Կոմիտաս, Բաբաջանյան, Կաչչինի, Շուման, Շուբերտ. Արցախի պետական երգչախումբը Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների հետ մեկտեղ երաժշտական երեկոյի ընթացքում ներկաներին մատուցեց անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Դենիս Գևորգյանը 5 տարի է՝ մանկական երգչախմբի անդամ է, սա նրա առաջին համերգը չէ, ասում է՝ տպավորված է հանդիսատեսի ջերմ ընդունելությունից:
«Ուրախ եմ մասնակցել համերգին, «Ծիածան» երգչախմբից մի քանի հոգի ենք մասնակցել ու կատարել «Ավե Մարիա» ստեղծագործությունը: Կցանկանայի էլի մասնակցել այսպիսի համերգների»:
Հաճախակի են պատկերասրահում կազմակերպում նման միջոցառումներ՝ ասում է երգչախմբի ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանը:
«Ամեն ամիս հանդես ենք գալիս այսպիսի միջոցառմամբ: Առաջին ծրագիրը բարոկկո էր՝ վերածնունդ, երկրորդը՝ դասական: Այս համերգն էլ ռոմանտիկ դասական է»:
Նման միջոցառումների կազմակերպումը հատկապես կարևոր է ներկա շրջանում՝ ասում է Նինա Գրիգորյանը, մենք պետք է մեր միասնականությունը ցույց տանք նաև այսկերպ :
«Մեր պարտքն է մարդկանց մատուցել մաքուր, դասական երաժշտություն: Նաև այսկերպ հույս տալ այս դժվարին օրերին, ոգեշնչել մեր հայրենակիցներին»:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Յախշիյանը համակարծիք է: Փառատոնի նպատակն է հնարավորություն ընձեռել ՝ կտրվելու առօրյա հոգսերից։ Մենք նաև ուսուցողական ու դաստիարակչական նպատակ ենք հետապնդում՝ ասում է․ դպրոցահասակները ծանոթանում են անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Նման փառատոնները շարունակական կլինեն: Նինա Գրիգորյանը լիահույս է, որ իրենց նախաձեռնությունը հավանության կարժանա․ եթե համապատասխան մարմինների կողմից լինի աջակցություն՝ հնարավորություն կստեղծվի Արցախ հրավիրելու նաև արտասահմանյան երգչախմբերին ու անհատ կատարողներին: