Հայերը քաղաքակիրթ մարդկությանը հսկայական մշակութային ժառանգություն են թողել՝ հուշարձանների ու մշակութային այլ արժեքների տեսքով։ Ցավոք, նրանց մեծ մասը, որոնք պատմական այս կամ այն ժամանակաշրջանում հայտնվել են ոչ հայկական վերահսկողության տակ, վանդալիզմի ու ժամանակի զոհ են դարձել ու շարունակում են դառնալ նաև այսօր, երբ թվում է՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման մեխանիզմներ ստեղծվել են։ Այդ մեխանիզմները, սակայն, հաճախ չեն գործում կամ ոտնահարվում են, կիրառվում են երկակի ստանդարտներ։ Այդ արատավոր երևույթներն Արցախն իր մաշկի վրա բազմիցս է զգացել։ ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը հաստատում է՝ Արցախի մշակութային ժառանգության վտանգված լինելու մասին ահազանգ բազմաթիվ միջազգային կառույցների են հղվել․ արձագանքները հուսադրող չեն։
«Ցավոք այստեղ էլ երկակի ստանդարտներ են գործում։ 44-օրյա պատերազմից հետո մենք դիմել ենք միջազգային տարբեր կազմակերպությունների, որոնք զբաղվում են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանմամբ, բայց խոստումներից ու հայտարարություններից բացի գործնական քայլեր չեն եղել։ Վտանգավոր շատ գոտիներում, ասենք՝ Սոմալի կամ Աֆղանստան, այդ կազմակերպությունները փաստահավաք խմբեր կարողանում են գործուղել, իսկ Արցախ՝ ոչ։ Ցավալի է, որ 21-րդ դարում աշխարհը շարունակում է երկակի ստանդարտներ կիրառել»։
2020 թվականի պատերազմից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողներ և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշներ գտնվում են ոչնչացման վտանգի տակ: Բացի հայկական հուշարձանները ոչնչացնելուց, Ադրբեջանը նաև հետևողական ու նպատակաուղղված աշխատանք է տանում պատմական ակնառու փաստերը խեղաթյուրելու ու հայկական մշակութային ժառանգությանն, այսպես ասած, աղվանական ծագում վերագրելու ուղղությամբ։ Դրան զուգահեռ
«Ադրբեջանը փոխում է քաղաքականությունը, նույնիսկ ուղղափառացնում են որոշ հայկական հուշարձաններ։ Վերագրում են աղվանական ծագում, ոչնչացնում են։ Աֆղանացման գործընթացը Ադրբեջանը սկսել է դեռևս անցյալ դարի 60-ական թվականներից, Զիյա Բունիաթովի՝ ադրբեջանցիներին աղվանական ծագման կոնցեպտը ներմուծելով»։
Այս ամենը բնականաբար, ինքնանպատակ չի արվում․ իրականում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների ու հուշարձանների ոչնչացումը, դրանց ծագման մասին սեփական վարկածը միջազգային ատյաններում առաջ մղումն ու հայկական ծագման ժխտումը այս տարածաշրջանում հայկական հետքի վերացման ցեղասպան ծրագրի մի մաս է։ Միջազգային կառույցները, այդ թվում և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, լավագույն դեպքում լռությամբ հետևում են այդ գործողություններին, կամ չեն տեսնում այն, ինչ կատարվում է անգամ համաշխարհային արժեք ներկայացնող կոթողների հետ։ Թե որքանո՞վ են համարժեք հայկական կողմի պատասխան գործողությունները, դժվար է ասել, Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ ներուժի ներածին չափով ՀՀ ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատում են փրկել հայկական մշակութային ժառանգությունը, որ մնացել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Անցյալ տարի ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության պետական խորհուրդ, որի միջոցով էլ համակարգվում են այդ աշխատանքները։
«Թե Արցախի, թե ՀՀ համապատասխան կառույցների աշխատակիցներ, թե փորձագետներ ներգրավված են այդ կոմիտեում։ Նպատակն է ճշգրտել բոլոր կորսված տարածքների հուշարձանների, թանգարանային ցուցանմուշների ցանկը։ Ցավոք, դեռ անլուծելի է հարցը, որ միջազգային մոնիթորինգային խումբ ուղարկվի ու այդ ամենին տեղում ծանոթանա»։
2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում, որն Արցախում պատերազմի դադարեցման հիմքն է դարձել, ցավոք չեն կարգավորվում պատմական հուշարձանների պահպանության հարցերը։ Գոյություն ունի սակայն «Զինված ընդհարման դեպքում մշակության արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիան, որը կոչ է անում զինված բախումների ժամանակ դիտավորյալ չվնասել հուշարձանները։ Ադրբեջանը, գիտենք, ուշադրություն չի դարձնում նաև միջազգայնորեն ընդունված փաստաթղթերին։ Բայց միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատական տալու ու երկակի ստանդարներից հրաժարվելու կամք պիտի ունենան, որպես համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության իրական երաշխավոր։