործական կենտրոները իրար  հետ կապված են և նույն մասնագետը, կամա թե ակամա, աշխատում է տարբեր ՊՈԱԿ-ներում, դրա պատճառը մասնագետների պակասն է։  Որոշ մասնագետներ  օրինական կերպով են աշխատել, որոշներն  էլ՝ անօրեն։ Արդյունքում օրենք է խախտվել, և ինձ այս պահին մեղադրում են, որ ես աշխատանքից ազատել եմ մարդկանց։ Դա այդպես չէ՝ միտումնավոր ոչինչ չի արվում, փորձում ենք ոլորտում պահպանել օրինականությունը»։

 Անահիտ Հակոբյանի խոսքով՝ նման խնդրի հիմքը  ցածր աշխատավարձն   է: Այս կարծիքին են նաև ոլորտի ներկայացուցիչները։ ԿԳՄՍ նախախարը առաջարկում է վերանայել պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ու թեկուզ քիչ, բայց ավելացնել մշակութային գործունեություն ծավալողների աշխատավարձերը և հստակ պահանջներ դնել նրանց առաջ․ պատրաստել իրավահաջորդներ և համապատասխան մասնագետներ։ Պետնախարարը խոստացավ հետամուտ լինել խնդրի կարգավորմանը։

 «Ընդունում եմ, որ մշակույթի ոլորտում աշխատավարձը շատ-շատ ավելի ցածր է, քան պետք է լիներ։ Կարծում եմ, որ պետք է առաջիկա տարիներին փուլ-փուլ բարձրացնենք, միանգամից   չի ստացվի, դա կախված է առկա հնարավորություններից։  Իմ լիազորությունների շրջանակներում հաջորդ տարվա մասով որոշակի լուծումներ կտրվեն»։

   Հանդիպմանը մի խումբ գործիչներ առաջարկեցին ԿԳՄՍ նախարարությունից առանձնացնել մշակույթի ոլորտն  ու ստեղծել առանձին գերատեսչություն։ Պետնախարարի խոսքով՝  հարցը կքննարկվի  և  հիմնավոր պատճառներ հայտնաբերելու դեպքում՝   անհրաժեշտ միջամտություն կցուցաբերվի:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 21 Հուլիսի 2022 17:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ